Ալլա Օքմինյանը ցանկանում է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացվի: Ֆեյսբուքից է տեղեկացել, որ արևմտամետ ուժերի նախաձեռնած ստորագրահավաքն այսօր է մեկնարկել, եկել ու իր ստորագրությամբ հաստատել է այդ ցանկությունը: Նախագիծն ԱԺ-ում քվեարկության կդրվի, եթե առաջիկա 60 օրերին 50 հազար քաղաքացի միանա ստորագրահավաքին:
«Ազատության» հարցին, թե եթե Հայաստանի կառավարությունը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ չի ներկայացրել, ապա ի՞նչ հույսով են ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվեի նախագիծն ԱԺ ուղարկելու, նախաձեռնողներից «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Մենք ուզում ենք, որ ՀՀ իշխանությունը ասի, որ ինքն ուղենիշ է վերցրել ԵՄ անդամակցության»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմտամետ ուժերը ստորագրահավաք կսկսեն՝ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնելու պահանջով
ԵՄ-ին անդամակցելը երկար ժամանակ է ենթադրում, հանրաքվեն վերջին քայլն է. Արթուր Հովհաննիսյան
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հիշեցնելով այս թեմայով հունիսին ԱԺ-ում կայացած լսումները, պնդեց՝ իշխանությունը միշտ է հստակ խոսում եվրոպական ձգտումների մասին, բայց օբյեկտիվ իրականությունն այն է, որ ԵՄ-ին անդամակցելը երկար ժամանակ է ենթադրում: Օրենքի պահանջը հիշեցնելով՝ ընդգծեց հանրաքվեն ԵՄ-ին անդամակցելու վերջին քայլը պետք է լինի։ Իշխող ուժի ներկայացուցիչը, սակայն, չհստակեցրեց՝ եթե նախագիծը խորհրդարան հասնի, կողմ, թե դեմ կքվեարկեն. - «Այս իրադարձությունները ստիպել են մի քիչ շատ ակնկալիք ունենալ միշտ։ Պետք է մի քիչ զուսպ լինենք ակնկալիքների առումով, ԵՄ անդամակցելու գործընթացում հանրաքվեն ամենավերջին քայլն է, որովհետև կարող է հանրաքվե անես, պարզվի, որ Եվրամիությունում քեզ ոչ մեկը չի սպասում»։
Արամ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը, Եվրամիության ուղին բռնելով, ԵԱՏՄ-ում չի կարող մնալ
Արամ Սարգսյանի կարծիքով՝ այսպիսի պատասխաններով իշխանությունը խուսափոխական վարք է դրսևորում: Նրա համոզմամբ՝ Հայաստանը, Եվրամիության ուղղություն բռնելով, ԵԱՏՄ-ում չի կարող մնալ։
«Սրանից է վախենում իշխանությունը,- պնդում է նա, - Մենք մեր գործն անում ենք, իրենք թող իրենցն անեն՝ կուզեն թող խորհրդարանի երկու խմբակցությունների հետ դեմ քվեարկեն, դա իրենց խնդիրն է։ Դրանից հետո մենք 300 հազարը կհավաքենք, կերևա՝ սպասելիքները ուռճացված են, թե չէ։ Եթե իրենք վախենում են ժողովրդի կարծիքն իմանալուց, եթե ժողովուրդը դեմ է լինելու դրան, ուրեմն թող ասեն, որ մեր ուղղվածությունը դեպի Միութենական պետություն է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԸՀ-ն բավարարել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին 51 քաղաքացիների դիմումըԵՄ անդամակցության գործընթացը խաղաղության գործընթացի մասին է. Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ասում է՝ հանրաքվեով ռազմավարական շրջադարձի ու արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց են ուզում դնել։
«Երբ մեզ ասվում է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որ Եվրամիությունը պատրաստ կլինի մեզ ընդունել, վիզաների ազատականացման շուրջ այս երկխոսությունը համարո՞ւմ եք պատրաստակամություն ԵՄ կողմից, թե՞ ոչ։ ԵՄ անդամակցության գործընթացը խաղաղության գործընթացի մասին է, և եթե իշխանությունները խաղաղության գործընթացի առաջամարտիկներն են, ես շատ կզարմանամ, որ նրանք և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները նույն կերպ քվեարկեն», - ասաց նա։
ՍԵՊԱ-ից ոչ մի քայլ առաջ այս իշխանությունները չեն գնացել. Հայկ Մամիջանյան
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ չհստակեցրեց, թե ինչպես կքվեարկեն, երբ այս նախագիծն ԱԺ հասնի: «Իսկ որ հանրաքվեն ԵՄ-ին անդամակեցելու վերջին քայլն է, իշխանությունը պետք է նախ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին տեղեկացներ»,- հեգնեց Մամիջանյանը։
ԱԺ ղեկավարն այս հունիսին էր Լատվիայում ասել՝ ինչ-որ մի օր՝ մոտ ապագայում, ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք։ Հետո նրա օգնականն ասել էր՝ դա Սիմոնյանի անձնական դիրքորոշումն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարծում եմ՝ ինչ-որ մի օր՝ մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք»․ Սիմոնյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե չի կարող անցկացվել, դա վերջին փուլն է. սահմանադրագետ
Մամիջանյանն, անդրադառնալով նաև այսօր մեկնարկած ստորագրահավաքին, ասաց՝ ամենալայն եվրոպական կապերը ԵՄ-ի հետ ունի ՀՀԿ-ն՝ Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է իրենց իշխանության օրոք։
«Դրանից ոչ մի քայլ առաջ այս իշխանությունները չեն գնացել։ Վեց տարի է անցել իրենց իշխանության, իսկ ՍԵՊԱ-ից անցել է 8, վերջերս նոր սկսեցին խոսել ազատականացման երկխոսության մեկնարկի մասին», - նկատեց նա։
Արամ Սարգսյանն ու Արման Բաբաջանյանն էլ հակադարձում են՝ նախքան ՍԵՊԱ-ն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է 2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախաձեռնած ԵԱՏՄ-ին միանալու փաստաթուղթ ստորագրել, էլ ի՞նչ ԵՄ կապերից են խոսում։
Եթե ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու արևմտամետ ուժերի նախագիծը հասնի ԱԺ ու մերժվի, ապա երկրորդ փուլով նախագիծը կդրվի հանրաքվեի, բայց այս անգամ արդեն 60 օրում պետք է 300 հազար քաղաքացի ստորագրի: