Մինչ Պաշտպանության նախարարությունը երկու շաբաթից կսկսի վարժական հավաքների նոր փուլը, նախորդներին մասնակցած պահեստազորայինները բարձրաձայնում են բացերի մասին։ Պնդում, թե շատերն առանց պատշաճ վերապատրաստման են հայտնվում մարտական դիրքերում։
«Իմ կարծիքով՝ անցկացվում էր անցկացվելու համար՝ էդ սկզբունքով: Որ դու ինչ-որ նոր բան սովորեիր կամ քո իմացածը փորձեիր ավելի կատարելագործեիր՝ էդ մասով բացեր շատ կային», - «Ազատության» հետ զրույցում ասաց մասնակիցներից մեկը:
Չտեսանկարահանվելու ու ձայնը փոխելու պայմանով նա պատմեց՝ պահեստազորայիների մեծ մասը, այդ թվում՝ ինքը, թերի կրակային պատրաստությամբ միանգամից մարտական հերթապահության է անցել, անգամ առանց տեղանքին ծանոթանալու. - «Գնացինք մի տեղ, որտեղ տեղանքին ոչ մեկ ծանոթ չէր, ցերեկը տենց նայելով շուրջբոլորը հասկանում էիր, թե թշնամին որտեղ է, մեր հայկական դիրքերը որտեղ են գտնվում՝ էդ ժամանակ էր պարզ լինում»:
2021 թվականից մեկնարկած վարժական հավաքների մասնակցածները նաև պնդում են, թե մարտական հերթապահության ընթացքում որոշ մասնակիցներ ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ Ըստ նրանց՝ պատշաճ վերահսկողություն չկա. - «Հավաքների ընթացքում կարող էին ինչ-որ ոգելից խմիչք օգտագործել, բայց էդ ամեն ինչի դեմը ուղղակի չէր առնվում ինչ-որ մի կերպ: Հա, լինում էր ժամանակ առ ժամանակ, որ սպաները կզրուցեին մարդկանց հետ, կբացատրեին, բայց էդ ամեն ինչը չխանգարեց, որ հասկանային, որ մարդիկ կային, ովքեր մի քանի անգամ ոգելից խմիչք օգտագործեցին, պետք էր իմանալ, որ էդ մարդկանց տեղը դիրքում չէր կարող լինել»:
Պահեստազորայիններն ասում են՝ բուժզննումից սկսած մինչև արդեն վարժական հավաքների ընթացքում կազմակերպչական բազմաթիվ խնդիրների են ականատես եղել.
«Օրինակ, որոշ իքս գծով մասնագիտությունների անհրաժեշտությունը զորամասում նշվում է, որ չկա: Ու ստացվում է, որ բոլորը ներկայանում են, բայց ոչ բոլորի կարիքը կա ըստ իրենց զինվորական մասնագիտությունների»:
Տեսանկարահանվել չցանկացող պահեստազորայիններից մեկը, որը մասնագիտությամբ հոգեբան է, դժգոհում է նաև սպաների վերաբերմունքից։ Նրա խոսքով՝ վերադասը հայհոյախառն բառապաշարով է շփվում պահեստազորայինների, ժամկետայինների հետ. - «Առանց անունը նշելու, էդ առավոտյան ժամին բոլորը հավաքվում են, ամենաբարձր մակարդակով ոնց որ կիրառվում է հայհոյանք՝ ամբողջ անձնակազմի ներկայությամբ, իհարկե՝ որոշ ակնարկներ անելով, որ էսինչ մարդը էսինչ օրը ... ու ամենա, ոնց որ, նվաստացուցիչ, որը ոչ միայն սեփական անձը կարա վիրավորի, այլ նաև վիրավորի ավելին, քան էդ»:
Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը հաստատում է՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած պահեստազորայիններից շատերն են նույն խնդիրների մասին բարձրաձայնում։
«Կազմակերպչական առումով բավականին մեծ խնդիրների են բախվում քաղաքացիները: Իսկ ինչ վերաբերում է մարտական հերթապահության մեջ ընդգրկվելուն, քաղաքացիների կողմից հնչում է կարծիք, որ վարժական հավաքների ընթացքում հենց վարժանքների իրականացումը երբեմն ֆորմալ բնույթ է կրում, և ավելի շատ հակված են անձանց ներգրավելու մարտական հերթապահության մեջ», - «Ազատությանը» ասաց Մովսեսյանը:
Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանի խոսքով՝ պահեստազորայինները նաև բողոքում են մինչ հավաքները ընթացող բուժզննումներից։ Ըստ նրա՝ նախարարության սահմանած հետազոտությունները չեն բացահայտում մասնակցի առողջական ամբողջ պատկերը։ Մովսեսյանը խնդրահարույց է համարում Կառավարության որոշումը, որով որոշ հիվանդություններ ունեցող պահեստազորայիններ չեն ազատվում հավաքներին մասնացելու պարտավորությունից։ Մինչդեռ այդ հիվանդություններով նորակոչիկները տարկետում են ստանում կամ ազատվում բանակից։
«Կարող է լինել արդարացումը պաշտպանական գերատեսչության այն, որ վարժական հավաքների ներգրավում են շատ ավելի կարճ ժամկետով, քան պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ: Սակայն խնդիրը այն է, որ նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում՝ լինի 25 օր, լինի երեք ամիս կամ մեկ ամիս, խնդիրը կարող է ևս արձանագրվել, և պետք է օբյեկտիվ և արդյունավետ գնահատել առողջական վիճակը», - ընդգծեց Նազելի Մովսեսյանը:
Վարժական հավաքների մասնակիցների դժգոհությունների վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից դեռ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ։ Ռազմական կառույցից հորդորեցին հարցերը գրավոր ուղղել։
«Մենք որոշում կայացրեցինք բարձրացնել պահեստազորի մարտական պատրաստության մակարդակը, առավել արդյունավետ օգտագործել այդ ռեսուրսը», - նախարար Սուրեն Պապիկյանը դեռ տարեսկզբին պնդել էր, թե 25-օրյա հավաքները հաջողել են. - «25-օրյա վարժական հավաքների մոդելը, չնայած առկա բացերին, կարող ենք փաստել, որ հաջողվել են»:
Հոկտեմբերին 15-ից մեկնարկող վարժական հավաքները կավարտվեն դեկտեմբերի 20-ին։ Այս վարժանքները 25 օր են տևում։