«Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է այդ երկրում քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որն այժմ ներառում է 331 անուն։
Ցուցակը համալրվել է 17-ով, մեծ մասը ճաղերի ետևում են հայտնվել վերջին մի քանի օրերին, այդ թվում՝ Meydan TV անկախ լրատվամիջոցի լրագրողները, մեդիա փորձագետ Ուլվի Թաիրովը, իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, քաղաքագետ Ազեր Գասըմլին, ինչպես նաև Սոյուդլույում հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներին մասնակցած գյուղի բնակիչներից Ջոշգուն Մուսաևը, որը դատապարտվել է թմրանյութերի օգտգործման մեղադրանքով։
Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ 331 քաղբանտարկյալների թվում են տասնյակ լրագրողներ և բլոգերներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ, հավատացյալներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն, քաղբանտարկյալների ներկայիս թիվն աննախադեպ է նույնիսկ բռնապետական կառավարման հարուստ պատմություն ունեցող այդ երկրի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը խիստ մտահոգիչ է․ Բերբոք