Մինչ երեկ Հայաստանի վարչապետը խորհրդարանում հավաստիացնում էր՝ հայ - ադրբեջանական նոր էսկալացիայի որևէ հիմք չկա, և բացառում հայկական կողմից որևէ քայլ, որ կարող է ապակայունացնել իրավիճակը, Ադրբեջանի ղեկավարն այսօր հերթական մեղադրանքներն ուղղեց հայկական կողմին։
«Վերադարձի իրավունքի» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած իր ծավալուն ուղերձում Իլհամ Ալիևը դարձյալ պնդել է՝ Երևանը խոչընդոտում է խաղաղությանը, պետք է փոխի Սահմանադրությունը, խնդրահարույց են զենք գնելու հայկական կողմի փորձերը։
Այսքանով չսահմանափակվելով՝ Ալիևը վերստին հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։
Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»:
Չնայած Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններին, իր վերջին հարցազրույցում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ընդամենը մի քանի տարի առաջ շրջանառության մեջ դրված այդ թեզին, նույն հարթության վրա դիտարկեց Արևմտյան Հայաստանն ու Բաքվի առաջ քաշած «Արևմտյան Ադրբեջան»-ը:
«Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են «Արևմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, տենց էլ ոնց որ ասում ենք Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում», - հայտարարեց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» վարչապետի զուգահեռը՝ քննադատության թիրախումՀայաստանում սուր քննադատության ալիք բարձրացրած այս հայտարարությունը, սակայն, Բաքվին չի գոհացրել։ Ադրբեջանի առաջնորդն այսօր պնդել է, թե Հայաստանը փորձում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գործունեությունը որպես սպառնալիք ներկայացնել իր տարածքային ամբողջականությանը, մինչդեռ այդ համայնքի նպատակը, ըստ Ալիևի, «Արևմտյան Ադրբեջանից վտարվածների արժանապատիվ վերադարձն է իրենց պապենական հողեր՝ խաղաղ և ապահով պայմաններում»:
«Հայ հասարակության մեջ ադրբեջանական ժողովրդի հանդեպ արմատացած ատելությունը, «մեծ Հայաստանի» մասին երազանքները, Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ դեռ պահպանված տարածքային պահանջները, այս երկրի արագ զինումը խոչընդոտում են կայուն խաղաղության հաստատմանը», - պնդել է Ադրբեջանի նախագահը:
Ուղերձում Ալիևը չի անդրադարձել ավելի քան երկու տարի բանակցվող հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրին, մինչդեռ Հայաստանի վարչապետը երեկ հույս էր հայտնել, որ Երևանն ու Բաքուն կակտիվացնեն նախագծի շուրջ աշխատանքները:
«Աշխատանքի ըստ էության 90 տոկոսը արված է, և մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Ընդ որում, ուզում եմ, արդեն ասել եմ նաև հրապարակային, որ մենք առաջարկել ենք նաև շատ իրական, իրատեսական և ռեալ լուծում տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցով, և մնում ա բոլոր ուղղություններով ուղղակի քայլ անել և բոլոր ուղղություններով լուծել», - նախօրեին Ազգային ժողովում հայտարարեց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ. «Մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս»
Հայաստանի վարչապետի այս հայտարարությունից ժամեր անց մեղադրանքներով լի իր ուղերձը Ալիևը հղել է Բաքվում արդեն երկրորդ տարին պետական հովանու ներքո կազմակերպվող «Վերադարձի իրավունք․ Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին։ Հավաքը, ըստ ադրբեջանական աղբյուրների, նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի մեխանիզմներ»։
Մինչ այդ մեխանիզմները կմշակվեն, Ադրբեջանի նախագահը բարձր պարգևների է արժանացրել մի խումբ անձանց՝ ադրբեջանցիների, ադրբեջանական բավական երիտասարդ այդ թեզի հաջող քարոզչության համար՝ այս կերպ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնություններ պարունակող խոսույթն օրակարգ է բերվել պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ: