Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկություններով՝ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը երկրում չէ։
«Որքանով որ ես տեղյակ եմ, Իշխան Զաքարյանը Հայաստանում չի գտնվում այս պահին», - ասաց նա՝ պատասխանելով «Ազատության» հարցին։
Դեռևս հայտնի չէ, թե ընդդիմադիր երկու խմբակցությունները երբ են կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելու խորհրդարան: Այս նախաձեռնության համար պակասող մեկ քվեն ստանալու համար շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանդիպել է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, այդ մասին մայիսի 12-ի հանրահավաքին ասել էր ինքը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։ Նա վստահեցրել էր, թե պատգամավորը չի մերժել միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին:
«Ազատության» հարցին, թե եթե Զաքարյանը երկրում չէ, ինչպե՞ս էր կայացել սրբազանի հանդիպումը Իշխան Զաքարյանի հեռ, Գառնիկ Դանիելյանն այսօր պատասխանեց. - «Մինչև դա էր հանդիպել՝ գործընթացից առաջ էր հանդիպել, հետո գնացել է, պիտի գա։ Բնականոն գործընթաց է, իր հունով գնում է»։
Իշխան Զաքարյանը ցույցերի առաջնորդի հայտարարությանը որևէ կերպ չի արձագանքել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխան Զաքարյանը որոշակի մտածումներով չի մերժել միանալ վարչապետի իմփիչմենթի գործընթացին. Բագրատ սրբազան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները չեն հստակեցնում՝ երբ են ԱԺ ներկայացնելու վարչապետին անվստահության նախագիծը