ՔՊ պատգամավորները խոստովանում են՝ պաշտոնանկությունների շարքն անակնկալ էր

Ազգային ժողովում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն թաքցնում` իսկապես անակնկալի են եկել երեկվա պաշտոնանկությունների շարքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով հրաժարականի դիմումներ գրեցին միանգամից 6 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման նախարարներ Վահե Ղազարյանն ու Գնել Սանոսյանը, Քննչական ու Հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներ Արգիշտի Քյարամյանն ու Սասուն Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

«Ես սպասում էի, որ կլինեն փոփոխություններ, բայց միա նգամից էս 6-ը արդեն անակնկալ էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գագիկ Մելքոնյանը:

«Դե ամեն դեպքում տենց չի, որ սպասելի էր, որոշակի գործընթացներ, իհարկե, ակնկալում էինք, բայց որ ուժային բլոկի էդ կարևորագույն դեմքերը մեկ օրում կարող էին հրաժարական տալ՝ իհարկե, սա ցանկացած պատգամավորի մտածել է տալիս», - իր հերթին, ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:

Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը, սակայն, պնդում է՝ դժգոհություններ կային ուժային կառույցների ղեկավարներից՝ թե՛ քաղաքական թիմի ներսում և թե՛ հանրության շրջանում, և վարչապետն ըստ այդմ որոշումներ է կայացրել:

«Բա ինքը ասում է, չէ՞՝ արդեն համբերության բաժակը լցվեց, որովհետև ոչ մի բան չի փոխվում. էլի նույն մարդիկ կրակում են, նույն ավտոները ճըռըվըռի են անում: Երկրի ղեկավարը պատասխան է տալիս ամեն ինչի համար, ամեն ինչի՝ այդ էդ չկատարած, Ձեր ասած, 6 տարի որ չի կատարվել, այ էդ 6 տարու համար էլ ինքը պատասխան է տալիս, որ բացթողում էր», - նշեց Մելքոնյանը՝ «Ազատության» դիտարկմանը՝ «բայց ինքը հրաժարական չի տալիս», արձագանքելով. - «Բայց ինչի՞ տա հրաժարական, ի՞նչ է արել, որ հրաժարական պիտի տա: Հիմի ինքը պիտի փոփոխի երկիրը, տանում է դեպի էն նպատակին մեր երկիրը... [6 տարի] ստացվել է ոչ էն մակարդակով, որ, ասենք, պետք է ստացվեր: Իսկ Փաշինյանը երբեք հրաժարական չի տա, իմացեք, ինքը էս երկիրը պիտի ղեկավարի մինչև 26 թվականի ընտրությունները, էտենց էլ փոխանցեք Ձեր մոտիկ-հարազատներին»:

Իշխանական պատգամավորները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ երբեք չէին դժգոհել ուժային կառույցների ղեկավարներից, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանից: Այսօր, սակայն, ՔՊ-ական պատգամավորները պնդում էին՝ դժգոհությունները հատկապես վերջին ամիսներին պարբերար են բարձրաձայնել, նաև՝ իրենց փակ նիստերի ընթացքում:

«Ես չեմ լսել, որ դուք դժգոհություն հայտնած լինեք իր աշխատանքից», - «Ազատության» այս դիտարկմանը Մելքոնյանը հակադարձեց. - «Ի՞նչ գիտես, որ դժգոհություն չենք հայտնել, մենք մեր ներքին քննարկումների ժամանակ դու ի՞նչ գիտես, որ չենք ասել: Իհարկե, ամեն ինչ էլ ասվել է»:

«Առնվազն վերջին երեք ամսում անընդհատ դժգոհությունները արծարծվել են, և նաև հանրության բողոքը կար, որ ինչո՞ւ էս դատավարությունները էդքան երկար են ձգվում, ինչի՞ է հանցագործությունների թվի աճ նկատվում, ինչի՞ է թմրամիջոցների տարածում հայտնաբերվում: Այսինքն՝ սրանք բոլորը պատասխանաուներ ունեն, ժողովուրդը, հանրությունը բավարարված չի այս արդյունքներին: Այս իմաստով, կարծում եմ, երկրի ղեկավարը որոշեց վիրահատական ճանապարհով գնալ, ժամանակը ցույց կտա արդյունավետությունը», - ասաց Բագրատյանը:

Թե ովքեր կփոխարինեն պաշտոնանկ արվածներին, «Քաղաքացիական պայմանագրում» դեռ տեղյակ չեն, հարցը վարչապետի որոշման տիրույթում է։

«Ո՞ւմ եք տեսնում ներքին գործերի նախարարի պաշտոնում, այդպիսի ռեսուրս ունի՞ կադրային իշխանությունը», - «Ազատության» այս հարցին ՔՊ փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանեց. - «Ունի վստահաբար, և ես կարծում եմ՝ վարչապետը կառաջադրի թեկնածու»:

«Ուժային բլոկը ամբողջությամբ պաշտոնազրկված չէ, ուժային բլոկում եթե չկա առաջին դեմքը, օրենքով սահմանված կարգով, կանոնադրությամբ՝ փոխարինում է հաջորդը, և աշխատանքները այստեղ չեն տուժում: Եվ սահմանված ժամկետում, կարծում եմ, նշանակումները կլինեն, նշանակողը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, կամ առաջարկություն անողը, առաջիկայում կտեսնենք», - ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

«Դուք հանգիստ եղեք, էդ կադրերը կգտնվեն ու էդ կադրերը կսկսեն աշխատել: Առանց նախարար չենք մնալու, խոսք եմ տալիս քեզ», - հայտարարեց Գագիկ Մելքոնյանը:

Ուժային բլոկի նոր ղեկավարների անունները գուցե հայտնի դառնան այսօր երեկոյան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ տեղի ունենալիք ՔՊ վարչության նիստում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանը և Սասուն Խաչատրյանը ազատվել են պաշտոններիցՆախագահը ստորագրեց Գնել Սանոսյանին ու Վահե Ղազարյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը6 հրաժարական՝ մեկ օրում. գրեթե ողջ ուժային բլոկն՝ առանց ղեկավարների