Կարապետյանը հայտնաբերվել է, ապա ազատ արձակվել Մոսկվայում
Հայաստանի կողմից մոտ մեկ ամիս հետախուզվող պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին երեկ ռուսաստանցի իրավապահները հայտնաբերել են Մոսկվայում, ձերբակալել, ապա ազատ արձակել:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Մոսկվան մերժում է Երևանի դիմումն ու հրաժարվում է Կարապետյանին արտահանձնել Հայաստանին, հայաստանյան իրավապահներն այս հարցին չեն պատասխանում: Իսկ Ներքին գործերի նախարարությունից միայն փոխանցում են, որ Կարապետյանի նկատմամբ միջպետական հետախուզում են հայտարարել մի քանի ծանր հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ անգործությունը կազմակերպելու համար:
Թե կոնկրետ ինչ արարքների մասին է, իրավապահները չեն մանրամասնում: Գլխավոր դատախազությունից միայն հայտնեցին, առաջին ատյանի դատարանը հաստատել է Կարապետյանի առնչությունը ենթադրյալ արարքներին, բայց դատարանները մերժել են քննիչի միջնորդությունը՝ կալանավորելու նախկին բարձրաստիճան պաշտոնյային: Արդյունքում քննիչն ընտրել է երկրից բացակայելու արգելքը:
Ինչ իրադարձություններ էին նախորդել
Շուրջ 3 տարի Կարապետյանը վարչապետ Փաշինյանի խորհրդականն էր: Արդեն 2021-ին նշանակվեց պաշտպանության նախարար, պաշտոնազրկվելուց հետո իր նախկին ղեկավարին մեղադրեց դավաճանության մեջ, պնդեց, թե հենց դա հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի ոչնչացմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտպանության նախկին նախարարը Փաշինյանին մեղադրում է դավաճանության մեջ, իշխանությունը անհեթեթություն է որակումՊաշտպանության նախարարի պաշտոնում երեք ամիս աշխատելուց հետո հեռացված Կարապետյանը մոտ երկու տարի լռելուց հետո պնդել էր, թե իրեն պաշտոնից ազատել են՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը թույլ չտալու հրամանի համար։
Նրա հրաժարականին նախորդել էին մի շարք սահմանային միջադեպեր։ Պաշտոնանկությունից ուղիղ մեկ օր առաջ՝ նոյեմբերի 14 -ին, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, բայց չէին հաջողել։
«Ես՝ գեներալ-մայոր Արշակ Հենզրիկի Կարապետյանը, հեռացվեց պաշտոնից այն պատճառով, որ չընդունեց ադրբեջանական կողմի պահանջները, այսպես կոչված, ուլտիմատումը, որը հրաման տվեց կրակ բացել հակառակորդի վրա նրա առաջխաղացման դեպքում և այն դեպքերում, երբ որ նա կփորձի ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք», - նշել էր Կարապետյանը:
Վարչապետ Փաշինյանը սուտ էր որակել իր նախկին ենթակայի մեղադրանքները. - «Նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը ինձ զեկուցել ա, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ և հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել Հայաստանի Հանրապետության տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար, երկու տարբերակ կա՝ կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ տեղյակ լինելով ինձ չի զեկուցել»։
Նախկին ղեկավարի կոշտ քննադատ Կարապետյանն այս գարնանը նոր կուսակցություն բացեց: «Համահայկական ճակատի» ղեկավարը, սակայն, համագումարին տեսաուղերձով մասնակցեց՝ Ռուսաստանից: Նա աչքի է ընկնում ռուսամետ հայացքներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արշակ Կարապետյանի նորաստեղծ կուսակցությունը հայտարարում է՝ օրակարգում իշխանություններին հեռացնելն է