Արքեպիսկոպոս Աջապահյանը գերագույն հոգևոր խորհրդի ժողովից դուրս եկավ։ Խնդրեցինք արձագանքել իշխանականների մեղադրանքներին, թե երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն կաթողիկոսն է։
«Հիմարություն է», - ասաց Աջապահյանը:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պնդում է՝ Վեհափառը միշտ ու միայն հանգստացնում է։ Հենց իրեն հանդարտեցրեց, երբ փորձում էր կտրուկ գործողության դիմել Վեհափառի մուտքը Սարդարապատ ոստիկանների կողմից խոչընդոտելուց հետո:
«Ես պատրաստ եմ եղել ամենակտրուկ գործողություններին, ինչ ուզում ես երևակայի, ինչ ուզում ես մտքովդ անցկացրու, որ հայ տղամարդը կարող է անել, մենք էլ ենք հայ տղամարդ, կապ չունի որ սքեմ ենք հագել», - նշեց նա:
Արքեպիսկոպոս Կճոյանը իշխանականների մեղադրանքներին անդրադառնալ չցանկացավ։ Միայն այն ասաց, որ Մայր Աթոռն այդ շարժումը ղեկավարողը չէ. - «Դա Բագրատ սրբազանի շարժումն է»:
Մայիս 12-ի հանրահավաքում և դրանից էլ առաջ ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր՝ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Վեհափառի օրհնությամբ։ Հոգևոր ծառայությունը սառեցնելուց առաջ է խոսել վեհափառի օրհնանքի մասին, հիշեցնում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանները պնդում են՝ անազատության մեջ գտնվողները կապ չունեն «զանգվածային անկարգության» մեղադրանքի հետ«Գործունեության սառեցումից հետո Վեհափառի անունը հնչե՞լ է երբևիցե, ոչ», - ասաց Աջապահյանը:
Իշխանության ներկայացուցիչները մինչդեռ հարցնում են՝ Վեհափառը քնելո՞ւ է բախումներ օրհնելուց հետո:
«Ո՞նց կարող է կաթողիկոսն այս բանն օրհնել և ո՞նց կարող է կաթողիկոսն այս բանը ղեկավարել ու ի՞նչ է անելու այսքանից հետո, ո՞նց է քնելու», - նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարն
Եսայի քահանա Արթենյանն էլ նշեց. - «Մայր Աթոռը, եկեղեցին որևէ առնչություն չունեն այս հավաքների կազմակերպման աշխատանքների հետ և շարժման հետ, շարժման կազմակերպչական աշխատանքների հետ: Բոլոր նման ստահոդ ու անհիմն հայտարարությունները, որ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս օրերին հնչում են, ընդամենը իրենց ապազգային գործունեությունը և հակաեկեղեցական գործունեությունը հաղթահարելու միջոց է»:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը շեշտում է՝ Բագրատ արքեպիսկոպոսի եկեղեցական գործունեությունը սառեցված է, այլ հոգևորականներ մասնակցում են հավաքներին, բայց ըստ քահանայի՝ միայն բախումներ թույլ չտալու համար։ Ի դեպ՝ երկու հոգևորական է երեկվա բախումներից տուժել, իսկ Հաղարծինի հայր սուրբը ձերբակալված է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավաչափ ո՞ւժ, թե՞ ոստիկանական բռնություններ. իշխանությունն ու ընդդիմությունը տրամագծորեն հակառակ կերպ են մեկնաբանումԷջմիածնում այսօր Գերագույն հոգևոր խորհրդի եռօրյա ժողովն է ավարտվել՝ իշխանություններին դատապարտող հայտարարությամբ. - Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։ Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից»։
Ժողովականները նաև ցուցարարներին են կոչ անում՝ «գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ»։ Հոգևորականները քաղաքական երկխոսության ակնկալիք ունեն, գրել են՝ վտանգաշատ կացությունը կարոտ է արժանապատիվ հանգուցալուծումների։ Ամենողորմ տիրոջից համերաշխություն ու միասնականություն են խնդրում, բայց եկեղեցի-իշխանություն հարաբերություններում հույս կարծես թե արդեն չկա։ 4-րդ տարին է՝ հակամարտությունը միայն խորանում է։
Ի՞նչ քայլեր կձեռնարկվեն եկեղեցու դեմ. արդեն իսկ հարկային արտոնությունները վերանայելու հարցն են քննարկում իշխանականները:
«Կարող ենք ենթադրել, որ կարող են շատ հեռու գնալ», - ասաց Եսայի քահանան:
Որքա՞ն հեռու կգնան, քահանան չգիտի, Աստված գիտի։