Իսրայելական նոր հարվածներ Լիբանանին. Բեյրութ է մեկնել Իրանի արտգործնախարարը

Իսրայելը շարունակել է զանգվածային ավիահարվածները

Իսրայելն անցած գիշեր շարունակել է զանգվածային ավիահարվածները Բեյրութի հարավային արվարձաններին՝ այդ թվում թիրախավորելով և կտրելով Լիբանանի և Սիրիայի միջև հիմնական սահմանային անցակետը, որով վերջին օրերին պատերազմից փախչող հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ են տեղափոխվել Սիրիա։

Զուգահեռաբար Իսրայելի բանակը շարունակում է նաև ցամաքային ռազմական գործողությունները Լիբանանի տարածքում՝ բախվելով ինչպես ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի զինյալների, այնպես էլ Լիբանանի կանոնավոր բանակի դիմադրությանը։

Լիբանանի պետական լրատվական գործակալության համաձայն՝ Իսրայելի օդուժը միայն անցած գիշեր 10 անգամ անընդմեջ ռմբահարել է մայրաքաղաքը։ Պայթյունները ցնցել են Բեյրութի հարավային շրջանները, տեղից հրապարակված տեսանյութերում երևում են ծխի, կրակի հսկայական ամպեր։

Հուժկու պայթյուններ են տեղի ունեցել Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ, որը սահմանակից է Դահիեին՝ մայրաքաղաքում «Հեզբոլա»-ի (զինված խմբավորում և քաղաքական կուսակցություն, որը վերահսկում է հարավային Լիբանանի մեծ մասը) հենակետին:

Իսրայելի թիրախը հնարավոր է՝ «Հեզբոլա»-ի հաջորդ հավանական առաջնորդն է եղել

Հարձակումների ենթադրյալ թիրախի մասին չի հաղորդվել, այս պահին հայտնի է 37 զոհի, ավելի քան 150 վիրավորի մասին։ Վերլուծելով հարվածների աշխարհագրությունը և ուժգնությունը՝ ենթադրություններ են հնչում, որ Իսրայելի թիրախն, ըստ ամենայնի, «Հեզբոլա»-ի հաջորդ հնարավոր առաջնորդ Հաշեմ Սաֆիեդդինն է, որը 2017 թվականից ԱՄՆ-ի կողմից հետախուզվում է որպես ահաբեկիչ։ Վերջինիս սպանության մասին տեղեկությունները դեռևս չեն հաստատվում։ Սաֆիեդդինի կինն, ի դեպ, 2020-ին ամերիկացիների հարվածից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դուստրն է։

Լարված իրավիճակ Սիրիային կապող անցակետում

Իսրայելական ավերիչ հարվածների հետևանքով ծայրաստիճան լարված է իրավիճակը Լիբանանը հարևան Սիրիային կապող ամենաբանուկ Մասնաա սահմանային անցակետում, որտեղ բազմաթիվ փախստականներ՝ այդ թվում կանայք, երեխաներ ճանապարհի փլուզման պատճառով պատերազմից փրկվելու համար սիրիական տարածք են փորձում հասնել քայլելով։

Իսրայելական կողմը հարձակումից առաջ պնդել է, թե «Հեզբոլա»-ն, որի զինված թևը ԵՄ-ն ներառել է սև ցուցակում, այդ անցակետն է օգտագործում սպառազինության փոխադրումների համար։

Այաթոլլա Խամենեի. Թեհրանը կշարունակի աջակցել իր դաշնակիցներին Իսրայելի դեմ պատերազմում

Իսրայելի և իրանամետ ուժերի միջև Մերձավորարևելյան տարածաշրջանում օրեցօր ընդլայնվող արյունալի պատերազմը քննարկելու նպատակով Բեյրութ է ժամանել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Բանակցությունների մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա ալի Խամենեին այսօր իր հազվագյուտ հրապարակային ելույթում, որը տեղի է ունեցել Թեհրանի կենտրոնում ուրբաթօրյա աղոթքից հետոք, հավաստիացրել է՝ Թեհրանը կշարունակի աջակցել իր դաշնակիցներին Իսրայելի դեմ պատերազմում։

«Լիբանանի և Պաղեստինի մեր դիմադրող ժողովո՛ւրդ, քաջարի մարտիկներ, հավատարիմ և համբերատար ժողովուրդ, այս նահատակությունները և թափված արյունը չպետք է սասանեն ձեր վճռականությունը, այլ ավելի հաստատակամ դարձնեն ձեզ»,- ասել է նա։

Իրանի առաջնորդը նաև պնդել է՝ Թեհրանի մերձավոր դաշնակիցների սպանություններին, ինչպես նաև Գազայի հատվածում տասնյակ հազարավոր կյանքեր խլած պատերազմին Իրանի պատասխանը՝ հրթիռային հարվածները իսրայելական տարածքներին օրինական էր, և անհրաժետշության դեպքում՝ Թեհրանը կկրկնի։