Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները չեն հստակեցնում՝ երբ են ԱԺ ներկայացնելու վարչապետին անվստահության նախագիծը


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու՝ Տավուշի թեմի առաջնորդի հայտարարությունից չորս օր անց ընդդիմադիր երկու խմբակցությունները դեռ փակագծեր չեն բացում՝ երբ են որոշման նախագիծը ներկայացնելու խորհրդարան:

Այս նախաձեռնության համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն: Սակայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին ունեն 35 ձայն։ Պակասող մեկ քվեն ստանալու համար շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանդիպել է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ: Երեկ հարթակից վստահեցրեց, թե պատգամավորը չի մերժել միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին:

«Ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը։ Մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք պիտի լուծենք նաև ա՛յս հարցերը», - հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդը:

Ինքը՝ Իշխան Զաքարյանը, ցույցերի առաջնորդի հայտարարությանը որևէ կերպ չի արձագանքել: «Ազատություն»-ը ևս փորձել է կապ հաստատել պատգամավորի հետ, սակայն նա ո՛չ զանգերին, ո՛չ նամակներին չի պատասխանում: ՔՊ-ականներն անհանգստացած չեն, որ նա կարող է միանալ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթացին:

«Չի էլ հաստատել, որքանով որ ես գիտեմ, չի մերժել և չի էլ հաստատել: Ես կարծում եմ, որ ինքը պետք է որոշում կայացնի և դրա համար հայտարարի, դրա վերաբերյալ հայտարարություն անի: Դա իր գործն է», - ասաց իշխանական խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը` շարունակելով․ - «Իմփիչմենթի օրակարգ չկա։ Չկա, գոյություն չունի։ Հենց հանրահավաքների մարդաշատությունը պիկից սկսեց պակասում է՝ դրա մասին խոսում է»։

Առավոտյան լրագրողների հետ ճեպազրույցում Բագրատ սրբազանը հրաժարվեց հստակեցնել՝ Իշխան Զաքարյանը պատրա՞ստ է ստորագրել վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ:

«Իշխան Զաքարյանի մասին՝ պատգամավորի անկախ, երեկ բեմից բառերով, ստորակետներով, բառակապակցություններով լրիվ ասել եմ: Հիմա մնացածը իրե՛ն պետք է հարցնեք, ժողովուրդ», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Պատգամավոր Իշխան Զաքարյան, արխիվ
Պատգամավոր Իշխան Զաքարյան, արխիվ

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած դաշինքով պատգամավոր ընտրված, և կես տարի չանցած «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը, որն, ի դեպ, խոստացել էր գործել ընդդիմադիր դաշտում, Ազգային ժողովի նիստերին գրեթե չի մասնակցում։ Նա այն ժամանակ այդպես էլ չէր բացատրել «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու պատճառը։ Ընդ որում՝ այդ շրջանում նրան մեղադրանք առաջադրվեց մի քանի՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով: Մոտ երեք տարի է անցել, սակայն գործը դեռ նախաքննության փուլում է, մանրամասներ հայտնի չեն:

«Ձեր շքեղ առանձնատունը կարո՞ղ ենք իմանալ՝ ինչ միջոցներով եք կառուցել։ Շնորհակալություն»․ - տասը տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե ինչ միջոցներով էր այն ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն իր առանձնատունը ձեռք բերել։ Փաշինյանի իշխանության օրոք էլ իրավապահներն այս հարցի պատասխանը չեն տվել:

Դատախազությունից փոխանցեցին՝ Զաքարյանից պետության օգտին գույք բռնագանձելու դատական գործ չկա, իսկ թե արդյոք կառույցն ուսումնասիրում է նրա գույքի օրինականությունը, պարզ չէ։

«Չժխտեցի, որ տունը, որը Դուք հիմա մատնանշեցիք, մենք ապրում ենք, էդպիսի բան որևէ մեկը չասեց, բայց եթե Դուք ուզում եք, ես Ձեզ բոլոր հիմքերը ներդրումների ցույց կտամ», - հարցին արձագանքել էր Զաքարյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է՝ այն, ինչ նախկին իշխանություններն անում էին, գործող իշխանությունը կրկնում է: Քրեական գործերը, ըստ նրա, կարող են հարուցվել կամ կարճվել ըստ նպատակահարմարության:

«Այո, նրանք կարող են օգտագործել և՛ քրեական գործերը՝ իրենց հակառակորդներին լռեցնելու համար և իրենց ճամբար մարդկանց տեղափոխելու համար, և օգտվել ճամբարափոխների ծառայությունից, դավաճանների ծառայությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

«Ազատություն»-ը Իշխան Զաքարյանին առնչվող քրեական գործերի վերաբերյալ Դատախազություն գրավոր հարցում է ուղարկել։ Իսկ դատարան հասած գործ այս պահին, ըստ ԴատաԼեքսի, չկա։

XS
SM
MD
LG