2018-ի հեղափոխությունից հետո շուրջ 3 տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական աշխատած, ապա 2021-ից Փաշինյանի հրամանով Պաշտպանության նախարար նշանակված Արշակ Կարապետյանը իր նախկին ղեկավարին մեղադրում է դավաճանության մեջ՝ պնդելով, թե դա հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի ոչնչացմանը։
«Այսօր չկա մի իրական հայրենասեր, ով ցավ ու զայրույթ չզգա իր սրտում՝ իմանալով, թե ինչպես է մեր վախկոտ իշխանությունը նպաստել մեր հպարտ ժողովրդի կոտորածին ու ստորացմանը», - ասել է Արշակ Կարապետյանը:
Շուրջ 3 ամիս պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, ապա Փաշինյանի կողմից պաշտոնանկ արված Արշակ Կարապետյանը 2 տարի անց որոշ փակագծեր է բացել իր պաշտոնանկության պատճառների մասին՝ պնդելով, թե իրեն պաշտոնից ազատել են՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը թույլ չտալու հրամանի համար։
«Ես՝ գեներալ-մայոր Արշակ Հենզրիկի Կարապետյանը, հեռացվեց պաշտոնից այն պատճառով, որ չընդունեց ադրբեջանական կողմի պահանջները, այսպես կոչված, ուլտիմատումը, որը հրաման տվեց կրակ բացել հակառակորդի վրա նրա առաջխաղացման դեպքում և այն դեպքերում, երբ որ նա կփորձի ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք», - նշել է Կարապետյանը:
Ֆեյսբուքյան իր էջում տարածած ուղերձում Արշակ Կարապետյանը չի բացատրում, թե ինչո՞ւ որոշեց հիմա լռությունը խախտել, չի մանրամասնում նաև, թե կոնկրետ ե՞րբ է հրաման տվել կանխել ադրբեջանական ներխուժումը, ինչի պատճառով էլ, իր պնդմամբ, պաշտոնանկ է արվել։
Կարապետյանը պաշտպանության նախարար նշանակվեց 2021 թվականի օգոստոսին, պաշտոնանկ արվեց նոյեմբերի 15 -ին։ Նրա հրաժարականին նախորդել էին մի շարք սահմանային միջադեպեր։ Պաշտոնանկությունից ուղիղ մեկ օր առաջ՝ նոյեմբերի 14 -ին, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, բայց չէին հաջողել։
«Պաշտոնանկ արվեցի նրա համար, որ գնացի Արցախ»
Որպես իր պաշտոնանկության մեկ այլ պատճառ, պաշտպանության նախկին նախարարը նաև նշում է Արցախ կատարած այցելությունները։
«Նրա համար որ ես 3 անգամ գնացի Արցախ և փորձում էի կազմակերպել Արցախի Հանրապետության պաշտպանությունը, նրա համար, որ ես համաձայն չէի ներկա կառավարության անվտանգության մասով իրենց բոլոր մտադրություններին», - ընդգծել է Կարապետյանը:
2021 -ի նոյեմբերի 6 -ին, պաշտոնանկությունից մի շաբաթ առաջ Արշակ Կարապետյանը մեկնել էր Արցախ, որտեղ Պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ անվտանգային խնդիրներ էր քննարկել: Բաքուն դատապարտել էր Կարապետյանի այցը Ստեփանակերտ։
Արշակ Կարապետյանի մեղադրանքների մասին հարցը վիրավորում է իշխանական պատգամավորի բանականությունը
Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի պատգամավորներն այսօր չէին ցանկանում արձագանքել վարչապետի հասցեին հնչած այս մեղադրանքներին։ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն պնդեց, որ այդ հարցը վիրավորում է իր բանականությունը։
«Ուզում եք, որ մենք հիմա տեսախցիկների առջև քննարկե՞նք, թե Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ ով ոնց է կատարել իր գործառույթը: Էդ հարցը վիրավորում է իմ բանականությունը», - ասաց Եղոյանը՝ նշելով, - Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու համար որևէ մեկը չի կարող պաշտոնանկ արվել, Հայաստանի Հանրապետության սահմանները պատշաճ պաշտպանելու համար մարդիկ ստանում են խրախուսում»:
Խրախուսում Կարապետյանը ստացել է նաև Փաշինյանի կողմից՝ նրա խորհրդականից դառնալով Պաշտպանության նախարար։ Մինչ այդ 2016-ին գեներալ-մայորը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնանկ էր արվել Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թերացումների համար։ Ավելի ուշ՝ Սերժ Սարգսյանը Կարապետյանին Ռուսաստանում ռազմական կցորդի պաշտոն տվեց։
«Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի բրիֆինգի ընթացքում Հայաստանի Հանրապետության կարևորագույն այս շրջափուլում ընդհանրապես կարիք չկա գալ և ուղիղ եթերում վերարտադրել մի մարդու արտահայություններ, որոնք արել է մի քանի լեզուներով, ըստ էության, իր ծառայություններն առաջարկելով կոնկրետ մարդկանց, կոնկրետ բևեռների, ինչպես շատերն են անում», - ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
ՊՆ նախկին նախարարը կոչ է անում Ռուսաստանին վճռականորեն կանխել Հայաստանի պետականությունը ոչնչացնելու փորձերը
Իր քաղաքական գործունեության մեկնարկի մասին հայտարարած Արշակ Կարապետյանը իր ուղերձը տարածել է նաև ռուսերենով։ Պաշտպանության նախկին նախարարը նաև մեղադրում է իշխանություններին՝ հայ ժողովրդին Ռուսաստանին դեմ տրամադրելու համար։
Ընդունելով, որ ռուս խաղաղապահների գործունեությունը չեն կարող լավ գնահատել, Կարապետյանը միաժամանակ հորդորել է թույլ չտալ 2 երկրների ժողովուրդների տրամադրել միմյանց դեմ։
«Կոչ եմ անում Ռուսաստանի ղեկավարությանը ավելի վճռականորեն կանխել մեր երկրի պետականությունը և հայ ժողովուրդը ոչնչացնելու փորձերը», - հայտարարել է նա:
Դավաճանության վերաբերյալ մեղադրանքներից բացի, պաշտպանության նախկին նախարարը մեկ այլ ծանր մեղադրանք էլ է ուղղել Փաշինյանին. - «Ստույգ գիտեմ, որ հենց Հայաստանի կառավարության ղեկավարն էր, որ մտահոգված իր աթոռը պահելու նպատակով, դիմել է ադրբեջանցիներին՝ հայ ժողովրդի արժանի զավակ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով»։
«Դա ուղղակի ցնդաբանություն է», - ասաց Արման Եղոյանը:
Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ԼՂ առաջնորդների ձերբակալությունները՝ հայտարարելով, թե «կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը նրանց իրավունքները պաշտպանելու համար»։