Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է Ռուսաստանի աջակցությամբ, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ընդգծելով, որ այդ երկաթգիծը Հայաստան կենսական նշանակության ապրանքների մատակարարման հիմնական ուղին է՝ Օվերչուկն ասել է, թե տրանսպորտային այդ կապի խաթարումը կարող էր լուրջ բացասական հետևանքներ ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու հարցում։
«Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Ռուսաստանն օգնության ձեռք մեկնեց Հայաստանի ժողովրդին։ Ռուս մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ աշխատել են շուրջօրյա՝ վերականգնելու բնական աղետի հետևանքով վնասված հատվածը»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ շեշտելով, որ երկաթուղու վերականգնումն իրականացվել է ռեկորդային կարճ ժամանակում։
«Հունիսի 14-ին վերականգնված ճանապարհով առաջին փորձնական գնացքն անցավ, ինչը սպասվածից մեկ շաբաթ շուտ էր։ Վրաստանի հետ երկաթուղային կապն ապաշրջափակված է»,- եզրափակել է Օվերչուկը։
Հայաստանի երկաթուղին կառավարում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն կառավարման ժամկետը 30 տարի է ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը հեղեղից հետո հայտարարել էր, որ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները։
Նշելով, որ Ռուսաստանը դրա համար ֆինանսական միջոցներ է հատկացրել՝ Մատվեևն ասել էր, որ ռուսաստանցի մասնագետներն ամեն ինչ կանեն՝ հնարավորինս արարգ վերականգնելու Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ։
Երեկ Լոռու մարզպետի աշխատակազմը տեղեկացրեց, որ աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը՝ բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։
Մայիսի լույս 26-ի գիշերը Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ դարձան Լոռու և Տավուշի մարզերում։ Փլուզվել էին ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Հաղորդվեց 4 զոհի մասին։
Հեղեղի հետևանքում 8 տեղում վնասվել էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գծերը, 4 էլեկտրակայան էր հեղեղվել, մինչև 40 սյուն գետը քշել, տարել էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հույս ունենք սեղմ ժամկետներում վերականգնել երկաթուղու աշխատանքը. մարզպետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար Հայաստանը միջազգային աջակցություն է ակնկալում