Ի՞նչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն Երևանն ու Բաքուն՝ խաղաղության պայմանագիրն ամենասեղմ ժամկետներում կնքելու համար:
Նյույորքյան եռակողմ բանակցություններից երեք օր անց էլ Արտգործնախարարությունը չի հստակեցնում՝ արդյոք համաձայնեցված 16 հոդվածով խաղաղության պայմանագիր ստորագրելու հայկական կողմի առաջարկից և Բաքվի մերժումից հետո դեմ առ դեմ բանակցություններում նույնպես արդյունք չի արձանագրվել, և կողմերը որոշել են շարունակել աշխատել չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու շուրջ:
Մինչ պաշտոնական Երևանը լուռ է, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» են հայտնում՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը Երևանի առաջարկի շուրջ դրական առաջընթաց չի արձանագրվել: Դա, ըստ պատգամավոր Հովիկ Աղազարյանի, ակնհայտ էր նաև բանակցություններից հետո կողմերի համատեղ հաղորդագրություններից: Իսկ լրացուցիչ ջանքեր ներդնելու կողմերի պատրաստակամությունն էլ, ըստ պատգամավորի, նշանակում է՝ աշխատել չհամաձայնեցված կետերի շուրջ:
«Դե որ դու չես համաձայնում այս տարբերակին, որը ակնհայտ պարզ տարբերակ է, հետևաբար մենք չենք հավատում քո անկեղծ մղումների մեջ, դադարեցնում ենք գործընթացը, դա որպես քայլ անընդունելի կլիներ մեր արտաքին քաղաքականության մեջ: Պետք է իհարկե նույն պատրաստակամությամբ գնալ, քննարկել ու փորձել այդ ճանապարհով հասնել արդյունքի», - նշեց Աղազարյանը:
Խաղաղության պայմանագրի նախագծի ամբողջությամբ համաձայնեցված 13 և մասամբ համաձայնեցված 3 հոդվածով փաստաթուղթ ստորագրելու Երևանի գաղափարը Բաքուն անընդունելի է համարում:
Հայաստանցի պաշտոնյաների այս նոր գաղափարին ուղիղ և հրապարակային աջակցություն չի հայտնել նաև վերջին բանակցությունները հյուրընկալած ամերիկյան կողմը: Փոխարենը պետքարտուղար Բլինքենը խրախուսել է երկու երկրների շարունակական առաջընթացը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեքստի բերելու համար:
Սրանից ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը եզրակացնում է՝ գործընթացը շարունակվելու է Բաքվի պատկերացրած օրակարգով:
«Փաշինյանի առաջարկությունը որևէ կողմից աջակցություն չի ստացել: Տեքստից ու տեքստի տոնայնությունից պատկերացումը չկազմեցի, թե ամերիկացիք ասել էին՝ ինչ կա էդքանը համաձայնեցրեք, իրենք ուղղակի կոչ էին արել տեքստը վերջնականացնել, այսինքն թող լինի տեքստ, էդ տեքստը ստորագրեք: Ռուսներն ասում են, որ խաղաղությունը պետք է բխի երեք համատեղ հայտարարություններից, նաև Եվրոպայի դիրքորոշման մեջ ես որևէ պրոփաշինյանական ելևէջ չեմ տեսնում», - նշեց Խաչատրյանը:
«Էնպես չի, որ մենք պետք է ստորագրենք պարբերություն առ պարբերություն, եթե այդպես լիներ աշխատանքն ընդունված միջազգային պրակտիկայում, ձեր ասածն իմաստ կունենար մանրամասնել: Մի հատ էսպիսի նախադասություն կա՝ համաձայնեցրել ենք ու ստորագրում ենք, բայց էդպես չի, պետք է ամեն ինչ՝ սկզբից մինչև վերջ ստորակետի մակարդակով համաձայնեցնենք, որ ստորագրենք», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Երևանի այս դիրքորոշումը, որն ավելի քան երկու տարվա հայ-ադրբեջանական բանակցություններում հայաստանցի պաշտոնյաները համարում էին կարևոր սկզբունք, վերջին մեկ ամսում փոխվել է: Ավելին՝ այժմ վարչապետ Փաշինյանը զարմանում է, երբ Բաքվից են այդ մասին խոսում, թե համաձայնագիր պետք է ստորագրել այն ամբողջությամբ համաձայնեցնելուց հետո:
Նրա թիմակից Հովիկ Աղազարյանը կարծում է՝ այստեղ էականն այն է, որ միջազգային հանրությունը համոզվեց, թե որքան կառուցողական է Երևանը:
«Սա շատ կարևոր արձանագրում է ու մեր համար շատ կարևոր ձեռքբերում, որովհետև մեր փոքրիկ մոլորակի արդեն որևէ անկյունում չկա մի ազգի ներկայացուցիչ, որ կասկած ունենա, որ Հայաստանն անկեղծ է իր մղումներում՝ խաղաղություն հաստատելու տարածաշրջանում», - նշեց Աղազարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները եթե նախկինում բացահայտում էին պայմանագրի խնդրահարույց դրույթները, ապա վերջին ամիսներին ո՛չ համաձայնեցված, ո՛չ չհամաձայնեցված հոդվածները չեն գաղտնազերծվում: Ընդդիմությանն էլ դրանք հայտնի չեն: Պատգամավոր Արթուր Խաչատրյանը սա մտահոգիչ է համարում։
«Ինքը հիմա ուղղակի մուրում է Ադրբեջանից մի հատ թուղթ, որի վրա գրված լինի խաղաղություն, որ առանց այդ թղթի պարունակությունը ցույց տալու գա, ժողովրդին ասի՝ «ժողովուրդ, ես ձեզ խաղաղություն եմ բերել» ու դրանով վերարտադրվի, որովհետև իր ողջ քաղաքականությունն այսպես կոչված խաղաղության օրակարգն էր», - ընդգծեց Խաչատրյանը:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագրում ոչինչ չկա Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման մասին, սակայն 2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավը «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը խաղաղության դարաշրջան բացելու խոստումով անցկացրեց։ Խորհրդարանական հերթական ընտրություններին երկու տարուց էլ քիչ ժամանակ է մնացել: