Արևմուտքի հետ միջուկային բանակցությունների «սահմանափակ հնարավորություն» կա. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Արևմուտքի հետ միջուկային բանակցությունների համար դեռ «սահմանափակ հնարավորություն» կա, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները:

Թեհրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հատկապես լարված են այն բանից հետո, երբ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ին կնքած Իրանի և համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրից և վերսկսեց ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:

«Դիվանագիտության հնարավորություն դեռ կա, թեև այդ հնարավորությունը փոքր է։ Դա սահմանափակ հնարավորություն է», - ասել է Արաղչին։

Պաշտոնական Թեհրանը երեկ հերքել էր ամերիկյան մամուլում հայտնված տեղեկությունները, թե Թրամփի մերձավոր թիմակից, միլիարդատեր Իլոն Մասկն օրերս հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Իրավանիի հետ։

Ավելի վաղ The New York Times պարբերականը, սեփական աղբյուրները վկայակոչելով, հաղորդել էր, որ Իլոն Մասկը հանդիպել է իրանցի դիվանագետի հետ՝ նպատակ ունենալով քննարկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա լարվածության նվազեցման հնարավորությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը հերքում է Մասկի հետ բանակցությունների փաստը