Ուկրաինական ուղղափառ եկեղեցու (ՈՒՈՒԵ) միտրոպոլիտ Իոնաֆանը, ով անցած տարվա օգոստոսին հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը սատարելու համար, ազատ է արձակվել և ուղարկվել Մոսկվա՝ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջամտությունից հետո:
Նախկինում որպես Մոսկվայի Պատրիարքության Ուկրաինական ուղղափառ եկեղեցի հայտնի ՈՒՈՒԵ միտրոպոլիտին վերաբերող այս տեղեկատատվությունը հրապարակել է Ռուս ուղղափառ եկեղեցին երեկ:
Ուկրաինայի (ոչ Ուկրաինական. - խմբ.) ուղղափառ եկեղեցին Ռուս ուղղափառ եկեղեցուց անկախացել է 2019 թվականին: 2022-ի փետրվարին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո Կիևի իշխանությունները Մոսկվայի Պատրիարքության Ուկրաինական ուղղափառ եկեղեցու մի շարք հոգևորականների մեղադրեցին պատերազմում Մոսկվային սատարելու մեջ:
Վիննիցայի դատարանը միտրոպոլիտ Իոնաֆանին դատապարտել էր չորս հոդվածներով, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի, սահմանադրական կարգի դեմ գործողությունների և քաղաքացիների իրավունքները միտումնավոր ոտնահարելու մեղադրանքներով: Նա Ուկրաինական ուղղափառ եկեղեցու առաջին գործող թեմակալ առաջնորդն է, որ դատապարտվել է պատերազմի կապակցությամբ:
Իոնաֆանը տնային կալանքի տակ էր դատավճիռը գանգատարկելուց հետո և, ըստ հաղորդումների, անազատության մեջ կաթված էր տարել:
Ուկրաինական ուղղափառ եկեղեցին հաղորդել է, որ միտրոպոլիտը կորցրել է Ուկրաինայի քաղաքացիությունը և «շուտով կժամանի Մոսկվա», առանց նրա ազատ արձակման մանրամասներ հրապարակելու: