Վրաստանում դեկտեմբերի 14-ին նոր նախագահ կընտրեն

Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, Թբիլիսի, 25-ը նոյեմբերի, 2024թ.

Մինչ Թբիլիսիում հետընտրական բողոքի ցույցերը դեռ չեն մարել, նորընտիր խորհրդարանի լեգիտիմությունը ո՛չ ընդդիմությունն է ընդունում, ո՛չ նախագահը, Վրաստանի արևմտյան գործընկերներն էլ չեն շտապում շնորհավորել խորհրդարանի ձևավորման կապակցությամբ, երկիրը դարձյալ թևակոխում է նախընտրական փուլ, այս անգամ՝ նախագահական։ Վրաստանի խորհրդարանը միայն իշխանական պատգամավորների մասնակցությամբ այսօր նախագահական ընտրությունների օր նշանակեց դեկտեմբերի 14-ը։ Նույն որոշման համաձայն՝ նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։

Ըստ օրենքի՝ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան խորհրդարանի առաջին նիստից հետո 45 օրվա ընթացքում։

Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին շտապողականությունը բացատրել է Սահմանադրության ձևակերպմամբ: Նրա խոսքով՝ որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարի ժամկետով, կարևոր է, որ թե՛ ընտրությունները, թե՛ երդմնակալությունը տեղի ունենան այս տարի։ Հակառակ դեպքում նախագահի ժամկետը փաստացի կստացվի վեց տարի, հայտարարել է նա։

Նախօրեին «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար, պատգամավոր Մամուկա Մդինարաձեն ասել էր, որ իշխող կուսակցությունը «99 տոկոսով» որոշել է, թե ով է լինելու իրենց թեկնածուն՝ առանց հստակ անուն տալու։ Միաժամանակ, Մդինարաձեն բացառել է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր ու պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կառաջադրվի նախագահի պաշտոնում։

Mtavari հեռուստաալիքը հայտնում է, որ «Վրացական երազանք»-ը նախագահի թեկնածուի փնտրտուքներում կանգ է առել երկու հոգու վրա․ դեռ պիտի ընտրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Կոնստանտին Գամսախուրդիայի միջև։ «Վրացական երազանք»-ից արդեն հաստատել են, որ Ղարիբաշվիլին կհրաժարվի խորհրդարանում իր մանդատից, ինչը ևս կարող է վկայել նախագահի պաշտոնում նրա հնարավոր առաջադրման մասին։

2018 թվականին Սալոմե Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի հինգերորդ և վերջին ուղղակիորեն ընտրված նախագահը։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։

Վրաստանի նոր նախագահին առաջին անգամ պիտի ընտրի 300 հոգուց բաղկացած ընտրիչների հանձնաժողովը, որում 150-ը նորընտիր խորհրդարանի պատգամավորները պետք է լինեն, իսկ 150-ը՝ մարզային պատվիրակներ։ Բայց պարզ չէ, թե ինչպես է հնարավոր կազմակերպել նախագահի ընտրությունները Վրաստանում առկա ճգնաժամի պայմաններում, երբ խորհրդարան անցած ընդդիմադիրները չեն ճանաչում հոկտեմբերի 26-ի ընտրություններն ու չեն մասնակցում նիստերին: Բացի այդ, խորհրդարան անցած չորս ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են, որ դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց մանդատներից հրաժարվելու և ցուցակները չեղյալ համարելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան դեկտեմբերի 14-ինՎրաստանի նոր խորհրդարանը գումարեց առաջին նիստը