Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանի երեկվա պայթյունի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ երկու կամ ավելի անձանց առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը, պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները խախտելը, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, ծառայությունների մատուցումը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք։
Կոմիտեն նշում է, որ գործողություններ են ձեռնարկվում պայթյունի պատճառը և բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Ըստ ՔԿ-ի՝ վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 2, իսկ «Աբովյան» ԲԿ՝ 5 անձ։
Ներքին գործերի նախարարությունն այսօր հաղորդել է, որ նախնական տվյալներով զոհեր չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը։