Մեր ռազմավարությունները պետք է չփոխվեն. Փաշինյան
Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ պնդելով, որ միևնույն է՝ Հայաստանը պետք է հետևողականորեն առաջ տանի խաղաղության օրակարգը։
«Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այո, ինքն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Եվ մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական», - ասաց վարչապետը, շարունակելով, - Ինչ է ասում Ադրբեջանը, ինչ չի ասում, ես չեմ ասում, որ մենք դա պետք է չլսենք, բայց մյուս կողմից չի նշանակում, որ մենք Ադրբեջանի ամեն ասածից մեր ռազմավարությունը պետք է փոխենք, ոչ մեր ռազմավարությունները պետք է չփոխվեն»։
Փաշինյանը թվարկեց, թե ինչ կետեր են ընդգրկված խաղաղության պայմանագրի տեքստում
Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի այսօրվա գլխավոր թեման Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փաստաթուղթն էր։ Ընդդիմադիր պատգամավորները մեկը մյուսի հետևից վարչապետին հարցնում էին, թե ինչ բովանդակություն ունի նախագիծը՝ շեշտելով՝ իշխանությունը պարտավոր է ժողովրդին տեղյակ պահել, թե ինչ կետերով է պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Վարչապետը պնդեց՝ խաղաղության պայմանագրի հոդվածների հրապարակումը Ադրբեջանին առիթ կտա հրաժարվել փաստաթղթի ստորագրումից։
«Դա այն կողմին, ով չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, առիթ կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը և այլն», - նկատեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը վերստին կրկնել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, դժգոհել ռազմական բյուջեի աճիցՓաշինյանը նաև պնդեց, թե իրականում խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրության համար պարզ է և բացահայտված։
«Որևէ գաղտնիք չկա, կա պարզապես դիվանագիտական էթիկայի հարց, քանի որ այդ աշխատանքային փատաթուղթը 2 -րդ շահառու էլ ունի, և այն միակողմանի հրապարակելը կոռեկտ չէ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ապա նա թվարկեց, թե ինչ կետեր են ընդգրկված խաղաղության պայմանագրի տեքստում. - «Դիվանագիատկան հարաբերությունների հաստատման մասին է խոսք գնում, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիտորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողողի մասին է խոսք գնում, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջներ չունենալու մասին է խոսք գնում։ Այսինքն՝ ըստ էության, խաղաղության պայմանագրի նախագծի մեջ ոչ մի միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա»։
Լավ եմ արել. վարչապետը՝ ընդդիմադիրներին տեքստին ծանոթանալու արգելքի մասին
Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ եթե գաղտնիք չկա, ինչո՞ւ են արգելում ընդդիմադիր պատգամավորներին ծանոթանալ այդ փաստաթղթին, և իրենք էլ ստիպված փորձում են դատական կարգով հարցը լուծել։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Ես իմ անձնական որոշմամբ այդ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք այդ թղթերին։ Այդ թղթերին ծանոթացել եք, հետո իրականության հետ բացարձակ կապ չունեցող սոցիալական ցանցերում գրառումներ արել, ձեր քաղաքական նպատակներով շահարկել, ես էլ արգելել եմ։ Լավ եմ արել, որովհետև դուք գնաք, տեքստը կարդաք, գաք, տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ից նշում են՝ նյույորքյան բանակցություններում Երևանի առաջարկի վերաբերյալ առաջընթաց չի արձանագրվելԵս Ադրբեջանի խոսնակը չեմ. Նիկոլ Փաշինյան
Շարունակելով խաղաղության պայմանագրի թեման՝ ընդդիմադիրներն այսօր Փաշինյանին մի քանի անգամ հարցրեցին՝ խաղաղության պայմանագրում ո՞ր կետի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ համաձայնության չեն գալիս։ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանի և Աննա Գրիգորյանի այս հարցերին Փաշինյանը կոնկրետ չպատասխանեց։
«Ես հասկանում եմ այդ մարտավարությունը՝ գնալ առաջ, գալ հետ, խոսել ամեն ինչից, բացի հարցից։ Կոնկրետ հարց կար՝ արդյոք այն կետը, որ չեք համաձայնեցրել, ներառո՞ւմ է այսպես կոչված՝ «ռևանշիզմի» մասին ձևակերպում, Ադրբեջանի պահանջով փախստականների վերադարձի հարց», - հետաքրքրվեց Վարդանյանը։
«Դուք ասում եք, որ կա կոնկրետ հարց, պատասխանեք այդ հարցին, և այդպես էլ չեք ձևակերպում այդ կոնկրետ հարցը, զուգահեռ ամեն երկրորդ վայրկյանը ձևակերպում եք մի նոր հարց», - արձագանքեց Փաշինյանը։
Աննա Գրիգորյանն էլ շեշտեց. - «Նորից կրկնում եմ հարցս՝ ո՞ր հարցի շուրջ ձեռք չի բերվում պայմանավորվածություն այդ պայմանագրի կոնտեքստում»։
Այս հարցին Փաշինյանն այսպես պատասխանեց. - «Էլի նույն խնդիրը՝ մի րոպեում 60 հարց եք տալիս, որ հետո ասեք՝ 57 հարցին չպատասխանեց»։
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ իր հերթին փորձեց բացել խաղաղության պայմանագրի փակ մասերը. - «Ադրբեջանի կողմից պահանջ կա՞ ադրբեջանցիների այստեղ վերաբնակեցման, Տիգրանաշենի հետ կապված»։
«Պարոն Դանիելյան, Դուք մամուլ չե՞ք կարդում։ Ես զարմանում եմ, այդ հարցերը որ տալիս եք.... Ձեզ թվո՞ւմ է, թե սա միամիտների երեկո է։ Ես Ադրբեջանի խոսնակը չեմ, ես այստեղ չեմ եկել ասելու՝ Ադրբեջանն ինչ է ուզում, ես այստեղ եկել եմ՝ ասելու՝ Հայաստանի Հանրապետությունն ինչ է ուզում և ինչ է անում», - եղավ վարչապետի արձագանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արծվաշենը՝ դատարկ, տները փլվում են, հարևան գյուղերի ադրբեջանցիները հայերի վերադարձը չեն ուզում․ բաքվեցի լրագրողի ռեպորտաժը
«Եթե նկատի ունեք անկլավների թեման, անկլավների թեման, ես ասել եմ, միշտ էլ եղել է և կա, և մենք ինքներս այդ թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև մենք ունենք Արծվաշեն, այլ բան, որ գործընթացի ընթացքում պետք է պարզվի՝ ինչն է դե յուրե հիմնավորված, ինչը դե յուրե հիմնավորված չէ, իմ դիրքորոշումը շատ կոնկրետ է՝ ինչ որ դե յուրե հիմնավորված է, հիմնավորված է, ինչ հիմնավորված չէ, հիմնավորված չէ», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։