Ազդակներ կան․ հնարավոր է բանտարկյալների խոշոր փոխանակում լինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև

Կրեմլի խոսնակն այսօր կրկին հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Բելառուսի միջև բանտարկյալների փոխանակման մասին ռուսաստանյան և արևմտյան մամուլում օրեր շարունակ ակտիվորեն շրջանառվող լուրերը։

«Նախկինի պես ես ոչինչ չունեմ ասելու այս թեմայով», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Մինչ այդ ռուսաստանյան պետական «Ռիա Նովոստի»-ն մանրամասներ է հայտնում, պնդելով, որ Կալինինգրադում այսօր առավոտյան վայրէջք է կատարել մի ինքնաթիռ, որը նախկինում օգտագործվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման ժամանակ։

Լրատվամիջոցը վկայակոչում է թռիքների ընթացքին հետևող Flightradar24 պորտալի տվյալները, մասնավորապես, նշելով, որ նախագահական «Ռոսիա» թռիչքային ջոկատին պատկանող ինքնաթիռն օդ է բարձրացել առավոտյան ժամը 6-ին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից և երկուսուկես ժամ անց վայրէջք է կատարել Կալինինգրադում։

Ըստ Radaratlas-ի՝ օդանավն օգտագործվել էր նաև 2022 թվականի դեկտեմբերին՝ սպառազինության վաճառքի գործակալ Վիկտոր Բուտի ու ամերիկացի մարզիկ Բրիթնի Գրեյների միջև փոխանակման ժամանակ։

«Важных историй» պորտալն էլ մեկ այլ օդանավի երթուղու մասին է պատմում․ Գերմանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը մի քանի ժամ առաջ օդ է բարձրացել Բեռլինից, վայրէջք է կատարել Դուբայում և կարճ ժամանակ անց հեռացել Արաբական Միացյալ Էմիրություններից։

Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնում են, որ Արևմտյան երկրներում դատապարտված ռուսների վերադարձի դիմաց Կրեմլը պատրաստ է բանտերից ազատ արձակել մի խումբ ռուսաստանցի քաղբանտարկյալների։

Լրագրողները պարզել են, որ վերջին օրերին ԱՄՆ-ում հանցագործությունների համար դատապարտված մի քանի ռուսների անուններ անհետացել են ամերիկյան բանտերի տվյալների բազաներից։ Այս զարգացումները տեղի են ունեցել ռուսական բանտերից մի քանի քաղբանտարկյալների անհետացման մասին լուրերին զուգահեռ։

Խոսքը, մասնավորապես, ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզայի մասին է, ով բացի ռուսականից, նաև բրիտանական քաղաքացիություն ունի և մշտական բնակության թույլտվություն ԱՄՆ-ում։

Իր քաղաքական հայացքների համար 2022 թվականից բանտարկված Կարա Մուրզայից բացի, ըստ լրագրողների, բանտախցում չէ նաև «Մեմորիալ»-ի առաջնորդներից Օլեգ Օրլովը, ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը, Ալեքսեյ Նավալնիի շտաբի նախկին համակարգողներ Լիլիա Չանիշևան և այլոք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուֆայում Նավալնիի շտաբի նախկին ղեկավարին Պերմի գաղութից «տարել են անհայտ ուղղությամբ»


Ըստ որոշ լրատվամիջոցների՝ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, նրանց կարող են փոխանակել Միացյալ Նահանգներում դատապարտված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ենթադրյալ գործակալ Վլադիսլավ Կլյուշինի, չորս միլիարդ դոլարի լվացման համար դատապատրված Ալեքսանդր Վիննիկի և Մաքսիմ Մարչենկոյի հետ, ով ազատազրկվել է Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար։

Փետրվարին ամերիկացի լրագրողին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսել էր փոխանակման հնարավոր պատրաստակամության մասին։

Նա ակնկարկել էր, որ պատրաստ է Գերմանիայում ցմահ դատապարտված Անվտանգության դաշնային ծառայության ենթադրյալ սպա Վադիմ Կրասիկովին փոխանակել Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի հետ, որին Ռուսաստանում վերջերս 16 տարվա ազատազրկման դատապարտեցին՝ լրտեսության մեղադրանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը պատրաստ է Գերշկովիչին փոխանակել Կրասիկովի հետ

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ, Գերշկովիչն այսօր կարող է ԱՄՆ վերադառնալ բանտարկյալների փոխանակման շրջանակներում։

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը հույս է հայտնել, որ անարդարացիորեն կալանավորված բոլոր քաղբանտարկյալները, մասնավորապես, «Ալսուի (Ռուսաստանի դատարանի կողմից 6.5 տարվա ազատազրկման դատապարտված «Ազատության» լրագրող Ալուս Կուրմաշևա) և Էվանի նման լրագրողները կվերադառնան իրենց սիրելիների մոտ»՝ շեշտելով՝ «լրագրությունը հանցագործություն չէ»։

Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի անարդարացիորեն ճաղերի հետևում գտնվող մյուս երեք լրագրողներին, երկուսը՝ Բելառուսում, մեկը՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող Ղրիմում, Կապուսն ընդգծել է․ - «Դուք մոռացված չեք։ «Ազատություն» ռադիոկայանը կանի իրենց կախված հնարավորը` ձեր ազատ արձակումը և ընտանիքների հետ վերամիավորումն ապահովելու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արդարադատության ծաղր». Վաշինգտոնը Մոսկվայից պահանջում է ազատ արձակել լրագրող Ալսու Կուրմաշևային