Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է առաջիկայում սպասվող «մի շատ կարևոր բացահայտման մասին»

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

«Հազարավոր քրեական գործեր են հետևելու»

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին «հազարավոր քրեական գործեր են հետևելու», լրագրողների հետ զրույցում այսօր վստահեցրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ այդպես էլ, սակայն չհստակեցնելով, ի վերջո երբ է խորհրդարանին ներկայացնելու այդ զեկույցը։

Հաշվի առնելով փաստաթղթում գաղտնի տեղեկատվության առկայությունը՝ այն քննիչ հանձնաժողովի ղեկավարը կներկացնի փակ նիստում։ Այդ պարագայում հանրությանը ի՞նչ չափով կտեղեկանա 44-օրյա պատերազմի պարտության ու կորուստների պատճառների մասին՝ պարզ չէ։

«Այն գաղտնիությունը, որ ունի այդ զեկույցը, չի ունեցել քառօրյա պատերազմի ժամանակ ուսումնասիրված զեկույցը։ Հանրությունն իմանալու է այնքան, ինչքան թույլատրելի է։ Ամերիկյան հանրությունը մինչև հիմա տեղեկացվա՞ծ է՝ Քենեդուն ինչու սպանեցին, 40 թվին են իմանալու, երբ բոլորը մահացած կլինեն։ <>

Քրեական գործեր չեն կարող չհետևել {զեկույցին}, քրեական գործեր հիմա էլ կան», - ասաց պատգամավորը՝ շարունակելով, - «Հիմա ես չեմ ասի՝ ինչքան քրեական գործեր կան 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց լիագումար նիստի ժամանակ ես այդ բոլոր թվերը հնչեցնելու եմ։ Դրանք հազարավոր են»։

«Զեկույցը փորձաքննությունների փուլ է մտել»

Ի դեպ, թեև Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե զեկույցը բովանդակային առումով պատրաստ է, սակայն այն այդպես էլ չի հրապարակվում։ Անցած ապրիլին նա ասել էր, թե քննիչ հանձնաժողովի աշխատանքը կհրապարակվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին։ Ո՛չ մայիսին, և ո՛չ էլ սեպտեմբերին զեկույցը չհրապարակվեց, ապա սեպտեմբերին հայտարարվեց, թե կհրապարակվի հոկտեմբերին։ Հոկտեմբերին էլ, սակայն, դա տեղի չունեցավ։

Քննիչ հանձնաժողովի նախագահն այսօր պնդեց՝ ժամկետները չեն խախտվել, և զեկույցը կարող է ներկայացնել մինչև Ազգային ժողովի 8-րդ գումարման ավարտը, իսկ դա նշանակում է մինչև 2026 թվականը, թեև Անդրանիկ Քոչարյանն այսօր խոստացավ՝ այդքան երկար չի ձգվի. - «Օրենք չի խախտվել, չի խախտվելու։ Երբ զեկույցը կներկայացվի լիագումար նիստում, այդ պահին քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները կհամարի ավարտված։

Զեկույցը ոչ միայն պատրաստ է, նաև փորձաքննությունների փուլ է մտել, այսինքն՝ գաղտնիության հետ կապված»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական միջադեպերի քննության արդյունքները ոչ միշտ են հայտնի դառնում

ՀՀ-ի համար շատ կարևոր բացահայտում է անոնսում Քոչարյանը

Պաշտպանության հանձնաժողովի նախագահն այսօր նաև առանց փակագծեր բացելու հայտարարեց առաջիկայում սպասվող «մի շատ կարևոր բացահայտման մասին»։ «Մոտ օրերս մի հատ լավ բացահայտում է լինելու, բայց ոչ այն դաշտում, որ դուք փնտրում եք, բայց դա ՀՀ-ի համար շատ կարևոր է, և հանրությանը կներկայացվի։ Միանշանակ անվտանգային... ոչ կոռուպցիոն, ավելի մեծ վտանգ ներկայացնող»։

Ինչ նպատակ է հետապնդում Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, երբ անոնսում է Հայաստանին մեծ վտանգ ներկայացնող ինչ-որ բացահայտման մասին՝ պարզ չէ։

Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանը ժամանակավորպես է օկուպացված պահում ՀՀ տարածքները

Լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանն այսօր անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձի հարցին, ընդգծելով՝ «թշնամին ժամանակավորպես է օկուպացված պահում այդ տարածքները և վաղ թե ուշ պետք է դուրս գա այդտեղից»։ Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ 2 տարի անց ադրբեջանական ուժերը չեն հեռացել Ջերմուկի մատույցներից

«Երբ պատրաստ կլինի երկիրը, կունենա այն ամրությունը, միասնական մոտեցումները՝ քաղաքական, ռազմական, եղբայրական, այդ ժամանակ հակառակորդի մտքով երբեք չի անցնի պատերազմ հայտարարել», - ասաց նա։

Զրուցել են Թուրքիայի նախկին արտգործնախարարի հետ

Ի դեպ, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահն այսօր տեղեկացրեց, որ անցած ամիս Մոնրեալում ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում շփվել են Թուրքիայի նախկին արտգործնախարար, այժմ խորհրդարանական Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Վերջինս, ըստ Անդրանիկ Քոչարյանի, խոսել է խաղաղության հնարավորության մասին։

«Մոտեցել է մեզ՝ ինձ, Արուսյակ Ջուլհակյանին, Վահագն Ալեքսանյանին և զրույց է ունեցել։ Մենք չենք նախաձեռնել։ Խոսում էր խաղաղության, դրա հնարավորության մասին։ Վա՞տ է։ Ես կարծում եմ՝ դա շատ լավ է», - պատմեց պատգամավորը։