Այսօր Թբիլիսիում առաջին նիստն է անցկացնում Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, Շալվա Պապուաշվիլին վերընտրվեց խորհրդարանի նախագահ։
Այս խորհրդարանի լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմությունն ու նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլին և չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք անցել են խորհրդարան, պնդում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները կեղծվել են։
Առաջին նիստին մասնակցում են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները, որոնք, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հոկտեմբերի 26-ի ընտրություններում ստացել են ձայների մոտ 54 տոկոսը և օրենսդիր մարմնում 89 մանադատ ունեն 150-ից։
Երկրի արևմտյան գործընկերները դեռևս չեն շնորհավորել երկրին նոր խորհրդարանի ընտրության կապակցությամբ՝ կոչ անելով հետաքննել հնարավոր ընտրակեղծիքները և սպասել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի վերջնական զեկույցին։
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստին հրավիրված չեն Եվրամիության և ԱՄՆ դեսպանները։ Դիվանագիտական կորպուսին չհրավիրելու այս որոշումն աննախադեպ է․ Վրաստանի նորագույն պատմության ընթացքում բարձրագույն օրենսդիր մարմնի առաջին նիստերին մշտապես ներկա են եղել գործընկեր երկրների դեսպանները։
Վրաստանի իշխող կուսակցությունն անցել է գործադիրի ձևավորմանը, և փոխարինել է Գյուղատնտեսության, արդարադատության և արտգործնախարարներին։ Վրաստանի նոր կառավարությունում Արտգործնախարարի պաշտոնը Իլյա Դարչիաշվիլիի փոխարեն կզբաղեցնի Մակա Բոչորիշվիլին, ով նախկինում գլխավորում էր Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովը։