Չնայած կառավարության անդամների պնդումներին, թե Տավուշում մարդիկ սեփականության վկայականներ են ստացել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա», և տեղի ունեցածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կտան իրավապահները, Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնել են՝ Կիրանցում իրավունքի պետական գրանցումների մասով այս պահին քրեական վարույթ նախաձեռնված չէ: Թե ինչո՞ւ, չեն պարզաբանել։
«Եթե Չեմ սխալվում համապատասխան գրությունով ուղարկվել է դատախազությանը, որպեսզի պարզեն եղելությունը այդ քարտեզների հետ կապված», - այս հայտարարությունը վարչապետի աշխատակազմի ղեկավարն արել էր ուղիղ մեկ ամիս առաջ։ Այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը վարչապետի աշխատակազմից այդպես էլ չհստակեցրին՝ ի վերջո դատախազություն գրություն ուղարկե՞լ են:
Հատվածական սահմանազատումից հետո Ադրբեջանին անցած տարածքներում մոտ 6 տասնյակ հողակտորի դեպքում մարդիկ սեփականության վկայականներ ունեն: Կառավարությունը դրանք համարում է ադրբեջանական, բայց հիմնավոր բացատրություն, թե այդ դեպքում ինչպե՞ս են մարդիկ սեփականության վկայական ստացել, չունի: Այն, որ այս հարցի պատասխանը կտան իրավապահները, վստահեցնում էր Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ դարձյալ ուղիղ մեկ ամիս առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանին անցած տարածքները ներառված էին Կիրանցի սահմաններում. Կադաստրի պետը պարզաբանում է վկայականների ստացման գործընթացը«Համապատասխան գործընթացների պարագայում բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ, թե եղել են սխալներ ո՞ւմ մեղավորությամբ, ի՞նչ գործընթացների հետևանքով, ի՞նչ գործընթացների բացթողնման պատճառով և այլն: Դրա վերաբերյալ հետագայում արդեն կինֆորմացվեք», - ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Կասկածի տակ դնելով իր ղեկավարած կառույցի գործողությունների իրավաչափությունը՝ Սուրեն Թովմասյանը մինչև իրավապահների հնարավոր բացահայտումներն էլ պնդում էր, թե սեփական իրավունքի գրանցման գործընթացում սխալներ են եղել: Եթե քրեական վարույթ նախաձեռնված չէ, նշանակում է՝ որևէ ապօրինություն տեղի չի ունեցել, կարծում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանը:
«Քրեական գործ կարող է հարուցվել մի դեպքում, երբ կա Քրեական օրենսգրքով արգելված արարք, այսինքն, կադաստրի վկայականը տրվել է, օրինակ, որևէ օրենքի խախտմամբ՝ կա դիտավորություն, անփութություն, ինչ-որ մի տարբերակ, որով Քրեական օրենսգրքով կլինի այդ հետապնդումը: Եթե չկա այդ հետապնդումը, նշանակում է, որ վկայականները, որոնք տրվել են քաղաքացիներին, օրինական են ու որևէ խնդիր չկա դրանց տրման հետ կապված», - ասաց Մարուքյանը:
Իսկ ուսումնասիրություն իրականացվել է, թե՝ ոչ, Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցից չեն մեկնաբանում: Եթե գործադիրի անդամները վկայականները տրամադրելու գործընթացը «ոչ ճշգրիտ են» գնահատում, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ավելի քան մեկ ամիս առաջ առհասարակ դրանց բացակայության մասին էր փաստում:
«Բոլոր այն դեպքերում, երբ եղել է սեփականության վկայագիր, մենք գնացել ենք բարձրացնելու սեփականության վկայագրերի իրավական հիմքերը, որովհետև մեզ համար էլ հարց է եղել՝ ոնց կարող էր այդպես պատահել: Այս պահի դրությամբ դեռևս էդ իրավական հիմքերը մենք չենք գտնում», - ասել է Փաշինյանը:
Էդմոն Մարուքյանը նշեց. - «Փորձել գնալով տեսնում ես հիմքը որն է և այդ հիմքը, հիմա կարող է չեն ուզում ասել, որ այդ հիմքում կա քարտեզ, որով համարվել է Հայաստան, հիմա մենք գնացել ենք, արել ենք մի քարտեզով, որով սարքել ենք Ադրբեջան»:
Կիրանցում գույքը կորցրած բնակիչների փոխհատուցումն այժմ իրականացվում է կառավարության գաղտնի որոշմամբ: Հայտնի չէ նաև, թե համայնքից քանի բնակիչ է ստացել փոխհատուցումը, քանիսը՝ հրաժարվել: Էդմոն Մարուքյանն առհասարակ այս գործընթացը չի համարում փոխհատուցում, ասում է՝ օրենքով սահմանված ընթացակարգերը չեն գործում։ Ուստի, կարծում է, առաջիկայում կառավարության առաջարկած գումարից հրաժարվածները կարող են ՄԻԵԴ հայցեր ներկայացնել:
«Ինչ-որ մարդիկ ասում են, որ մենք չենք ուզում այս գումարները և բողոքում ենք, այս մարդիկ կարող են շարունակել իրենց բողոքն ու Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական համակարգում վիճարկել: Այն սպառելուց հետո նրանք կարող են բողոքները հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - ասաց ԼՀԿ նախագահը:
Հայցերն, ըստ Մարուքյանի, կարող են ներկայացվել թե՛ ընդդեմ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի: Այս պահին Կիրանցի որևէ բնակիչ հրապարակավ չի հայտարարել իրավական ճանապարհով շարժվելու մասին: