Ուկրաինական ռազմական հետախուզությունը հայտնում է, որ այսօր օկուպացված Ղրիմի արևմտյան մասում ծովային հարվածային հեռահար սարքերով հարձակվել է ռուսական ռազմանավերի վրա։ Հայտարարվում է, որ ոչնչացվել է երկու դեսանտային նավ։
Չնայած հրապարակված տեսանյութերին՝ ռուսական կողմն այս տեղեկությունը դեռ չի հաստատում։ Կիևն, իր հերթին, հաղորդում է, թե այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերը թիրախավորել են ուկրաինական ինը շրջանների ենթակառուցվածքներ ու խաղաղ բնակավայրերը, Խարկովում վնասվել է գազատարը, հրհեհ է բռնկվել, կան վիրավորներ։
Չդադարող այս հրթիռակոծությունների ֆոնին Ուկրաինայի իշխանությունը դաշնակիցներին հորդորում է թույլ տալ, որ բանակն արևմտյան զենքն օգտագործի նաև Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախների հարվածելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության արտգործնախարարն ու մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել են, որ Կիևը նման հարվածների իրավունք ունի։ Նախօրեին դա չի բացառել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ փաստացի արձանագրելով, որ ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի վերանայել այդ արգելանքը։
«Մենք չենք խրախուսել կամ թույլ չենք տվել Ուկրաինային հարվածել մեր զենքով իր սահմաններից դուրս, բայց Ուկրաինան, ինչպես ես նախկինում ասել եմ, արդյունավետ պաշտպանվելու լավագույն միջոցի վերաբերյալ պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի։ Մենք ուզում ենք համոզվել, որ Ուկրաինան ունի այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են դա անելու համար: Բացի այդ, քանի որ պայմանները փոխվել են, քանի որ փոխվել է մարտադաշտը, փոխվել է այն, ինչ անում է Ռուսաստանը՝ իր ագրեսիան, էսկալացիան իրականացնելու առումով, մենք նույնպես հարմարվել և հարմարվելու ենք», - ասել է նա։
Կրեմլի խոսնակը շտապել է արձագանքել, թե այս քայլով ՆԱՏՕ-ի երկրները դրդում են Կիևին շարունակել, իր խոսքով, անիմաստ պատերազմը։ Դմիտրի Պեսկովն այս անգամ էլ չի հստակեցրել՝ ով է այդ պատերազմը սկսել ու շարունակում մինչև հիմա. - «Նրանք ամեն կերպ հրահրում են Ուկրաինային շարունակել այս անիմաստ պատերազմը։ Նրանք մտադիր են շարունակել պատերազմը մեզ հետ՝ պատերազմ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Այս ամենն, իհարկե, անխուսափելիորեն կունենա իր հետևանքները։ Իսկ դա, ի վերջո, մեծ վնաս կհասցնի լարվածության աճի ուղին բռնած երկրների շահերին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան կարող է հաղթել ՆԱՏՕ-ի կողմից ամուր աջակցությամբ. Ստոլտենբերգ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են շարունակել պատերազմը, և դա նրանց սպառնում է լուրջ հետևանքներով. ՊեսկովՄոսկվայում քննադատում են նաև Ուկրաինային հավելյալ զենք մատակարարելու՝ արևմտյան դաշնակիցների որոշումները։ Մասնավորապես, խոսելով մոտ ապագայում մատակարարվելիք ամերիկյան F16 կործանիչների մասին՝ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր կրկին պնդել է, թե Մոսկվան դա կդիտարկի որպես միջուկային ոլորտի սպառնալիք։
«F-16 կործանիչները երկար ժամանակ եղել են առաքման հիմնական միջոցը, այսպես կոչված, ՆԱՏՕ-ի համատեղ առաքելությունների շրջանակներում, հետևաբար մենք չենք կարող չդիտարկել այդ համակարգերի մատակարարումը Կիևի ռեժիմին որպես ՆԱՏՕ-ի կողմից կանխամտածված ազդանշանային գործողություն միջուկային ոլորտում։ Նրանք փորձում են մեզ հասկացնել, որ Ուկրաինայում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են բառացիորեն ամեն ինչի», - նշել է նա։
Միաժամանակ Սերգեյ Լավրովը կրկին հայտարարել է, որ F-16 մարտական կործանիչների մատակարարումը չի փոխի իրավիճակը մարտի դաշտում։ Արևմուտքը, սակայն, հակառակն է պնդում։ Բլինքենը երեկ, մասնավորապես, ասել է, թե ուկրաինական բանակը նաև ամերիկյան նոր զենքի շնորհիվ կարողացել է կանգնեցնել ռուսներին Խարկովի ճակատում և տապալել քաղաքը գրավելու ռուսների պլանները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում F-16-ները կոչնչացվեն այնպես, ինչպես ոչնչացվում է արևմտյան այլ տեխնիկան. ԼավրովՌուսները, սակայն, առաջխաղացման ծրագրերից չեն հրաժարվել և շարունակում են ուժեր կուտակել Խարկովի մարզի հյուսիսում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին միաժամանակ հայտնել է, որ հակառակորդը դեռևս չունի բավարար զորք՝ այդ տարածքում մեծ առաջխաղացում իրականացնելու համար։
Խարկովի մարզի հյուսիսարևելյան հատվածում ռուսական ուժերը հարձակում են սկսել մայիսի 10-ից՝ նոր ճակատ բացելով պատերազմում, որ շարունակվում է արդեն 27 ամիս: