«Ծայրաստիճան մտահոգությամբ ենք հետևում Սիրիայում դրամատիկ իրադարձություններին», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված հակամարտության մասնակիցների հետ Բաշար Ասադի բանակցությունների արդյունքում նա որոշում է ընդունել թողնել նախագահական պաշտոնը և լքել է երկիրը՝ ցուցում տալով իրականացնել իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով: Ռուսաստանն այդ բանակցություններին չի մասնակցել», - հայտարարում է պաշտոնական Մոսկվան՝ «ներգրավված բոլոր կողմերին» կոչ անելով «հրաժարվել բռնության գործադրումից և կառավարման բոլոր հարցերը լուծել քաղաքական ճանապարհով»:
«Այդ կապակցությամբ Ռուսաստանյան Դաշնությունը շփումների մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբավորումների հետ: Կոչ ենք անում հարգել սիրիական հասարակության բոլոր էթնոդավանանքային ուժերի կարծիքը, սատարում ենք ներառական քաղաքական գործընթաց ապահովելու ջանքերը», - ասված է հայտարարությունում: - «Ակնկալում ենք, որ այդ մոտեցումները հաշվի կառնվեն ՄԱԿ-ի և բոլոր շահագրգիռ խաղացողների կողմից»:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտնում է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները Սիրիայում գտնվող ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: «Սիրիայի տարածքում ռուսաստանյան ռազմակայանները բարձր մարտական պատրաստականության վիճակում են: Տվյալ պահի դրությամբ դրանց անվտանգությանը լուրջ սպառնալիք չկա», - վստահեցնում է պաշտոնական Մոսկվան մոտ մեկ ժամ առաջ հրապարակած հայտարարությունում:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը, զինյալ ապստամբներն էլ հայտարարեցին Դամասկոսը գրավելու մասին:
Նախօրեին Դոհայում Սիրիայի հարցով բանակցել էին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները, որոնք կոչ էին արել դադարեցնել ռազմական գործողությունները: