Ժամկետային զինծառայող Վահե Հարությունյանի մարմինն այսօր տեղափոխվեց ծննդավայր՝ Սյունիքի Ագարակ համայնք։ Պաշտպանության նախարարությունը երեկ էր հաղորդել` առավոտյան ժամը 10-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայողի մարմինը՝ հրազենային վնասվածքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտնաբերվել է զինծառայող Վահե Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ«Ազատության» տեղեկությամբ՝ Վարդենիսի Տրետուք գյուղի արոտավայրերից վերև գտնվող դիրքերից մեկում է ողբերգությունը տեղի ունեցել:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հրամանատարի կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Հարազատներն այս վարկածի մասին լսել են առավոտյան:
«Դպրոցը լավ ավարտել, խելացի տղա, խելոք տղա, ո՛չ կռվարար, ո՛չ քյալագյոզ՝ մեր լեզվով ասած, ես չեմ իմանում էս ինչ պատիժ ա...», - «Ազատության» հետ զրույցում ասաց մահացած զինվորի ազգականը:
Վահեն երեխաներից ավագն էր, պատմեցին հարազատները։ Երկվորյակ քույր և եղբայր ունի, դպրոցահասակ են։ 21 տարեկան էր, Պոլիտեխնիկի ուսանող։ Առողջական խնդիրների պատճառով երեք անգամ տարկետում է ստացել, նրան բանակ են զորակոչել ընդամենը երեք ամիս առաջ.
«Սրտի առիթմիա ա ինչ ա ունեցել, չեն տարել բանակ, չեն տարել, էս վերջում տարան: Դե հիմա արդեն նենց չէր, որ լիարժեք բուժումը կատարել, էնա, ամեն ինչը տարել էր, էն սրտի կարդիոգրամ ա, ինչ ա, տվել էր Երևան, տարել էին, ասել էին՝ սա վեց ամիս պիտի հետաձգեն, չէին էլ հետաձգել»:
Վահեի ազգականը պատմեց՝ բժշկական ցուցումով պիտի տղան դեռ բժիշկների հսկողության տակ լիներ, բայց իրենք չեն բողոքել, մտածել են՝ կծառայի, կգա, ու հիմա՝ այս բոթը։ Ընտանիքը զինծառայողին մի շաբաթ առաջ է այցելել, դժգոհություն չեն լսել, չգիտեն էլ ինչ մտածեն ենթադրյալ ինքնասպանության մասին։
Ինքնասպանություն որակված դեպքեր՝ տարվա սկզբից գրեթե բոլոր ամիսներին
«Տարվա սկզբից գրեթե բոլոր ամիսներին՝ բացառությամբ փետրվար և օգոստոս ամիսների, ինքնասպանություն որակված դեպքեր Զինված ուժերում արձանագրվել են», - բանակային խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը շեշտում է՝ այս տարեսկզբից 32 զինծառայող է մահացել, և միայն 4-ը՝ հակառակորդի կրակոցից: 28 զինվոր ոչ մարտական պայմաններում է զոհվել՝ ինքնասպանություններ, սպանություններ, առողջական խնդիրներ, ավտովթարներ, հրդեհ:
«Ինչքան էլ որ մենք փորձենք լսենք, փորձենք վստահել պաշտպանական գերատեսչության այն ձևակերպումներին, որ, բնականաբար, կան որոշակի փոփոխություններ և այլն, բայց փաստերի մասին վկայում են թվերը, և այս դեպքում Զինված ուժերում մեկ տարվա ընթացքում 7-րդ դեպքը ինքնասպանության՝ սա բավականին լուրջ և մտահոգիչ ցուցանիշ է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մովսեսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին երեք տարում ԶՈւ-ում մահերի գրեթե 70 տոկոսը խաղաղ պայմաններում է գրանցվում. իրավապաշտպանՊՆ-ից պնդում են՝ բարեփոխումներ կան, իրավապաշտպանները հակադարձում են
Պաշտպանության նախարարությունից հակադարձում են, թե բարեփոխումներ կան, և դրանց մասին հրապարակումներ են անում պարբերաբար: Մահվան չնվազող թվերն են ցույց տալիս՝ կան, թե չկան բարեփոխումներ, հակադարձում են իրավապաշտպանները:
Բանակում ոչինչ չփոխվեց, արձանագրում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը:
«Իշխանությունները, պաշտպանության վերնախավը զինվորական, նրանք լքել են բանակը, բանակը չկա իրենց մտքերում, իրենց գլխում, էլ սրտում չեմ ասում, որը կարող էր էս մահվան դեպքերով զինվորները լինեին, եթե մի քիչ էլ սիրտ լիներ, էլի: Պաշտպանության նախարար գոյություն ունի՞, թե՞ չունի: Տեսել ե՞ք որևէ դեպքով ինքը անձամբ խոսի, ցավակցի, որևէ մեկին չի ընդունում՝ ինքը սենց վեր է ամեն ինչից, վեր՝ էդ զինվորների մահերից, էդ բանակի վիճակից, որ շարունակաբար կրկնվում են էդ դեպքերը: Թքած ունեն ընդհանրապես էդ մարդկային կյանքերի վրա», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ալեքսանյանը:
Զինծառայողների ծնողների հետ անձնակազմը հանդիպում է, նախարարն՝ այդ թվում, արձագանքում են գերատեսչությունից: Ինչ ցավակցելուն է վերաբերում՝ նախարարությունում ցավակցություն են համարում այն, ինչով ամեն անգամ եզրափակում են մահվան վերաբերյալ հաղորդագրությունները. - «Նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»: Ձևական մի բան՝ ըստ Ժաննա Ալեքսանյանի։ Նա պնդում է, որ որդի կորցրած ծնողներից շատերն են նախարարի հետ հանդիպում փնտրել ու այդպես էլ չեն հասել նրան:
«Եթե էդ մարդկային կյանքերը ձեզ չեն հետաքրքրում, դո՞ւք ում եք հետաքրքրում, դուք ի՞նչ եք անում՝ ոչինչ», - նշեց Ալեքսանյանը:
Իրավապաշտպանները մտահոգիչ են համարում նաև այն, որ զինվորների մահվան դեպքերի նախաքննությունը շատ երկար է տևում:
«Ինչքան երկարում է քննության ընթացքը, այնքան ավելի դժվար է լինում բացահայտել մեղավորներին», - ընդգծեց Նազելի Մովսեսյանը:
Մովսեսյանն ուսումնասիրել է Քննչական կոմիտեում քննվող գործերը, ասում է՝ այս տարվա 28 մահվան դեպքերից ընդամենը 4 գործերում մեղադրյալ կա ներգրավված։
Համակարգային խնդիր են համարում նաև այն, որ հաճախ ինքնասպանություն են որակվում սպանությունները, ընդ որում՝ մահվան դեպքից ժամեր անց, ընդգծում է Ժաննա Ալեքսանյանը:
«Անառարկելի ապացույցների դեպքում, որ սա չի կարող ինքնասպանություն որակվել, արդեն քննությունից հետո, ընթացքում ոչինչ չի փոխվում: Սրանք սմերտնիկներ (մահապարտներ՝ ռուսերեն. - խմբ.) են՝ դնում են ինքնասպանություն, և վերջ», - ասաց իրավապաշտպանը: