Պատգամավոր Հովիկ Աղազարյանը համոզված է՝ իրավապահներին չի հաջողվի ապացուցել մի բան, որն ուղղակի գոյություն չունի, ինքը թիմին չի դավաճանել և կուսակցության փակ նիստերից կանոնավոր կերպով ինֆորմացիայի արտահոսք չի կազմակերպել:
Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնեց՝ Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով քրեական գործ է հարուցվել: Պատգամավորը կտրուկ հերքում է, թե ինքը տիրապետել է պետական գաղտնիքի: Իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներում չի բացառում՝ գուցե հայտնած լինի մի բան, որը պետք չէր ասել:
ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում չասաց՝ ո՞ր փուլում և ի՞նչ ձևաչափով է վարչապետը թիմակիցներին պետական գաղտնիք հայտնել: Եվ եթե մամուլում այդպիսի նյութեր են հայտնվել՝ ինչո՞ւ մինչ Աղազարյանի հեռախոսի բովանդակությանը ծանոթանալը իշխանականները չեն դիմել իրավապահներին պետական գաղտնիքի արտահոսքը կանխելու համար: Փոխարենը Ալեքսանյանը ներկայացրեց, թե այս պատմության մեջ ինչն է առավել խնդրահարույց:
«Կառավարող խմբակցությունից եղել է ընդդիմադիր մամուլի արտահոսք տվող անձնավորություն, Ազգային ժողովի պատգամավոր, միանշանակ է, որ խնդրահարույց է: Եկեք արձանագրենք, որ եթե ընդդիմադիր խմբակցությունում գտնվի պատգամավոր, որ պրոիշխանական ինչ-որ թերթի կտա արտահոսք, դա էլ է հավասարաչափ խնդիր», - ասաց Ալեքսանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով քրգործ է հարուցվելՀովիկ Աղազարյանն, իր բնորոշմամբ, սարսափելի իրավիճակում է հայտնվել վարչապետի հաղորդագրությունը ստանալուց և նրան մերժելուց հետո: Պաշտոնից հեռանալու հաղորդագրություն գործադիրի ղեկավարն ուղարկել էր ոչ միայն իր կաբինետի, այլ նաև իշխանության մյուս՝ օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներին: Միակը, որ մերժեց Փաշինյանին, Աղազարյանն էր:
Դրան հաջորդող օրերին Քննչականի նախկին պետ Արգիշտի Քյարամյանին և Աղազարյանին առնչվող քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեում առգրավեցին պատգամավորի հեռախոսը: Իրավապահների տիրապետած ինֆորմացիան ի վերջո հասավ վարչապետին և մյուս ՔՊ-ականներին: Նամակներն ընթերցելուց հետո իշխանականները պնդում են, թե Աղազարյանը պետական գաղտնիք է փոխանցել մամուլին: Պատգամավորն ասում է՝ հերթական քրեական գործն էլ չի ստիպի մանդատը վայր դնել. - «Ես մանդատից չեմ հրաժարվի, ինձ կարան մանդատից զրկեն օրենքով սահմանված կարգով, դա ուրիշ հարց է»:
Որ Հովիկ Աղազարյանը մանդատից կզրկվի, վարչապետ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից է հայտարարել, վստահեցրել՝ անհրաժեշտ լծակներն էլ կգտնեն: Օրենքով պատգամավորը մանդատից կարող է զրկվել միայն այն դեպքում, երբ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի մեղադրական վճիռ: Աղազարյանն այսօր ակնարկեց, թե այս ամբողջ պատմությունը միայն իր մանդատի պատճառով չէ:
«Ուրիշ խնդիրներ կան, եթե ինչ-որ մեկին թվում է, թե այս ամեն ինչը Քյարամյանով պայմանավորված ինչ-որ գործընթաց էր, դա թյուրըմբռնում է: Խնդիրներն ավելի խորքային են ու ավելի վտանգավոր: Պետք է այդքան չպարզունականացնել մանդատը վայր դնելը», - ասաց նա:
Բացի պատգամավորի մանդատի շուրջ զարգացումներից և նրան ուղղված ՔՊ-ականների մեղադրանքներից, ուրիշ ի՞նչ խնդիր ունի Աղազարյանը նախկին թիմակիցների հետ: «Աստված չանի՝ իմանաք, ես կուզեի, որ չիմանաք, էն անհանգստությունները, որ ես ունեմ, որոնց մասին չեմ կարող խոսել, Աստված չանի, որ իրականան», - պատասխանեց նա:
Թե ինչն է անհանգստացրել Հովիկ Աղազարյանին և ինչու նա այդ մասին չի խոսել նախկինում, պատգամավորը չբացատրեց: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, վարչության այսօրվա նիստում գուցե կուսակցությունից հեռացնի Աղազարյանին աջակցած միակ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանին։ Նրան խմբակցությունից արդեն հանել են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակոբ Ասլանյանին հեռացրին իշխող խմբակցությունից. Գագիկ Մելքոնյանը պնդում է՝ «թիմը ոչինչ չի կորցրել»