Ուղեղի ցնցմամբ և այլ վնասվածքներով երեկ հիվանդանոց տեղափոխված «Ջենեսիս Արմենիա» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ երեկ Բաղրամյան պողոտայում իրեն ծեծի են ենթարկել կարմիր բերետավորները, հետո տեսախցիկների աջևից հեռացրել են իրեն ու շարունակել անկանոն հարվածներ հասցնել, մարմնի տարբեր մասերին ու դեմքին: Պնդում է՝ այդ ընթացքում չգիտի ովքեր, վզից պոկել են ոսկե շղթան, հեռախոսն ու դրամապանակը։ Վերադարձրել են միայն դրամապանակը։
«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկ Լիպարիտ Կարապետյանն ասաց՝ Գասպարյանը դեռ մի քանի օր էլ կմնա հոսպիտալացված. - «Մարմնի տարբեր հատվածների սալջարդ, ուղեղի ցնցում, կողոսկրերի կոտրվածք ախտորեշմամբ, այս պահին վիճակը գնահատվում է միջին ծանրության, հիվանդը գտնվում է վերահսկողության ներքո, կարծում եմ, 1-2 օր ևս կգտնվի հիվանդանոցում, մնացածը արդեն հետագայում կհասկանանք»:
Ընդհանուր առմամբ, Ազգային ժողովի շենքի մոտ երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո հիվանդանոցներ է դիմել 101 քաղաքացի, նրանցից 18-ը ոստիկաններ են եղել, որոնք արդեն դուրս են գրվել: Ոչ առողջապահության, ոչ էլ Ներքին գործերի նախարարությունները չեն հստակեցնում՝ կոնկրետ ի՞նչ վնասվածքներ են ստացել ոստիկանները։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ հիվանդանոցներում այս պահին բուժումը շարունակում է 9 քաղաքացի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Համաչա՞փ ու օրինակա՞ն էին ոստիկանական գործողությունները. իրավապաշտպանների գնահատականներըԴեռ հիվանդանոցում է նրանցից ամենածանր վնասվածքը ստացած քաղաքացին՝ երիտասարդ մի տղամարդ։ Կադրերում երևում է, թե ինչպես է նա գետնից վերցնում ոստիկանների արձակած հատուկ միջոցը, ինչն էլ հենց նրա ձեռքում պայթում է: «Արմենիա» ԲԿ տեղափոխված տղամարդու աջ ձեռքի 3 մատներն ամպուտացվել են: Տուժածն ու կինը հարժարվեցին հարցազրույցից: Հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյան ասաց է՝ տղամարդու վիճակը գնահատվում է բավարար:
«Մաքսիմալ փորձել ենք պահպանել աջ դաստակի մատները, լրիվ ամպուտացված է երրորդ մատը, որը չկա, բավականին վնասումներ ունեն երկրորդ, երրորդ և հինգերորդ մատները: Իր ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար», - ասաց Կուրղինյանը:
«Արմենիա» ԲԿ-ում այս պահին բուժվող տուժածներից երկուսն «Ազատությանն» ասացին՝ հատուկ միջոցներ կիրառելու մասին ոստիկանների զգուշացում չեն լսել, եթե լսեին, ավելի զգոն կլինեին։ Նրանք երկուսն էլ ոտքերի վնասվածքներ ունեին:
ՆԳՆ-ից փոխանցեցին, որ երեկվա դեպքերով ծառայողական 2 քննություն է նշանակված և երկու ուսումնասիրություն: Արդյոք ուսումնասիրում են նաև Աբրահամ Գասպարյանի դաժան ծեծի մասին հայտարարությունը, չմանրամասնեցին։