Մոտ 20 օր տևած փնտրտուքից հետո, երբ այդպես էլ «Քաղաքացիական պայմանագրի» շարքերից որևէ թեկնածու չի հաստատվել, Ազգային ժողովի նախագահը կարծում է՝ պետք է վերանայել արդարադատության նախարարի պաշտոնի համար ՔՊ-ական լինելու պարտադիր պայմանը:
«Հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել, որոնք այս պահին կամ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ չեն: Դա կարծում եմ՝ ճիշտ որոշում է, նմանատիպ բազմաթիվ լավ փորձեր ունենք», - նշեց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանն ասաց՝ արդեն նոր առաջադրումներ կան, առաջիկայում նաև թեկնածու կհաստատվի, բայց անուններ չնշեց: «Ազատության» տեղեկություններով՝ այժմ նախարարի պաշտոնի համար քննարկվում է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանի առաջադրման հարցը:
Նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո իշխանական ուժից հայտարարեցին, թե հաջորդ նախարարը պետք կուսակցական լինի: Երեք շաբաթվա ընթացքում ՔՊ-ական 8 թեկնածու է առաջադրվել, սակայն նրանց մի մասը չի ցանկացել զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ ցանկացողներին էլ կուսակցության ղեկավար մարմինը մերժել է: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ ներկայացված թեկնածուների 80 տոկոսն ասել է՝ գոհ է ներկայիս աշխատանքից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրիգոր Մինասյանն ազատվեց արդարադատության նախարարի պաշտոնից«Ստացվում է՝ մարդուն տանում ես ինչ-որ տեղ նշանակում ես, ինքը մի ամիս կամ մի տարի աշխատում է, հետո իրեն էդ տեղից պոկում ես, բերում ես: Մենք երևի մի փոքր սխալ բան ենք արել, մենք քննարկում ենք բոլոր թեկնածուները՝ անկախ նրանից, թե էդ թեկնածուն իր համաձայնությունը տվել է, թե չի տվել, այնուամենայնիվ, մենք հնարավորություն ենք ընձեռնում ելույթ ունենալ», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Ինչո՞ւ են ՔՊ-ականները հրաժարվում ստանձնել նախարարի պաշտոնը, խուսափո՞ւմ են պատասխանատվությունից:
«Իհարկե, մարդը պիտի պատասխանատվություն վերցնի իր վրա, սա խաղ ու պար չի, պատասխանատվությունը պայմանագրի, պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտի, դրա մեջ պատկերացնո՞ւմ եք ինչ հիմնարկներ են մտնում. քրեակատարողական հիմնարկներն են, նոտարների ինստիտուտն է և այլ», - ընդգծեց ԱԺ նախագահը:
Հարցին՝ իրավաբանի կրթությունը պարտադի՞ր է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. - «Իհարկե, պարտադիր է»:
Խորհրդարանի խոսնակը չհամաձայնեց ձևակերպման հետ, որ «Քաղաքացիական պայմանագրում» «կադրային սով է», բայց չհերքեց՝ լավ մասնագետի խնդիր կա բոլոր ոլորտներում։ Ալեն Սիմոնյանը, որ երկու շաբաթ առաջ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունն էր առաջադրել, ինչպես ինքն էր այսօր ձևակերպում «այդ պատասխանատու պաշտոնի» համար, ասաց՝ արդարադատության նախարարի ընտրության հարցը կարևորում են նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համար:
«Պետք է մի մասնագետ լինի, որը նաև այդ պայմանագրի հետ առնչություն ունեն: Ես վստահ եմ, որ նույնիսկ ամենափոքր ձեռնարկությունում լավ մասնագետների գտնելու շատ մեծ խնդիր կա Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Սիմոնյանը:
Սպասվում է, որ նոր առաջադրումները ՔՊ վարչությունը կքննարկի հաջորդ նիստում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ն կրկին արդարադատության նախարարի պաշտոնում որևէ թեկնածուի չի հաստատել