37-տոննանոց գազի ցիստեռնի պայթյունից 7 քաղաքացի է տուժել։ Նրանցից մեկը՝ թեթև այրվածքներով, արդեն տուն է գնացել, 6-ը Այրվածքաբանության ազգային կենտրոնում են՝ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր:
«Բաժանմունքում գտնվող բուժառուների մոտ ծանրության աստիճանը` մոտավորապես 20-25 տոկոս մակերես այրվածքի և մոտավորապես երկրորդ աստիճանի խորություն: Ռեանիմացիայում գտնվող բուժառուների մոտ ունենք 60 տոկոս այրվածք, այդ թվում նաև՝ թոքային հյուսվածքի վնասում, և ունենք երրորդ-չորրորդ աստիճանի, այսինքն՝ անգամ ածխացման նշաններ կան, իսկ դա հետագա որոշակի գործողություններ է պահանջում, ծայրահեղ ծանր են, հիմա կյանքի պայքար է գնում», - «Ազատությանն» ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:
Այրվածքաբանական կենտրոնի տնօրենի խոսքով՝ առայժմ հնարավոր չէ որևէ կանխատեսում անել, գազային այրվածքների դեպքում թոքի հյուսվածքների վնասումը վտանգավոր է, օրգանիզմի թունավորումը 5-10-րդ օրն է իր առավելագույն աստիճանին հասնում, պետք է սպասել. - «Թե՛ Ստեփանակերտի դեպքերը մեզ դա ցույց տվեցին, թե՛ ընթացիկ մեր աշխատանքը ցույց է տալիս, որ այդ օրերը մենք միշտ ակնկալում ենք պացիենտի վիճակի վատացում»:
Այրվածքները մարմնի տարբեր մասերում են՝ նայած թե բոցից ինչ դիրքով ու հեռավորությամբ են եղել՝ դեմք, ուսագոտի, վերջույթներ։ Ծայրահեղ ծանր վիճակում են 33-ամյա Գևորգ Չերքեզյանն ու 44-ամյա Կարապետ Սիմոնյանը, Գևորգի կինն է երկուսին էլ մի պատահական մեքենայով տեղափոխել Երևան. - «Անծանոթ մեքենա, մոտեցել օգնություն է առաջարկել, երկուսին ուզել ուզել եմ միանգամից այստեղ բերել չեմ կարողացել՝ վատ էին վիճակները, արդեն շոկի մեջ էին հայտնվում, տարել եմ Մասիվի Լուսավորիչ հիվանդանոցում առաջին բուժօգնություն են ցույց տվել, այնտեղից տեղափոխել եմ այստեղ»:
Կինն ինքն էլ վեց տուժողներից մեկն է՝ ձեռքերը վիրակապերի մեջ, բայց անհանգստությունը ամուսինն է՝ գիշերվանից ուզում է մտնել վերակենդանացման բաժանմունք. - «Գոնե իրեն մոտենամ, ասեմ, որ բոլորս լավ ենք, ընտանիքը նորմալ է, ոչ մեկիս բան չի եղել: Ինքը հիմնականում այդ ընթացքում երեխեքից էր հարցնում ու տան անդամներից»:
Ընտանիքով լցակայանի մոտ մեծածախ առևտրի կետ ունեին՝ պայթյունի պահին այդտեղ են եղել, ամուսինը՝ հենց բռնկման տեղանքում:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Կարապետը գազ մատակարարող ավտոցիստեռնի վարորդն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պայթյունից տուժածներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ ԱՆՊայթյուն Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում. կան տուժածներ