Արևմտամետ քաղաքական ուժերն ու քաղհասարակության ներկայացուցիչները սեպտեմբերից կսկսեն ստորագրահավաքը՝ Եվրամիության անդամակցության համար հանրաքվե անցկացնելու պահանջով։ Որպեսզի հարցը մտնի Ազգային ժողով, անհրաժեշտ է առնվազն 50 հազար ստորագրություն։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղեկացրեց, որ զուգահեռ նաև օրենքի նախագծի վրա են աշխատում, որպեսզի թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), թե՛ խորհրդարանը մերժելու հիմքեր չունենան։
«Մեզ խոսակցություններ էին հասնում, որ իշխանությանը բացարձակ ձեռնտու չի, որ մենք 50 հազար ստորագրություն հավաքենք ու իրենք էլ մերժեն, դրա համար պետք է այնպես անել, որ ընդհանրապես օրենքը հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մերժվի, և իրենք էդ բարդության առաջ չկանգնեն: Դրա համար մենք մաքսիմալ անխոցելի ենք արել, ու դա մերժելու հնարավորություն չկա, ես կարծում եմ», - հայտարարեց Արամ Սարգսյանը:
Նախագծի մասին շատ չակերտներ չբացեցին, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժման համար նախապես չպատրաստվի։ Եթե 50 հազար ստորագրությունը հավաքվի, բայց ԿԸՀ-ն կամ ԱԺ-ը չընդունի հանրաքվե անցկացնելու մասին օրենքի նախագիծը, ապա հաջորդ քայլը, որ կարող են եվրոպամետ ուժերն անել, արդեն 300 հազար ստորագրություն հավաքելն ու խորհրդարանը շրջանցելով հանրաքվե անցկացնելն է։
Կշարունակե՞ն գործընթացը, թե՝ ոչ, եթե պահանջվի 300 հազար ստորագրություն հավաքել. - «Ես չեմ կարող այսօր ձեզ խոսք տալ, որ 50 հազարից հետո չարեցին, միանգամից գնալու ենք 300 հազարի, ոչ, տենց բան չեմ ասում: 50 հազարից հետո եթե չարեցին, չընդունեցին, այն ժամանակ կհավաքվենք, կմտածենք, նորից կգանք Գյումրի, նորից մեր ժողովրդի հետ կզրուցենք, ժողովրդին կասենք՝ ժողովուրդ, ի՞նչ եք ասում, գնա՞նք էդ 300 հազարը հավաքելու, թե՝ չէ: Եթե տեսնենք ժողովուրդն ասում է՝ պատրաստ եմ, գնացեք 300 հազարի, չկասկածեք, որ մենք էդ կանենք»:
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը կարծում է, որ իշխանական քաղաքական թիմում էլ այս հարցի շուրջ տարակարծություններ կան։ Ամեն դեպքում ակնկալում է, որ հանրաքվեի առաջին ստորագրողներից մեկը վարչապետ Փաշինյանն է լինելու։
«Ի վերջո վարչապետը մայիս ամիսն Դանիայում հայտարարեց, որ ինքը կուզեր Հայաստանն այս տարի դառնար Եվրամիության անդամ: Էս նախաձեռնության առաջին ստորագրողը պիտի վարչապետը լինի», - ընդգծեց Բաբաջանյանը:
«Իրենց հրավիրում ենք, որպեսզի տեր լինեն այն օրակարգին, որի մասին ամեն օր հայտարարում են»
Եթե իշխանություններն անկեղծ են իրենց իսկ կողմից ձևավորած օրակարգին, ապա պետք է այս նախաձեռնության կողքին լինեն, կարծում է Բաբաջանյանը։
«Մենք իրենց հրավիրում ենք, որպեսզի տեր լինեն այն օրակարգին, որի մասին իրենք ամեն օր հայտարարում են: Եթե անկեղծ են, ուրեմն պիտի այստեղ լինեն: Մենք հույս ունենք, որ բանը 300 հազարին չի հասնելու», - ընդգծեց նա:
Եթե Հայաստանը չի փոխելու իր արտաքին քաղաքական վեկտորը, ապա ըստ Արամ Սարգսյանի՝ հարց է առաջ գալիս՝ 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ իշխանափոխություն։
«Եթե այն, ինչ որ կար աշխարհաքաղաքական առումով, Հայաստանի տեղի, դերի առումով, մնալու է նույնը, ուրեմն այդ իշխանափոխություն էր: Իսկ եթե Հայաստանը պիտի իր ուղղությունը փոխի, հեղափոխությունից հետո բոլորի մոտ հարց է առաջանում Հայաստանը մնալո՞ւ է Ռուսաստանի հետ նույն ուղեծրում, թե՞ իր ուղղությունը փոխելու է: Էդ ումի՞ց պիտի հարցնենք, ժողովրդից», - ասաց Սարգսյանը:
Այս նախաձեռնությունը ոմանց կարծիքով ժամանակավրեպ է, հիմա Եվրոպական միությունում Հայաստանին չեն սպասում։ Հակադարձում են, թե ով գիտի ճիշտ պահը երբ է, որ ժամանակավրեպ են համարում։
Հայաստանի համար այս հանրաքվեն լրացուցիչ անվտանգության երաշխիքներ կարող է տալ, ասում է Արման Բաբաջանյանն ու մատնացույց անում Բաքվում կայացած Պուտին-Ալիև հանդիպումը։
«Նաև այն բոլոր վտանգներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ Պուտինի Բաքու այցից, կարծում եմ, մենք մաքսիմալ կարող ենք անվտանգային բարձիկներ ապահովել մեզ համար, եթե կարողանանք այս նախաձեռնությունն իրապես իրագործել, կյանքի կոչել», - նշեց Բաբաջանյանը:
Ի դեպ, Արամ Սարգսյանը հայտնեց, որ նամակ է ուղարկել վարչապետին, Փաշինյանն ասել է, որ արձակուրդից վերադառնալուց հետո կհանդիպի իրենց։