Ամերիկացի լրագրողի գրքում պնդումներ կան Թրամփ-Պուտին ենթադրյալ գաղտնի կապերի մասին

Ֆինլանդիա - ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ ասուլիսը Հելսինկիում նրանց հանդիպումից հետո, 16-ը հուլիսի, 2018թ.

Հոկտեմբերի 15-ին լույս է տեսնելու ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդի «Պատերազմ» գիրքը, բայց մինչ այդ ամերիկյան մամուլն արդեն ունի գրքի օրինակները, որտեղ կարելի է ասել սկանդալային բացահայտումներ կան Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ենթադրյալ կապի մասին։

Չնայած հասցեատերերը հերքում են այդ պնդումները, բայց The Washington Post-ի ասոցիացված խմբագիր Վուդվորդի նախկինում արված բացահայտումները ևս հերքվում էին, հետո ժամանակի ընթացքում դրանց իսկությունը հաստատվում էր։ Նա հայտնի դարձավ 1970-ականների սկզբներին, երբ լուսաբանում էր «Ուոթերգեյթի» քաղաքական սկանդալը, որն ի վերջո հանգեցրեց Միացյալ Նահանգների նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին։

Այժմ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ Բոբ Վուդվորդն իր գրքում պնդում է, որ Դոնալդ Թրամփը կորոնավիրոսի համավարակի ժամանակ գաղտնի կերպով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է ուղարկել թեստավորման միջոցներ՝ նրա անձնական օգտագործման համար, իսկ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո առնվազն 7 անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ՝ մասնավորապես նաև այն ժամանակ, երբ Կոնգրեսը քննարկում էր Ուկրաինային օգնություն հատկացնելու փաթեթը, և հանրապետականները ձգձգում էին օրինագծի ընդունումը։

Վուդվորդը վկայակոչում է Թրամփի օգնականներից մեկին, ում անունը չի նշում: Վերջինս լրագրողին ասել է, որ 2024-ի սկզբին Թրամփը Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի առանձնատանը իրեն խնդրել է դուրս գալ սենյակից, քանի որ պատրաստվում էր հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ։ Օգնականի ասելով՝ Թրամփը մի քանի, հավանաբար 7 անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

Կորոնավիրուսի թեստավորման միջոցների մասին, ըստ գրքի, Պուտինը Թրամփին խորհուրդ է տվել ոչ ոքի չասել, որովհետև մարդիկ կզայրանան Թրամփի վրա: Վերջինս ասել է՝ իրեն չի հետաքրքրում, թե որևէ մեկը դա կիմանա, բայց ի վերջո համաձայնել է ոչ ոքի չասել այդ մասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր Bloomberg կայքին հաստատել է, որ 2020-ի սկզբին՝ կորոնավիրուսի համավարակի տարածման փուլում, թեստավորման միջոցներ են ստացել Թրամփից, միաժամանակ ասելով՝ «մենք ևս սարքավորումներ ենք ուղարկել»։ Բայց նա հերքել է 2021-ի հունվարից հետո, նախագահի պաշտոնից Թրամփի հեռանալուց հետո նրա և Պուտինի միջև հեռախոսազրույցների մասին լուրերը։ «Ոչ, դա այդպես չէ», - BBC-ի ռուսական ծառայությանն ասել է Պեսկովը։ Իսկ The New York Times-ին տված մեկնաբանությունում այդ տեղեկատվությունը նա որակել է «տիպիկ կեղծ պատմություն նախընտրական քարոզարշավի համատեքստում»։

Դոնալդ Թրամփը ABC News-ի լրագրող Ջոնաթան Կարլի հարցազրուցյում Բոբ Վուդվորդի մասին ասել է, թե նա «հեքիաթասաց է, վատն է ու խելքը կորցրել է»։

Նախկինում՝ 2021-ին, Թրամփը Վուդվորդին դատի էր տվել մեկ այլ գրքի համար, պնդելով, որ լրագրողը երբեք թույլտվություն չի ունեցել իրենց հարցազրույցները հրատարակելու գրքի համար։ Բայց հրատարակիչը և Վուդվորդը հերքել էին նրա մեղադրանքները։

Թրամփի ներկայացուցիչներից Սթիվեն Չյունը, ով համակարգում է հանրային կապերը, Վուդվորդի պնդումները մտացածին է որակել, հեղինակի երևակայության արդյունք, «իսկապես խելագար մարդու աշխատանք, ով տառապում է Թրամփի հանդեպ սինդրոմի համախտանիշով», - նշված է նրա հայտարարությունում։

Թրամփի ավագ խորհրդական և երկարամյա օգնական Ջեյսոն Միլլերը Վուդվորդին ասել է, որ ինքը չի լսել Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցների մասին, բայց, ըստ գրքի, միաժամանակ ասել է․ - «Համոզված եմ՝ նրանք գիտեն ինչպես կապ հաստատել միմյանց հետ»:

Առաջիկա ընտրություններին դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը, երեկ ելույթ ունելով Հովարդ Սթերնի ռադիոհաղորդման ուղիղ եթերում, քննադատել է հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին Պուտինին բժշկական սարքավորումներն ուղարկելու համար, որոնց կարիքն ունեին ամերիկացիները։

Բոբ Վուդվորդն իր գրքում Թրամփ-Պուտին ենթադրյալ կապերից բացի անդադառնում է այլ թեմաների ու հակամարտությունների, դրանց շուրջ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների մոտեցումներին։ Հարավային Կարոլինայից սենատոր Լինդսի Գրեմը քննադատել է իր երկարամյա դաշնակից Թրամփին 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված համարելու և անձի պաշտամունք ձևավորելու համար։

Սենատորը պատմել է, որ ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժելու շաբաթվա վերջին Թրամփի Մար-ա- Լագոյի առանձնատուն էր գնացել, ինչը, նրա խոսքով, փոքր-ինչ նման էր Հյուսիսային Կորեա այցելելուն․ - «Ամեն անգամ բոլորը ոտքի էին կանգնում և ծափահարում, երբ Թրամփը ներս էր մտնում», - ասել է Գրեմը։