Երբ քառորդ դար առաջ Վլադիմիր Պուտինը ստանձնեց փլատակներում հայտնված հետխորհրդային Ռուսաստանի իշխանության ղեկը, նա նախ և առաջ ձեռնամուխ եղավ Մոսկվայի՝ որպես համաշխարհային գերտերության կարգավիճակի վերականգնմանը:
15 տարի անց Սիրիայի քաղաքացիական պատերազմին Ռուսաստանի ռազմական միջամտությունը ներկայացվեց որպես ուժի վերադարձ, որի հետ միջազգային հարթակում պետք է հաշվի նստել:
Մոսկվան այդ կերպարն օգտագործում էր Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս իր ազդեցությունն ընդլայնելու համար՝ որպես հակակշիռ Արևմուտքին:
Այժմ, Մոսկվայի առանցքային դաշնակից նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության հավանական անկումը լրջագույն հարվածով է սպառնում Ռուսաստանի այդ հավակնություններին:
«Սիրիայում Պուտինի ռազմական արկածախնդրությունը կոչված էր ցույց տալու, որ Ռուսաստանը գերտերություն է և կարող է իր ազդեցությունը տարածել արտասահմանով մեկ։ Սիրիայի կորուստը հուժկու ապտակ կլինի Պուտինի համար», - նշում է Մերձավոր Արևելքի փորձագետ Ֆիլիպ Սմիթը:
Ասադի իշխանության տապալումը ոչ միայն հարված կհասցնի Ռուսաստանի հեղինակությանը, այլև, ըստ ամենայնի, կհանգեցնի լրջագույն ռազմավարական հետընթացի:
Սիրիայում են գտնվում ռուսաստանյան երկու խոշոր ռազմական օբյեկտներ՝ ավիաբազան Հմեյմիմում և ռազմածովային բազան Տարտուսում: Վերջինը Ռուսաստանի միակ ռազմածովային բազան է տաք ջրային տարածաշրջանում և Մոսկվային դեպի Միջերկրական ծով ելք է ապահովում:
Ռուսաստանյան այդ ներկայության շնորհիվ Սիրիայում պատերազմի ընթացքը փոխվեց հօգուտ Ասադի։ Մոսկվայի ավերիչ օդային արշավներն ապստամբների դիրքերի դեմ Սիրիական բանակին օգնեցին վերադարձնել տարածքների մի մասը և պահպանել Ասադին իշխանության ղեկին:
Մոսկվայի այդ արշավը Սիրիայում սկսվեց ուկրաինական Ղրիմի թերակղզու բռնակցումից, Ուկրաինայի արևելքում անջատողական ուժերին աջակցությունից մեկ տարի անց:
Սիրիայում և Ուկրաինայում իր ներկայությամբ Ռուսաստանը փորձում էր որպես գերտերություն հանդես գալ, որն ի վիճակի է ձեռնոց նետել Միացյալ Նահանգներին, ՆԱՏՕ-ին և Արևմուտքին ընդհանուր առմամբ, միաժամանակ ընդլայնելով իր գլոբալ ազդեցությունը Միջերկրական ծովից մինչև Աֆրիկա և Լատինական Ամերիկա:
2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո երկու ճակատով ռազմական արշավը Մոսկվայի համար խնդրահարույց դարձավ, նկատում են փորձագետները՝ հավելելով, որ Սիրիայում ռուսաստանյան ռազմական ներկայության տապալումը, առավել ևս՝ Ասադի կառավարության անկումը, այդուհանդերձ, շատ ավելի մեծ մարտահրավեր է։
Ռուսաստանն արդեն նշանակալի միջոցներ է ներդրել խոշոր հակահարձակողական գործողություններում՝ փորձելու վերադարձնել Կուրսկի մարզում կորցրած տարածքները։ Ընդ որում, այդ հարցում Մոսկվան օգնության է կանչել հյուսիսկորեական զորքին։ Զուգահեռաբար՝ ռուսական բանակը փորձում է հնարավորինս շատ տարածքներ գրավել Ուկրաինայի արևելքում նախքան հնարավոր խաղաղ բանակցությունները։
Այժմ Ռուսաստանի ռազմական օբյեկտները Սիրիայի արևմուտքում Միջերկրական ծովի ափի երկայնքով ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի գլխավորած և դաշնակից խմբավորումների թիրախում են հայտնվել, և Ռուսաստանն այլևս չունի երբեմնի կրակային հզորությունը Սիրիայում նույնիսկ ինքն իրեն պաշտպանելու համար, կարծում է Վաշիգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ահարոն Զելինը։
«Ի տարբերություն մեկ տասնամյակ առաջվա, երբ Ռուսաստանը «Վագներ» խմբավորում ուներ՝ Պրիգոժինի գլխավորությամբ, այժմ չունի նույն մակարդակի հնարավորություններ՝ այս անգամ էլ նույն կերպ վարվելու համար», - հավելում է փորձագետը:
Մոսկվան մինչ այս պահը դեռևս պատրաստակամություն չի հայտնել Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու հարցով: Ռուսաստանը տասնյակ օդային հարվածներ է հասցրել այն պահից, երբ գրոհայինները սկսեցին հարձակումն Ասադի ուժերի դեմ, սակայն Մոսկվայի սահմանափակ միջամտությունն էական նշանակություն չունեցավ աապստամբների առաջխաղացումը կանխելու գործում:
Անցած տարիներին Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում «Ռուսաստանի դերն Ասադի ռեժիմին օդային աջակցություն ցուցաբերելն էր, մյուս դաշնակիցները՝ Իրանն ու «Հեզբոլա»-ն էլ ցամաքային ուժերն էին համալրում», - հիշեցնում է Համիդռեզա Ազիզին՝ Գերմանական ինստիտուտի միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով գիտաշխատողը:
Ստեղծված իրավիճակում Ազիզին ասում է՝ «չի տեսնում Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնման հեռանկարներ»։
Նույնիսկ եթե Մոսկվան արմատապես վերանայի իր ռազմական ռազմավարությունը, ըստ փորձագետի, հստակ չէ՝ ինչպես Ռուսաստանը «կարող է արդյունավետորեն կանխել օր-օրի գրոհող ապստամբներին»։
«Կարելի է ասել, որ արդեն ուշ է», - կարծում է Ազիզին:
Փորձագետների համոզմամբ՝ Ռուսաստանը կարող է շատ մեծ գին վճարել Սիրիայում իր ձախողման համար։
Ասադի տապալումը «լրջագույն հարված կլինի Ռուսաստանի այն պնդմանը, թե դեռևս համաշխարհային տերություն է», իսկ այս ամենից հետո այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, «կսկսեն վերանայել իրենց կապերն ու կախվածությունը Ռուսաստանից», - նշում է Ազիզին: