«Անընդունելի է»․ ընդդիմադիր պատգամավորն Աղազարյանի հարցով գրություններ է ուղարկել միջազգային կառույցներին

Հովիկ Աղազարյան

Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցով գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին ու կազմակերպություններին։

Թովմասյանը նշել է՝ թեև մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ ունի պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում է, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական թիմի անդամներին դրանց հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռնելը, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, խիստ խնդրահարույց և անընդունելի է։

Անկուսակցական պատգամավորը նշել է, որ ոչ միայն խախտվել է Աղազարյանի անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը, այլ նաև տպավորություն է, որ Կառավարության աշխատակազմից ուղղորդված թիրախավորման արշավ է սկսվել պատգամավորի դեմ:

Աղազարյանի հեռախոսը նախաքննական մարմինն առգրավել է Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի գործով, բայց նրա հեռախոսի պարունակությունը դուրս է եկել Հակակոռուպցիոն կոմիտեից, հասել ԱԱԾ, հետո՝ վարչապետին, վերջում էլ՝ ՔՊ-ականներին:

Աղազարյանն օրերս հայտարարեց, թե ինչ-որ պաշտոնյա սպառնացել է իրեն, որ հեռախոսից հայտնաբերված անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունները կհայտնվեն ընտանիքի անդամների ձեռքին, եթե մանդատը վայր չդնի: Աղազարյանն իրեն ահաբեկողների անունները չի նշում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղազարյանի փաստաբանը պահանջում է վարույթ հարուցել նրա անձնական տեղեկությունները հրապարակելու համար

Նախօրեին հաղորդվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։

Օրեր առաջ Գլխավոր դատախազությունն էր դիմել Հակակոռուպցիոն կոմիտե, որ ուսումնասիրեն իշխանության ներկայացուցիչների հրապարակումները Հովիկ Աղազարյանի վերաբերյալ, թե պետական գաղտնի տեղեկության արտահոսք է պատգամավորը կազմակերպել։ Իշխող «Քաղքացիական պայմանագիրը» Հովիկ Աղազարյանին կուսակցությունից ու խմբակցությունից հեռացրեց այդ պատճառաբանությամբ, ինչպես նաև, որ նա խախտել է կուսակցական ու հանրային բարոյական նորմեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ինձ համար դա մեծագույն և աններելի մեղք է». ՔՊ-ից դեռ պահանջում են, որ Աղազարյանը մանդատը վայր դնի