Մատչելիության հղումներ

ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե չի կարող անցկացվել, դա վերջին փուլն է. սահմանադրագետ


Հայաստանում Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե չի կարող անցկացվել, դա կլինի ապօրինի, պնդում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը և բացատրում, թե ինչու: Եթե Հայաստանը անդամակցության համար դիմած լիներ ԵՄ-ին, մեկնարկեին բանակցություններն և արդյունքում ստորագրվեր անդամակցելու վերաբերյալ միջազգային պայմանագիր, միայն դրանից հետո հարցը, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը, պետք է դրվեր հանրաքվեի:

«Այդ հանրաքվեի արդյունքից էր կախված լինելու Հայաստանը կլինի ԵՄ անդամ, թե չի լինի: Այն հանրաքվեն, որի մասին երեկ խոսել է Ազգային ժողովի խոսնակը, որի մասին լսումներ եղան խորհրդարանում, այդ հանրաքվեն հանրաքվե է ոչնչի մասին, ինքը ոչ մի բան չի կարող որոշել և ավելին ասեմ՝ նման հանրաքվե անցկացնելու իրավունք որևէ մեկը չունի», - ասաց Պողոսյանը:

Եվրամիությանն անդամակցելու հարցով 100 օրվա ընթացքում հանրաքվե անցկացնելու արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների պահանջից օրեր անց թեմային երեկ անդրադարձավ Ազգային ժողովի նախագահը: Պաշտոնական այցով Ռիգա մեկնած Ալեն Սիմոնյանը տեղական լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր՝ «կարծում եմ՝ ինչ-որ մի օր՝ մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք»:

Հայաստանի Սահմանադրության և «Հանրաքվեի մասին» օրենքով հստակ սահմանված են այն հարցերը, որոնք կարող են և պետք է դրվեն հանրաքվեի: Դրանք են՝ Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը, պարտադիր հանրաքվեի միջոցով են լուծվում նաև վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, երկրի տարածքային փոփոխությանը վերաբերող հարցերը: Հանրաքվեի կարող են դրվել նաև Սահմանադրության այն հոդվածները, որոնց փոփոխություններն Ազգային ժողովը մերժել է, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը՝ կրկին եթե խորհրդարանն այն չի ընդունել:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը փաստում է՝ այն, ինչ առաջարկվում էր խորհրդարանական լսումներին և ինչի մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահը, հանրաքվեի դրվող հարցերի շրջանակում չկա. - «Կարող են, իհարկե, նման հանրաքվե անցկացնել, բայց դա կլինի ապօրինի հանրաքվե, ես չեմ կարծում, որ դրան կգնան»:

Այն, որ հանրաքվեի անցկացումը Եվրամիության անդամակցության հարցում վերջին գործողությունն է, երբ ժողովուրդը քվեարկությամբ կորոշի վավերացնել, թե չվավերացնել այդ կառույցին միանալու միջազգային պայմանագիրը, ընդունում է նաև «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Այդ դեպքում ինչպե՞ս է իր կուսակցությունը կառավարությանն առաջարկում առաջիկա երեք ամսում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել:

«Ազգային ժողովն ընդունում է որոշում կամ նախագիծ, որը դնում է հանրաքվեի և դա մոտավորապես այսպիսին է՝ արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի միասնական կամքը՝ խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով զարգացած բարեկեցիկ երկիր, կարող է նախաբանն ավելի ընդարձակ լինել, ավելի շատ պարունակել նպատակներ, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպայի միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, և սա դրվում է հանրաքվեի», - ներկայացրեց Զեյնալյանը:

Այդ փաստաթղթի ընդունումից հետո արդեն Հայաստանի բոլոր պետական մարմինները, ըստ Արտակ Զեյնալյանի, պետք է սկսեն աշխատանքը։

«Խորհրդարանը որևէ նախագիծ չի կարող ընդունել, հետո դնել հանրաքվեի»

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հակադարձում է՝ խորհրդարանը որևէ նախագիծ չի կարող ընդունել, հետո դնել հանրաքվեի, դա դուրս է հանրաքվեի դրվող հարցերի շրջանակից, որոնք հստակ սահմանված են: Ըստ նրա՝ կա մեկ ճանապարհ և դա առանձին օրենքի ընդունումն է:

Եթե իշխանությունն այդպիսի օրենք ընդունի, հնարավորություն կստանա ժողովրդական հարցում անցկացնել և պարզել այս կամ այն հարցի վերաբերյալ հասարակական կարծիքը, բայց դա, ըստ Պողոսյանի, չի կարող համարվել հանրաքվե, ավելին՝ չի ունենա նաև իրավական հետևանք: Բացատրում է՝ հանրաքվեի միջոցով ժողովուրդն իրականացնում է իր իշխանությունը, որն առաջացնում է իրավական հետևանք:

«Եթե նոր Սահմանադրության հանրաքվե է, ժողովուրդն ասում է՝ այո, ուրեմն այդ նոր Սահմանադրությունը ուժի մեջ է մտնում: Սահմանադրության փոփոխության հոդված է, ժողովուրդն ասաց՝ ոչ, փոփոխության հոդվածին, ուրեմն հին հոդվածը կմնա ուժի մեջ: Տվյալ պարագայում եթե «ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեն» անցկացնեն, դա որևէ իրավական հետևանք որևէ մարմնի համար չի կարող առաջացնել: Այսինքն՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ Հայաստանի Հանրապետության պառլամենտը պարտադրված չեն լինելու դիմում ներկայացնել անդամակցության համար», - ընդգծեց սահմանադրագետը:

Մասնագետը շարունակում է՝ եթե իշխանությունն այդուհանդերձ Մայր օրենքի խախտմամբ, որևէ հանրաքվե կազմակերպի, ապա իրավական հետևանքների բացակայության պայմաններում չի առաջանա նաև ԵԱՏՄ-ն կամ ՀԱՊԿ-ը լքելու անհրաժեշտություն, եթե, իհարկե, այդ դեպքում ռուսական կողմը չդիմի գործողությունների:

«Իհարկե, կարող են լինել նույն ռուսաստանի կողմից կտրուկ դեմարշներ, պահանջներ, որպեսզի Հայաստանն այդ դեպքում հստակ իր դիրքորոշումն արդեն արտահայտի՝ ասելով, որ՝ տեսեք, ձեր ժողովուրդն արդեն այդ հարցի վերաբերյալ արտահյտվել է, հիմա դուք արեք իրավական քայլը: Քանի որ այդ «հանրաքվեն» իրավական չէ և իրավական հետևանք չի առաջացնում, չեմ կարծում, որ նման հետևանքներ առաջանան», - ասաց Պողոսյանը:

Եթե խորհրդարանի խոսնակը երեկ խոսում էր հանրաքվեի անցկացման հնարավորությունից, անցած շաբաթ խորհրդարանական լսումներին նրա թիմակից, Արման Եղոյանը փորձում էր եվրաինտեգրման ջատագով քաղաքական ուժերի ներկայացուցիչներին բացատրել, որ տրամաբանական հաջորդ քայլը ոչ թե հանրաքվեն է, այլ Եվրամիությանը անդամակցության հայտ ներկայացելու-չներկայացնելու հարցը: Հենց դա է իշխանությունը լրջորեն քննարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG