Բաքվի առաջին ատյանի դատարանն ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Սաֆարովը, որը հաջորդ շաբաթ պետք է ԱՄՆ պետքարտուղարի կողմից պարգևատրվեր՝ մարդու իրավունքների ոլորտում ծավալած գործունեության համար, նախնական կալանքի տակ կմնա չորս ամիս:
Սաֆարովը չի ընդունում խարդախության և խուլիգանության վերաբերյալ մեղադրանքը՝ հայտարարելով, որ պատճառն իր իրավապաշտպան գործունեությունն է:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից «Թուրան»-ին ասել են, որ պատճառը հողի առքուվաճառքի շուրջ կոնֆլիկտն է, որ ծագել է նրա և մեկ այլ քաղաքացու միջև։
Սաֆարովի փաստաբանը լրատվամիջոցներին երեկ ասել էր, որ իշխանությունները գիտեին, որ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Սաֆարովն ԱՄՆ-ում պետք է մրցանակ ստանար անձամբ Էնթոնի Բլինքենից, և որպեսզի խափանեն մրցանակաբաշխությունն ու առհասարակ պատժեն նրան, գործ են սարքել իրավապաշտպանի դեմ։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Մարի Սթրուզերսը դատապարտել է Սաֆարովի ձերբակալությունը՝ ասելով, որ «շինծու մեղադրանքներն Ադրբեջանի իշխանությունների հետևողական ջանքերի մեկ այլ վառ օրինակ են երկրում այլախոհությունը լռեցնելու համար»:
«Ռուֆաթ Սաֆարովի կամայական կալանավորումը նպատակ ունի խարխլել իրավապաշտպանների աշխատանքը, կանխել երկրում մարդու իրավունքների իրավիճակի մշտադիտարկումը և վախեցնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ճշմարտությունն ասել իշխանություններին», - ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի իրավապաշտպանին:
Սաֆարովի կալանավորումը դատապարտել են Ադրբեջանում Միացյալ Նահանանգերի, Եվրոպական միության անդամ մի շարք երկրների և Շվեյցարիայի դեսպանները:
Ադրբեջանի արտագին գործերի նախարարությունն արձագանքել է քննադատությանը՝ ասելով, որ դա միջամտություն է երկրի դատական համակարգի գործունեությանը:
ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին մտահոգություն էր հայտնել Սաֆարովի ձերբակալության վերաբերյալ՝ Ադրբեջանին կոչ անելով՝ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն են ձերբակալված և դադարեցնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպանների և լրագրողների դեմ ճնշումները:
Ռուֆաթ Սաֆարովը շրջանային դատախազության նախկին քննիչ է: Նա դուրս էր եկել աշխատանքից 2015 թվականին՝ ի նշան երկրում մարդու իրավունքների ոտնահարման և անօրինականությունների դեմ բողոքի։ Ապա ձերբակալվել էր կաշառակերության մեղադրանքով և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։
2019 թվականին ազատ էր արձակվել և հիմնել հասարակական կազմակերպություն, որը բարձրաձայնում է Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն ու հետապնդումները, կառավարական օղակներում կոռուպցիայի, ինչպես նաև խոշտանգումների մասին:
2024-ի հունիսի տվյալներով՝ Ադրբեջանում կար 303 քաղբանտարկյալ: Այս տարվա մարտի տվյալների համեմատ նրանց թիվն ավելացել էր 16-ով։ Ըստ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների՝ 2000-ականներից ի վեր առաջին անգամ է Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում 300-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը