Սիրիայից փախուստի դիմած Բաշար Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է: Կրեմլի աղբյուրը ռուսական РИА "Новости" գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանը Ասադին ու նրա հարազատներին «ապաստան է տվել՝ հումանիտար նկատառումներով»:
Մի շարք կարևորագույն քաղաքներ գրավելուց հետո սիրիացի իսլամիստ զինյալներն այսօր առավոտյան կարողացան վերահսկողություն հաստատել նաև մայրաքաղաք Դամասկոսում: Հաղորդվեց, որ Սիրիայի նախագահը Բաշար Ասադը լքել է երկիրը:
Հայր և որդի Ասադները ընդհանուր առմամբ Սիրիան կառավարել են ավելի քան կես դար՝ 1971-ից մինչև 2024 թվականը:
РИА "Новости"-ի աղբյուրը նաև ասել է, որ Մոսկվան շփումների մեջ է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք «երաշխավորել են ռուսական ռազմակայանների ու դիվանագիտական ներկայացուցիչների անվտանգությունը Սիրիայի տարածքում»:
Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտնել էր, որ «Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված հակամարտության մասնակիցների հետ Բաշար Ասադի բանակցությունների արդյունքում նա որոշում է ընդունել թողնել նախագահական պաշտոնը և լքել է երկիրը՝ ցուցում տալով իրականացնել իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով»: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Մոսկվան այդ բանակցություններին չի մասնակցել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան «ծայրաստիճան մտահոգությամբ» է հետևում Սիրիայի զարգացումներինՍիրիայի կորուստը «հուժկու ապտակ» կլինի Ռուսաստանի համարԱսադը լքել է Սիրիան, զինյալները գրավել են Դամասկոսը