Ադրբեջանի ընդդիմության պնդմամբ՝ իշխանությունը վերահսկում է ընտրություններին թեկնածուների առաջադրումը

Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մեկ ամիս է մնացել՝ այն անցկացվելու է սեպտեմբերի 1-ին։ Երեկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջադրված 1489 թեկնածուներից օգոստոսի 1-ի դրությամբ գրանցել են 481-ին։

Ընդդիմության ներկայացուցիչները, փորձագետները պնդում են, որ իշխանությունները վերահսկում և համակարգում են թեկնածուների առաջադրումը։ Իշխանությունների միջամտությամբ են բացատրվում նաև արդեն առաջադրված մի շարք թեկնածուների հրաժարականները, չնայած նրանք չեն ընդունում, որ այդ քայլին են դիմել իշխանությունների պահանջով։

Ադրբեջանում ավելի քան երկու տասնյակ կուսակցություն կա։ Ընտրությունները բոյկոտում է միայն հիմնական ընդդիմությունը՝ Ժողճակատը («Ժողովրդական ճակատ»)՝ հայտարարելով, որ պայմաններ չկան ազատ և արդար ընտրությունների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ժողովրդական ճակատ»-ը բոյկոտում է Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Մյուս ընդդիմադիր ուժը՝ «Մուսավաթ»-ը, մասնակցում է ընտրություններին, բայց կուսակցության ներկայիս ու նախկին ղեկավարները իրենց թեկածությունը չեն առաջադրել։

«Մուսաֆաթ»-ի նախագահ Իսա Ղամբարը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ Ադրբեջանում գերակշռում է ավտորիտար կառավարում, և այդ ռեժիմի օրոք ազատ և արդար ընտրություններ չեն անցկացվել։

«Իշխանությունը ցանկանում է, որ խորհրդարանում լինեն միայն իրենց նշանակված մարդիկ, նույնիսկ չեն ցանկանում, որ անկախ թեկնածուները տեղ ունենան»,- ասել է նա։

Իսա Ղամբարի խոսքերով՝ կառավարությունը ցանկանում է, որ ընտրությունները հանգիստ անցնեն, որպեսզի խուսափեն որևէ հակասություններից և լուրջ բողոքներից։ Նա նշել է, որ իշխանության նման մոտեցումը հակասում է Ադրբեջանի շահերին, և այդ իսկ պատճառով «Մուսաֆաթ»-ը գտնում է, որ պետք է ձգտել փոխել իրավիճակը։

Նա հիշեցրել է, որ 1993 թվականից «Մուսաֆաթ»-ը ոչ մի ընտրություն բաց չի թողել։ Առաջիկա ընտրություններին 30 թեկնածու ունեն առաջադրված։

«Ես չգիտեմ՝ նրանցից քանիսին թույլ կտան մասնակցել ընտրություններին, չնայած շատերը կարող են հաղթել իրենց ընտրատարածքներում։ Ցավոք, թե ով պետք է տեղ ունենա խորհրդարանում, որոշվում է ոչ թե ընտրողների, այլ իշխանությունների կամքով»,- ասել է «Մուսաֆաթ»-ի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՊՀ դիտորդները կհետևեն Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին

Քաղաքական մեկնաբան Նասիմ Մեմեդլիի գնահատմամբ՝ կառավարությունն ամբողջովին արգելափակել է քաղաքական գործընթացների և քաղաքացիական ակտիվության ձևավորումը։

«Քաղաքական ակտիվությունը կանխելու համար թեկնածուների սահմանափակ շրջանակ է ստեղծվել։ Սեպտեմբերի 1-ին միայն քվեարկության նմանակում է լինելու բացարձակապես պասիվ միջավայրում։ Արդեն որոշված է, թե որ ընտրատարածքից ով է մանդատ ստանալու, նույնիսկ որոշված է՝ ով է լինելու երկրորդ տեղում»,- ասել է Մեմեդլին։

Նրա խոսքերով՝ նման պայմաններում նույնիսկ թեկնածուների առաջադրումն է լուրջ հսկողության տակ պետության կողմից։ «Կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել՝ խուսափելու համար բողոքներից Եվրոպական դատարան»,- նշել է նա։