Մատչելիության հղումներ

Ոչ մարտական պայմաններում ևս մեկ զինծառայող է մահացել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ոչ մարտական պայմաններում ևս մեկ զինծառայող է մահացել՝ այս անգամ՝ Վերին Շորժայում։ Սա բանակում այս տարվա արդեն 16-րդ դեպքն է, երբ զինվորականի մահվան պատճառը հակառակորդի կրակոցը չէ: Նախաքննության մարմիններն այս դեպքը որակել են որպես ինքնասպանություն և ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական վարույթ հարուցել։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` Սոթքի բնակիչ, 20-ամյա զինծառայողը «դիտորդի պարտականությունները կատարելիս ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել՝ կզակի հատվածում»։ Զինծառայողին հոսպիտալ են հասցրել, բայց կյանքը փրկել չի հաջողվել։

Այսօր Սարգիս Խաչատրյանի հարազատ գյուղում` Սոթքում մեծ վիշտ է։ Դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանն «Ազատությանն» ասաց՝ Սարգիսն իրենց լավագույն աշակերտներից է եղել՝ զուսպ ու համեստ։

«Իմ համար ցավ է, ափսոս էր մեր լավ երեխեն, էդքան բան: Շատ լավ երեխա էր, շատ լավ մայր ուներ, ուշադիր ծնող, չգիտեմ: Լավ մարդ են իրենք, շատ լավ մարդ են: Եղբայր ունի՝ 9-րդ դասարանում է սովորում այս տարի», - ասաց Մելքոնյանը: - «Շատ համով-հոտով երեխա էր, ուղղակի փորձանք էր, եղավ պրծավ: Իմ համար էնքան մեծ ցավ է, որ չեմ ուզում ոչ մեկին, նույնիսկ չեմ ուզում աչքերին նայեմ, որ իրենք գիտեն, կամ չգիտեն»:

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ դեպքի վայրի զննություն է կատարվել, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված ինքնաձիգը։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Այստեղ արդեն պետք է խոսքը գնա պատշաճ քննության մասին, որը կբացահայտի, թե ինչն է հիմքում ընկած եղել ինքնասպանությունների», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ այս տարի բանակում 20 զինծառայող է մահացել, և ընդամենը 4-ի դեպքում՝ հակառակորդի կրակոցից։ Մնացած 16 դեպքերը ոչ մարտական պայմաններում են՝ թե՛ սպանության, թե՛ ինքնասպանության, թե՛ ավտովթարի ու դժբախտ պատահարի հետևանքով։ 16 դեպքերից միայն երեքը վերջին երեք շաբաթներին են տեղի ունեցել։ Մտահոգիչ է, ասում է Նազելի Մովսեսյանը։

«20 դեպքից 16-ը, երբ որ ոչ մարտական պայմաններում են, դա ևս մեկ անգամ վկայում է, որ տարիներ շարունակ այս դինամիկան, երբ որ ավելի քան 80 տոկոսը դեպքերի ոչ մարտական պայմաններում են գրանցվում, ներկայումս ոչ մի բան չի փոխվել», - ընդգծեց իրավապաշտպանը:

Քննչական կոմիտեն կասկածյալների մասին տեղեկություն դեռ չի հաղորդում։ Ինչ կպարզի քննությունը՝ 20-ամյա պայմանագրայինն արդյո՞ք ինքնասպանության դրդապատճառներ է ունեցել։

Նախկինում եղած դեպքերի մեծ մասում ծնողներին այդպես էլ չեն համոզել քննիչների վարկածները, թե իրենց որդին բանակում ինքնասպանություն է գործել։

«Երբ որ հետևում ենք լրատվամիջոցների կողմից ընտանիքների հետ զրույցներին, բոլորը, գրեթե բոլորը նշում են, որ որևէ պատճառ ինքնասպանության զինծառայողը չի ունեցել», - նշեց Նազելի Մովսեսյանը:

Դեռ անցած տարեվերջին Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասած գործերից հետո Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Նախարարների կոմիտեն որոշում էր կայացրել ու Հայաստանի կառավարությանը հորդորել վիճակագրական տվյալներ տրամադրել վերջին հինգ տարիներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության մասին։ Առաջարկել էր «արագ և հանգամանալից քննչական գործողություններ ձեռնարկել ապացույցների կորստից խուսափելու և հանցագործության վաղեմության ժամկետը պահպանելու համար»։ ԵԽԽՎ Նախարարների կոմիտեն Հայաստանի իշխանություններից նաև տեղեկատվություն է ակնկալել «զինծառայողների նվաստացումների, ինչպես նաև զինվորական ղեկավարության կողմից նրանց նկատմամբ բուլինգի և վատ վերաբերմունքի կանխարգելման թիրախային միջոցառումների մասին»։

Հայաստանի իշխանությունները ԵԽԽՎ Նախարարների կոմիտեի որոշմանը դեռ չեն արձագանքել։

XS
SM
MD
LG