14:10
ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ հարցին՝ վարչապետ Փաշինյանը նշեց՝ ընդհանրապես խաղաղության համատեքստում հնարավոր է նման որոշում կայացնել:
«Խաղաղությունը երբ որ կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, կարծում եմ, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է, որովհետև իմ տրամաբանությամբ՝ ընդհանրապես պետք չի կառքը ձիուց առաջ դնել և հարց է, թե արդյոք արդյունավետ ու ճիշտ ճանապարհ է այդ թեման դարձնել քննարկման առարկա հիմա, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք», - ասաց վարչապետը:
Մինսկի խումբը լուծարելու պահանջ Բաքվից պարբերաբար է հնչում, այս փուլում Հայաստանից ակնկալվող քայլերի մեջ Ադրբեջանի նախագահը հուլիսի վերջին Սահմանադրության փոփոխությունից բացի նաև Մինսկի խումբը համատեղ լուծարելու պահանջ էր դրել։ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում. ԱԳՆ13:35
«Մենք բացառում ենք միջանցքային տրամաբանությունը»
«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ օրինակ, տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը Հայաստանին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ: Նման հայտարարություն անողն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից», - ասել է Փաշինյանն ասուլիսի ընթացքում:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր պնդել, թե ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունը «սաբոտաժի» է ենթարկում և շեշտել, թե հարցը պետք է լուծվի 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սյունիքով կոմունիկացիաների համաձայնության Երևանի սաբոտաժը դժվար է հասկանալ․ Լավրով«Մենք ուզում ենք, որ կոմունիկացիները բացվեն, մենք բացառում ենք միջանցքային տրամաբանությունը: Այստեղ էլ պիտի հասկանանք, որ տարբեր հանգամանքներում միջանցք ասելով տարբեր բան են հասկանում, դրա համար «Խաղաղության խաչմերուկ»-ում մենք սկզբունքները նշել ենք»:
Մամուլի ասուլիսը՝ ստորև.
13:15
Հայաստանն առաջարկում է Բաքվին ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ այս պահին համաձայնեցված հոդվածներով ու ձևակերպումներով
Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանն առաջարկում է Բաքվին ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ այս պահին համաձայնեցված հոդվածներով ու ձևակերպումներով:
«Խաղաղության համաձայնագրի նախագծում կա 17 հոդված: 13-ը, ներառյալ, նախաբանը, լիարժեք համաձայնեցված են: Եվս 3 հոդված 1-ից ավելի նախադասությունից է, բառապաշարի մեծ մասը համաձայնեցված է: Երևանի առաջարկն է՝ վերցնել համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումներն ու ստորագրել այն որպես խաղաղության պայմանագիր: Այնտեղ համաձայնեցված են ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները, ու շարունակել քննարկել չհամաձայնեցված ձևակերպումները: Առաջարկը ներկայացվել է Բաքվին երեկ՝ օգոստոսի 30-ին»:
13:06
Փաշինյան. կոմունիկացիաները չեն բացվում նաև ՌԴ մի շարք գործընկերների մեկնաբանությունների պատճառով
«Ազատության» հարցին՝ Հայաստանը մտադրություն ունի՞ հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, վարչապետը պատասխանեց. - «Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել այդ հայտարարությունից, Երևանն իր մտադրության մասին կհայտարարի»:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է նայել ամբողջականության մեջ, և ընդհուպ խոսում էինք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց խնդիրների մասին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը, որը դուրս է բոլոր ձևակերպումներից, որ մենք ունենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստվո՞ւմ է հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Երևանը դեռևս չի պատասխանել Մոսկվային«Կարող եմ ասել, որ տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում՝ ՌԴ մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող ու դրան հակասող մեկնաբանությունների պատճառով: Ընդ որում, շատ հաճախ և հիմնականում դրանք հակասել են ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ հնարավոր է նոյեմբերի 9-ի ձևակերպումներին», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
12:59
Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձի իրավունքին, Փաշինյանն ասաց՝ այն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել հարցը, «իրատեսական չեմ համարում»:
12:47
«Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում»
Կարևորելով երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգը՝ կառավարության ղեկավարը նշեց. - «Առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում, իհարկե, առանձին վերցրած սահմանազատման գործընթացում»:
Նախապես հայտարարված ժամկետից երկու ամիս ուշացմամբ նախօրեին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին և ստորագրեցին, թե ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Արտգործնախարարության հաղորդագրությունից կես ժամ անց վարչապետի աշխատակազմը հայտնեց՝ հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ՝ ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել ու ստորագրել են՝ ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը12:45
Հայաստանը COP29–ին մասնակցել–չմասնակցելու որոշում դեռ չունի
Հարցին՝ Հայաստանը կմասնակցի՞ Ադրբեջանում կայանալիք COP29-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք չունենք որոշում, ընդհանուր իրադրությունը, պրոցեսները այդ որոշման վրա չեն կարող չազդել»:
Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի պատասխանել հարցին՝ արդյոք Արարատ Միրզոյանը կընդունի Բաքվի հրավերը և կմեկնի Ադրբեջան։ ԱԳՆ-ից միայն փոխանցել են՝ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն»։
12:48
«Քանի դեռ երկկողմ ձևաչափով կարողանում ենք առաջ ընթանալ, կարծում եմ ճիշտն այդ ձևաչափն է»
Ադրբեջանի հետ աշխատանքի երկկողմ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում բարձր ենք գնահատում: Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, ընդ որում, կարող ենք ասել, որ այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի հայտարարությունից մինչև սույն թվականի ապրիլի 19-ի հայտարարությամբ, երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը ստորագրվեց», - հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ քանի դեռ երկկողմ ձևաչափով «կարողանում ենք առաջ ընթանալ, կարծում եմ ճիշտն այդ ձևաչափն է»:
«Ես այս մասին ասել եմ նաև Ռուսաստանի նախագահին մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում: Մյուս կողմից երկկողմ ձևաչափով աշխատելու այս արձանագրում անելով, չեմ կարող ասել, թե բացառում եմ այլ ձևաչափով աշխատանք», - ասաց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Բաքու կատարած այցի տպավորություններըԱնդրադառնալով քննարկումներին, թե Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետությունն է հրաժարվել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, Փաշինյանն ասաց. - «ՀՀ-ն չի հրաժարվել հանդիպումից: Ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ, ոչ թե անձամբ, այլ դիվանագիտական խողովակներով, որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափով: Ինչո՞ւ, որովհետև նախկին շրջանում այդ ըմբռնումը փոխադարձաբար եղել է, որ մենք այս շրջանում աշխատում ենք երկկողմ ձևաչափում: Ես կարծում եմ, որ կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, որովհետև արդյունավետ է»:
Վարչապետն ընդգծեց նաև. - «Ընդ որում՝ երբ գա, հասունանա պահը՝ բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու՝ չբացառելով որևէ այլ ձևաչափ, կարծում եմ, օրինակ, դա կարող է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում, և ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը մերժել է Լոնդոնում երկկողմ հանդիպում ունենալու Երևանի առաջարկը․ ՀՀ ԱԳՆ