Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ Բագրատ սրբազանի շարժումը մարում է: «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է այդպես կարծում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ դա ասում է իր քաղաքական փորձառությունից ելնելով և այն ընթացքից, որ ինքը տեսնում է:
«Շատ հաճախ առաջնորդները իրենք իրենց փակուղի են մտցնում», - նշեց նա:
Հարցին էլ, թե հնարավո՞ր է, որ իշխանությունը երկխոսության գնա Բագրատ սրբազանի հետ, Արայիկ Հարությունյանն արձագանքեց՝ «երբ դու գալիս ես որևէ մարմնի կամ գերատեսչության առաջ և հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական որևէ արձագանք ստանաս: Եթե կա անհրաժեշտություն հանդիպումների, էդ մարմինների ներկայացուցիչներն ասել են, թե դա ինչպես կարող է իրականացվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն այցելեց Սարդարապատ, ոստիկանները փորձել են արգելել Վեհափառի մուտքըԱյսօր խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ չշրջանցվեց նաև եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունները: Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց հնչեցրեց, թե ինչպես է ստացվում, որ իրավապահների կողմից արգելվում է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատ:
Արայիկ Հարությունյանը բացատրեց՝ քանի որ Հայ առաքելական եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար իշխանությունն էլ այդ կառույցին վերաբերում է ինչպես կվերաբերվի, օրինակ, քաղաքական խմբակի կամ կուսակցության:
«Հայ առաքելական եկեղեցին, երբ ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանությունը համապատասխան քաղաքական գործիքներով է հարաբերվում տվյալ կառույցի հետ և հետևաբար վերաբերմունք է արտահայտում ինչպես ցանկացած քաղաքական խմբակի կամ կուսակցության նկատմամբ, որը մասնակցում է այս կամ այն քաղաքական գործընթացի: Երբ Հայ առաքելական եկեղեցու գլխին կանգնած կաթողիկոսը ստանձնում է քաղաքական շարժման առաջնորդությունը, շարժման ներկայացուցիչները դրսևորում են հասարակական կարգը խախտելու, ոստիկանության և տարբեր ինստիտուտների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, հետևաբար մայիսի 28 -ին, անվտանգության մարմինները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեին, պարզելու՝ արդյոք տվյալ տարածք վեղարով եկած խումբը չի պատրաստվում սադրել տվյալ միջոցառումը», - պատասխանեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Դատախազությանը գրություն է ուղարկվել՝ պարզելու կադաստրային քարտեզներում հնարավոր անճշտությունները. Հարությունյան
Գլխավոր դատախազությանը գրություն է ուղարկվել՝ պարզելու կադաստրային քարտեզներում հնարավոր անճշտությունները։ Այսօր բյուջեի քննարկմանը պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե կադաստրային քարտեզներում ի՞նչ անճշտությունների մասին է խոսել Արդարադատության նախարարությունը, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ինչ վերաբերում է քարտեզներին, եթե չեմ սխալվում համապատասխան գրությունով դատախազությանը ուղարկվել է {գրություն}, որպեսզի պարզեն եղելությունը այդ քարտեզների հետ կապված», - տեղեկացրեց Արայիկ Հարությունյանը։
Տավուշում հատվածական սահմանազատումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մինչև հուլիսի 1 -ը պետք է համաձայնեցնեն իրենց գործունեության կանոնակարգի նախագիծը, որը հետո պետք է վավերացվի պետական մարմինների կողմից։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն այժմ աշխատում է այդ ուղղությամբ։
Իսկ թե ո՞ր թվականի քարտեզներով Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն սահմանազատման գործընթացը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ հարցն այժմ քննարկվում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խեյրումլին Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի տարածք. հեռակա բանավեճ՝ Արդարադատության նախարարության և սահմանադրագետի միջև