ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, պատախանելով լրագրողի հարցին, թե «կպաշտապանե՞ք Իսրայելի հարվածներն Իրանի նավթային օբյեկտներին», ասել է․ - «Մենք հենց հիմա քննարկում են այդ հարցը»՝միաժամանակ հավելելով, թե հարձակումն այսօր չի սպասվում։
Նավթի գինն ավելի քան 4 տոկոսով բարձրացել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին։ Նավթի համաշխարհային պաշարների մեծ մասը գտնվում է Մերձավոր Արևելքում և մտավախություններ կան, որ շարունակվող հակամարտությունը միջազգային մատակարարումների խաթարումներ կառաջացնի։
Բայդենը լրագրողների հարցերին պատախանել է, երբ Սպիտակ տնից մեկնում էր Ֆլորիդա։ Ամեն դեպքում նա ասել է, թե չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմ կլինի և անհրաժեշտ է ավելին անել՝ պատերազմից խուսափելու համար։
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան մոտ 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Թեհրանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Իսրայելի վրա հարձակումն ուղղված էր բացառապես ռազմական օբյեկտների վրա և հարձակումն անվանել է վրեժ՝ արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի առաջնորդների սպանության համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել։ «Իրանն այս գիշեր մեծ սխալ թույլ տվեց, և նա կվճարի դրա համար», - հայտարարել է Նեթանյահուն։
Ամերիկյան Axios լրատվական կայքը գրել էր, որ Իսրայելը կարող է թիրախավորել իրանական նավթի արդյունահանման օբյեկտները և ռազմավարական այլ վայրեր։
Հոկտեմբերի 2-ին, կեսօրին մոտ, Իրանը հայտարարեց Իսրայելի վրա իր ամենամեծ ռազմական հրթիռային հարձակումն ավարտելու մասին։
«Մեր գործողությունները կավարտվեն, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա պատասխան գործողություններ հրահրել: Այս դեպքում, սակայն, մեր պատասխանն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- X-ի իր ուղերձում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։