Մատչելիության հղումներ

Պուտինը վախենում է Ուկրաինայի նախաձեռնած Խաղաղության գագաթնաժողովից և փորձում է խոչընդոտել. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Պուտինը վախենում է Ուկրաինայի նախաձեռնած Խաղաղության գագաթնաժողովից և փորձում է խոչընդոտել դրա անցկացմանը, Բելգիայում այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սա Ուկրաինայի նախաձեռնած արդեն հինգերորդ հանդիպումն է՝ Ռուսաստանի սկսած պատերազմին արձագանքելու հարցով, որին, ակնկալվում է, կմասնակցեն ավելի քան հարյուր երկրների պաշտոնյաներ։

Համաժողովը տեղի կունենա հունիսի 15-ին Շվեյցարիայում։ Ռուսաստանը մասնակցելու հրավեր չի ստացել, փոխարենը Կիևն ուզում է, որ գագաթնաժողովին ներկա լինեն Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջնորդները։

«Ես շատ կուզենայի, որ նախագահ Բայդենն անձամբ ներկա լիներ Խաղաղության գագաթնաժողովին, և ես գիտեմ, որ Ամերիկան աջակցում է գագաթնաժողովին, բայց չգիտենք, թե ինչ մակարդակով։ Կարծում եմ, որ Խաղաղության գագաթնաժողովը նախագահ Բայդենի կարիքն ունի: Նրա բացակայությունը միայն կուրախացնի Պուտինին», - ասել է Զելենսկին։

Բելգիան Ուկրաինային առնվազն 977 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի

Վլադիմիր Զելենսկին այսօր Բրյուսելում անվտանգության երկկողմ համաձայնագիր է ստորագրել, որով այս տարի Բելգիան Ուկրաինային առնվազն 977 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի։ Եվրոպական երկրների պաշտպանության նախարարներն էլ Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու արևմտյան զենքով Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու հնարավորությունը և դրա հետ կապված էսկալացիայի ռիսկերը։

Պատերազմի մեկնարկից ի վեր Կիևի դաշնակիցները շեշտում էին, թե Ուկրաինան մատակարարվող արևմտյան զենքը կարող է օգտագործել բացառապես սեփական տարածքում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը օրերս կոչ էր արել վերանայել այդ դիրքորոշումը։

Ռազմական կառույցի մի շարք անդամներ, այդ թվում՝ Լատվիայի նախագահը ևս այդ արգելքն անհիմն է համարում. - «Ես նախ սա կապում եմ մեր անվտանգության հետ, քանի որ եթե Ռուսաստանը հաղթի այս պատերազմում Ուկրաինային, ապա կշարունակի և կընդլայնի իր ագրեսիան։ Մենք չենք խոսում քաղաքացիական թիրախների մասին, մենք խոսում ենք բացառապես ռազմական թիրախների մասին»։

Միասնական դիրքորոշում, սակայն, ՆԱՏՕ-ում չկա, Գերմանիան և Իտալիան, օրինակ, վստահ են, որ արգելանքը հանելու դեպքում լարվածությունը Ռուսաստանի հետ կսրվի, և Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված կլինի ուղիղ առճակատման գնալ։ Բանավեճին մասնակցում է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարը, արդյունքների մասին, սակայն, դեռ չի հաղորդվել։

Ռուսաստանի նախագահն այսօր կրկին սպառնացել է՝ եթե Արևմուտքը վերացնի այդ արգելքը, Մոսկվան է՛լ ավելի կընդարձակի առաջխաղացումը Ուկրաինայի տարածքում՝ «սանիտարական գոտի» ստեղծելու համար։ Պուտինը նաև արձագանքել է հայտարարություններին, թե պետք է Ուկրաինա արևմտյան զինվորականներ ուղարկել։

«Եթե նրանք այնտեղ լինեն, կհայտնվեն մեր զինված ուժերի թիրախում, ես չեմ կարծում, որ դա լավ ու ճիշտ որոշում է։ Մենք, միևնույնն է, անելու ենք այն, ինչ ճիշտ ենք համարում՝ անկախ նրանից, թե ով է Ուկրաինայի տարածքում», - ասել է նա։

Ճակատում իրավիճակը մնում է լարված

Ճակատում իրավիճակը լարված է, ամենաթեժը Խարկովի մարզում է։ Ռուսական հետևակը, արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ, հասել է քաղաքից 77 կմ հեռավորության վրա գտնվող Վոլչանսկ քաղաք և քաղաքի մերձակայքում գտնվող Լիպցի գյուղի ծայրամասեր։ Կիևին այս պահին հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը, բայց դրա համար Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը ստիպված է եղել Խարկովի ուղղությամբ հավելյալ ուժեր կուտակել՝ ստորաբաժանումներ հավաքելով ճակատի մյուս հատվածներից։ Այս ֆոնին ռուսները ակտիվ գրոհում են Դոնեցկի ճակատում, առայժմ առանց լուրջ հաջողությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG