Մատչելիության հղումներ

ՊՆ նախկին նախարարը «սուտ» է որակում վարչապետի պնդումները. վարչապետը TikTok-ում մանրամասներ է հրապարակում


Նիկոլ Փաշինյան և Արշակ Կարապետյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան և Արշակ Կարապետյան, արխիվ

Վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի միջև հեռակա բանավեճը նոր զարգացումներ է ստանում։ Փոխադարձ մեղադրանքներին ու զգուշացումներին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանն ու Արշակ Կարապետյանը նոր մանրամասներ են հրապարակել 2021 թվականի նոյեմբերյան սահմանային իրադարձությունների մասին։

Նախ Փաշինյանը երեկ ասուլիսում հայտարարեց, թե 2021-ի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ նա դրա նախորդ օրն իրեն չի զեկուցել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք։

«Նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը ինձ զեկուցել ա, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ ա և հանդարտ ա, մինչդեռ իրա զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել Հայաստանի Հանրապետության տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ Արշակ Կարապետյանը լինելով պաշտպանության նախարար, երկու տարբերակ կա՝ կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ տեղյակ լինելով ինձ չի զեկուցել», - նախօրեին ասել էր վարչապետը:

Չուշացավ Արշակ Կարապետյանի պատասխանը՝ «Բացահայտում» վերնագրով տարածած տեսանյութում նա սուտ որակեց Փաշինյանի պնդումները։

«Լսեցի մեր երկրի ղեկավարի կողմից ավանդույթ դառած սուտ ասելը: Կարապետյան Արշակը նոյեմբերի 14-ին գտնվել ա Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում, և ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել պարոն մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին», - հայտարարեց Կարապետյանը:

Անդրադառնալով 2021-ի մայիսյան իրադարձություններին, երբ Ադրբեջանը ներխուժել էր Սյունիքի Սև լճի տարածք, Կարապետյանը կրկին պնդեց՝ հենց վարչապետն էր հրաման տվել չկրակել հակառակորդի վրա։

«Ըստ մեր երկրի ղեկավարի հրամանի՝ արգելված էր կրակ բացել հակառակորդի վրա, և կհիշեք էն ձեռնամարտերը, որ տեղի էին ունենում սահմանին: Ես հրաման տվեցի՝ կրակ բացել», - ասաց պաշտպանության նախկին նախարարը:

Ի դեպ, անցած հոկտեմբերին, Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո, Կարապետյանը Փաշինյանին հրապարակավ մեղադրեց դավաճանության մեջ՝ պնդելով՝ ինքը պաշտոնից հեռացվել է այն պատճառով, որ չի ընդունել ադրբեջանական կողմի ուլտիմատումը և հրաման է տվեց կրակ բացել հակառակորդի վրա՝ նրա առաջխաղացման դեպքում։

Երեկ արդեն Արշակ Կարապետյանը պնդեց՝ Փաշինյանը պաշտոնում չի մնալու. - «Նա հասկանում ա, որ իրա օրերը հաշվված են, ինքը հեռանալու ա և ինքը պատասխան ա տալու Արցախի համար, ինքը պատասխան ա տալու մեր գերիների համար: Ինքը երևի թե մեր բոլոր պետությունների ժամանակ ամենաթույլ, վախկոտ և դավաճան ղեկավարն ա: Էս գործը որ մենք սկսել ենք, մինչև վերջ տանելու ենք՝ ինքը էդտեղ չի լինելու»:

Պաշտպանության նախկին նախարարի այս կոշտ ձևակերպումներին վարչապետ Փաշինյանը երեկ ավելի ուշ պատասխանեց TikTok-ում` հրապարակելով իր և Կարապետյանի 2021 թվականի նոյեմբերի 14-ի հեռախոսային հաղորդագրությունները։

«Առողջություն եմ ցանկանում, պարոն վարչապետ, մեր մոտ ամեն ինչ նորմալ ա». - ըստ Փաշինյանի հրապարակած ձայնագրության՝ Կարապետյանն այս հաղորդագրությունը ուղարկել է առավոտյան ժամը 9:30-ի սահմաներում։ Արդեն ցերեկը ժամը 4-ից հետո Փաշինյանը պաշտպանության նախարարին գրում է. - «Ո՞ւր եք , անպատասխանատու բան ստացվեց»։ Հատվածական հրապարակված հաղորդագրություններից, սակայն, այդպես էլ պարզ չի դառնում՝ ինչ զրույց է ծավալվում է վարչապետի ու պաշտպանության նախարարի միջև։

Արդեն երեկոյան ժամը 6-ին Փաշինյանը Կարապետյանին գրում է. - «Լուրջ խոսակցություն պիտի ունենանք, պիտի բացատրություն տաք հանրային, ինչ է տեղի ունեցել»։

Ի դեպ, թեև երեկ վարչապետը պնդում էր, թե Արշակ Կարապետյանի նման պաշտոնյային անգամ կես ժամ չէր կարող հանդուրժել նախարարի պաշտոնում, սակայն 2021-ին նրան պաշտոնանակ անելուց հետո նոր նախարար Սուրեն Պապիկյանին Զինված ուժերին ներկայացնելիս շեշտում էր. - «Ես պարոն Կարապետյանին այսօր առավոտյան ասել եմ, որ ես շարունակում եմ իրան համարել թիմակից»:

Վարչապետ Փաշինյանը երեկվա ասուլիսում Կարապետյանի պաշտոնանակության պատճառներին անդրադարձավ՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ նրան նախարար է նշանակել Կրեմլի պահաջով։ Փաշինյանը Մոսկվայից ցուցում ստանալու հանգամանքը հերքեց, բայց և չթաքցրեց, որ Ռուսաստանի գործոնը ազդեցություն է ունեցել:

«Ես չեմ ուզում թաքցնել նաև, որ Արշակ Կարապետյանի նշանակման հարցում անտեսված չի եղել նրա հատուկ հարաբերությունները, նրա մոտ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության մի շարք անձանց և շրջանակների հետ», - հայտարարեց վարչապետը:

Թե Ռուսաստանի հատկապես ո՞ր շրջանակների հետ պաշտպանության նախկին նախարարը հատուկ հարաբերություններ ունի, ինչն էլ ժամանակին ազդել է Փաշինյանի որոշման վրա, հստակ չէ։

Ի դեպ, վարչապետին պաշտոնից հեռացնելու մասին խոսող Արշակ Կարապետյանն առաջիկայում նախատեսում է կուսակցություն հիմնել։ «Համահայկական ճակատ»-ի համագումարը պաշտպանության նախկին նախարարը ծրագրում է անցկացնել ապրիլին՝ Երևանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG