Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Այլ մանրամասներ հաղորդագրությունում չեն նշվում:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս մեկնել է Ռուսաստան: Մոսկվայում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: ԱԳՆ-ից «Ազատությանը» տեղեկացրել են, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «առանձին հանդիպում նախատեսված չէ»։
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ հոկտեմբերի 7-ին նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա, որը «լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու՝ բավական հագեցած օրակարգով»։
ԱՊՀ ղեկավարները, ըստ Կրեմլի խոսնակի, «Ռուսաստանի նախագահի մոտ կլինեն հոկտեմբերի 7-ի երեկոյան»։
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր մասնակցել հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին:
Հունիսի վերջին էլ Մոսկվայում անցկացվում էր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը։ Հայաստանը հրաժարվել էր բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Մոսկվա, և համաժողովում Հայաստանը ներկայացնում էր Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը: Այդ միջոցառմանը Հայաստանը, որպես կանոն, ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել էր, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Հենց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր նշել, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։