ԱՊՀ ղեկավարները Մոսկվայում են. վաղը Պուտինը հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 8-ը մայիսի, 2024թ.

Վաղը Մոսկվայում Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

Ռուսաստանի նախագահի օգնականը տեղեկացրել է, որ առանձին ձևաչափով հանդիպումները տեղի կունենան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ։

«Կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Ռուսաստանը դրական դերակատարություն ունի այս հարցում», - հայտարարել է Յուրի Ուշակովը՝ չհստակեցնելով, թե այս պահին հայ - ադրբեջանական բանակցություններում որևէ ներգրավվածություն չունեցող Մոսկվան կոնկրետ ինչ առաջարկներ ունի կողմերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը վաղը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ

Փոխարենը, Պուտինի օգնականը քննադատել է Արևմուտքին՝ պնդելով, թե ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են «սողոսկել» Հարավային Կովկաս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի միջոցով, այն դեպքում, երբ, ինչպես ձևակերպել է, ողջ սևագիր աշխատանքը կատարվել է Մոսկվայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը և Արևմուտքը փորձում են սողոսկել Հարավային Կովկաս. ՌԴ նախագահի օգնական

Պուտինի օգնականի խոսքով՝ Պուտին- Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում առայժմ ծրագրված չէ։ Պարզ չէ նաև՝ արդյոք հնարավոր է Փաշինյան- Ալիև երկկողմ հանդիպում։ Հայաստանի կառավարությունից «Ազատության» այս հարցին չեն արձագանքել։

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր ցերեկն է մեկնել Մոսկվա, Կառավարությունից փոխանցել են, որ նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Երեկոյան վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հաստատեց, որ այցի շրջանակում Փաշինյան-Պուտին հանդիպում նախատեսված է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Այսօր ավելի ուշ Մոսկվա ժամանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պաշտոնական Բաքուն ևս հնարավոր երկկողմ կամ եռակողմ հանդիպումների մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։

Մինչ վաղը կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, այսօր իր 72-ամյակը նշող Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարներին։

«Հատուկ տոնական բան չի լինելու։ Երեկոյան նրան կհյուրընկալվեն ԱՊՀ երկրների ղեկավարները», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողով կկայանա»

Մինչ Վլադիմիր Պուտինն հյուրընկալվելը, Հայաստանի վարչապետն այսօր արդեն շնորհավորական ուղերձ է հղել նրան։

«Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում», - գրել է Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ ծննդյան օրվա առիթով

Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ զարգացումներին

Վաղը կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ՝ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել արտգործնախարարների խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները։ Երևանի և Բաքվի միջև վերջին օրերին դիվանագիտական կոշտ հակադարձումների և մեղադրանքների ֆոնին Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում տեղի չի ունեցել։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում խոսել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 միջազգային համաժողովի մասին:

Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր, հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին շրջանի հիմնական զարգացումներին, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Հայաստանը չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների երկու հայտարարությունների

Արտգործնախարարների խորհրդի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին, վստահեցնելով՝ ԱՊՀ երկրների հետ համագործակցությանը ոչինչ չի սպառնում, և Մոսկվան լավ գիտի, թե ինչպես հակազդել Արևմուտքի քայլերին։

«ԱՄՆ-ը և նրա սատելիտները փորձում են ընդլայնել պատժամիջոցները այսպես կոչված երկակի, եռակի անօրինական պատժամիջոցների տեսքով։ Մենք գիտենք ինչպես հակազդել այդ հանցավոր գործունեությանը», - հայտարարեց Լավրովը:

Ի դեպ, իր ելույթում ՌԴ ԱԳ նախարարը կարևորեց այսօր ԱՊՀ արտգործնախարարների ընդունած փաստաթուղթը միակողմանի պատժամիջոցների անթույլատրելիության մասին։

Ավելի ուշ ԱՊՀ մամլո ծառայությունը տեղեկացրեց, որ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են միակողմանի պատժամիջոցները։

«Ցանկացած պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումից, տարածումից և կիրառումից, որոնք խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը, հատկապես զարգացող երկրներում», - ասված է փաստաթղթում:

Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում՝ որ երկրի դեմ պատժամիջոցներն են «անթույլատրելի»։ Ուկրաինա ռազմական ներխուժմանն ի պատասխան Արևմուտքը բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տարբեր ոլորտների նկատմամբ։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, զգուշացրել են, որ կարող են թիրախավորել նաև այն երկրներին, որոնք կօգնեն Մոսկվային շրջանցել սահմանափակումները։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց, որ Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների երկու հայտարարություններիԱՊՀ ԱԳ նախարարները դատապարտում են միակողմանի պատժամիջոցները

Լաչինը՝ 2025-ի, Մեղրին՝ 2026-ի ԱՊՀ մշակութային քաղաքներ

Ի դեպ, այսօր ԱՊՀ արտգործնախարարները ևս մեկ որոշում են ընդունել՝ առաջարկվում է ԱՊՀ երկրների ղեկավարներին հաստատել ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկը։ «Հաջորդ տարի մշակութային քաղաք ճանաչել ադրբեջանական Լաչինը, 2026-ին՝ հայկական Մեղրին, և 2027-ին՝ բելառուսական Մոլոդեչնոն», - ասաց Լավրովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինը և Մեղրին՝ ԱՊՀ մշակութային քաղաքներ

Հայաստանի ԱԳՆ լրատվականի հաղորդագրության համաձայն՝ «նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ տալու որոշմանը՝ ընդգծելով նաև քաղաքի հնագույն մշակութային ժառանգությունը»:

Ռուս խաղաղապահները, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղակայվել էին նաև Լաչինի միջանցքում և մինչև 2025 թվականը պետք է ապահովեին անխափան երթևեկությունը, այնտեղից հեռացան Արցախի հայաթափումից հետո։