Նախագահ Վահագն Խաչատուրյանի այսօրվա հրամանագրերով՝ Գնել Սանոսյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Վահե Ղազարյանը՝ ներքին գործերի նախարարի պաշտոններից։
Նախագահի հրամանագրում նշվում է՝ ազատումների համար հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը։
Նախօրեին Վահե Ղազարյանը, Գնել Սանոսյանը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեցին, որ լքում են պաշտոնները։
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ինքն է խնդրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թողնել զբաղեցրած պաշտոնները՝ վստահեցնելով՝ պաշտոնանկություններն անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին խոսել է։
Կառավարության նոյեմբերի 15-ի նիստին վարչապետը խիստ և կտրուկ դժգոհություն էր հայտնել իրավապահ համակարգից՝ շեշտելով՝ դատական և ուժային կառույցներում բարեփոխումների արդյունքները չի տեսնում, իսկ իր համբերության բաժակը լցվել է։