«Սա քրեական վարույթն է, որից մաս է անջատվել և ուղարկվել է դատարան՝ այսպես կոչված նոր կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ քննված քրեական վարույթի մայր վարույթն է», - ասում է գործը քննող քննիչ Հովհաննես Հարությունյանը:
104 հատորը շուրջ երկու տարի քննված «քովիդի գործի» մի մասն է: Այն արդեն դատարան է ուղարկվել: Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է՝ «Մեդլայն» կլինիկայի սեփականատեր Բաբկեն Շահումյանը համավարակի օրերին կեղծել է պացիենտների բժշկական պատմագրերն ու պետությունից շուրջ 263 մլն դրամ գրպանել:
Իրավապահների պնդմամբ՝ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, քավոր-սանիկական կապ ունենալով կլինկայի հիմնադրի հետ, պատշաճ վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել այդ ենթադրյալ չարաշահումը։
Ո՛չ Սիմոնյանը, ո՛չ էլ Շահումյանը չեն ընդունում այդ մեղադրանքը, երկուսն էլ քրեական գործի հարուցման պահից առ այսօր հրաժարվում են խոսել: Սիմոնյանի փաստաբանը, սակայն, պնդում է՝ շուտով, դատարանում կապացուցեն նախկին փոխնախարարի անմեղությունը: Էմին Խաչատրյանն ասաց՝ իր վստահորդը հսկողական, վերահսկողական գործառույթներ չի ունեցել՝ միայն համակարգել է. - «Հենց Հակակոռուպցիոն կոմիտեն է մեզ ասում, որ մեզ չարաշահման արդյունքում գումարների հոսք դեպի մեզ չի մեղսագրվում: Ստացվում է՝ մի հատ անտրամաբանական շղթա են ուզում կառուցել, թե իբր պարոն Սիմոնյանը իր լիազորությունները չարաշահել է, որպեսզի ոմանք, ենթադրաբար եմ ասում՝ բոլորի անմեղության կանխավարկածը, իհարկե, հարգելով, որպեսզի ոմանք մեծ գումարներ ձեռք բերեն դրա արդյունքում ապօրինի ճանապարհով»:
Գործը քննող քննիչ Հովհաննես Հարությունյանն «Ազատությանն» ասաց՝ քննության ընթացքում պարզել են՝ եղել են հիվանդներ, որոնք գրանցված են եղել որպես ռեանիմացիայի պացիենտ, բայց բուժումը ստացել են ստացիոնար պալատներում. - «Բաբկեն Շահումյանը պացիենտների բուժման կազմակերպչական աշխատանքներ փաստացի իրականացնող աշխատակից Լիլյա Հակոբյանին հայտնում է, որ վերջինս կազմակերպի՝ թերապևտիկ բաժանմունքում բուժում ստացող պացիենտների հիվանդության պատմագրերում գրառումներ կատարեն, թե իբրև վերջիններս բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում: Որոշակի քանակության օրերից հետո, թերապևտիկ բաժանմունքում բուժում ստանալուց հետո գրառումներ կատարվեն, թե իբրև պացիենտները տեղափոխվեցին վերակենդանացման բաժանմունք, մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում պահելուց հետո կրկին գրառումներ կատարեն, իբրև տեղափոխվեցին թերապևտիկ բաժանմունք»:
Քննիչի խոսքով՝ «Մեդլայն»-ի աշխատակիցը հարցաքննության ժամանակ պատմել է, թե ինքը կլինիկայի հիմնադրին ասել է, որ այդ հանձնարարությունը կարող է վտանգավոր լինել. - «Լիլյա Հակոբյանը իր մտահոգությունն է հայտնել, որ նախկինում նմանատիպ դեպքի համար դուրսգրման տրիաժ խումբը հայտնաբերել է նմանատիպ դեպք, և միգուցե առաջանան խնդիրներ: Բաբկեն Շահումյանը հայտնել է, որ դուրսգրման տրիաժ խմբի, ինչպես նաև առհասարակ կորոնավիրուսային հիվանդության սպասարկման նկատմամբ համակարգումը դրված է իր մտերիմ Գևորգ Սիմոնյանի վրա, կարող է ինքը անհոգ լինել, և հորդորել է կատարել իր հրահանգը»:
«Մեդլայն»-ի հիմնադիր Բաբկեն Շահումյանի փաստաբան Արմեն Թևանյանը համարում է, որ այս քրեական գործն իրավաբանության հետ կապ չունի, իսկ եթե դատարանում քննվի միայն իրավական հիմքով, այլ ոչ թե քաղաքական ենթատեքստով, ապա շանսերը մեծ են, որ իր վստահորդի անմեղությունն ապացուցվի: Թե քաղաքական ինչ ենթատեքստի մասին է խոսում, ասաց՝ դատարանում կմանրամասնի։ Հարցնում է՝ «հիշո՞ւմ եք քովիդի օրերին ինչ էր կատարվում հիվանդանոցներում ...»:
«Եթե ֆինանսավորումը գալիս էր ութ օրվա, իններորդ օրը մարդիկ հանկարծակի սրացում էր լինում՝ մահանում էին, ու կարգի համաձայն՝ միայն իններորդ օրը պահելու համար պիտի ռեանիմացիա ձևակերպեին: Ի՞նչ պիտի աներ բժիշկը մարդկանց կյանքը փրկելու համար, ինձ կարա՞ք էդ տրամաբանորեն բացատրեք: Եթե Բաբկեն Շահումյանը մեղադրվում է գումար հափշտակելու մեջ, բա էդ գումարից որ հարկ է մուծվել՝ հարկե՞րը բա ուր կորան, հափշտակածի մեջ է՞, թե՞ հափշտակածի մեջ չի», - նշեց Թևանյանը:
Այս գործի շրջանակում հարցաքննվել են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու գործողը՝ Անահիտ Ավանեսյանը: Թորոսյանը մինչ այս պահն էլ պնդում է, թե սա շինծու ու անլուրջ գործ է և որ Գևորգ Սիմոնյանը չի ունեցել այն գործառույթը, ինչը նրան իրավապահներն են վրեագրել: Քննիչ Հարությունյանը, մինչդեռ, համարում է, որ իրենց ապացույցները բավարար են մեղադրյալներին վերագրվող արարքները դատարանում հաստատելու համար։
Նախկին փոխնախարարը շուրջ մեկ ամիս, կլինիկայի հիմնադիրը՝ ավելի քան ութ ամիս մնացին կալանքի տակ: Հիմա բոլորն ազատության մեջ են: