Պուտինի նախկին թիկնապահը՝ ՌԴ Պետխորհրդի քարտուղար

Ալեքսեյ Դյումինը Տուլայի նահանգապետի պաշտոնում, արխիվ

Ռուսաստանի նախագահն իր նախկին թիկնապահին՝ մինչև վերջերս Տուլայի մարզի նահանգապետի պաշտոնը զբաղեցրած Ալեքսեյ Դյումինին նշանակել է Պետական խորհրդի քարտուղար։ Այս կառույցը 2018 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո համարվում է ռուսական «իշխանական ուղղահայացի» կարևորագույն օղակը։

Ալեքսեյ Դյումինը մայիսի 14-ին ազատվել էր Տուլայի մարզի ղեկավարի պաշտոնից և նշանակվել նախագահի օգնական։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ նոր պաշտոնում Դյումինը կվերահսկի ռազմարդյունաբերական համալիրի և սպորտի հարցերը։

2000-ականներին նախ Պուտինի թիկնապահի, ապա համհարզի պաշտոնը զբաղեցրած Դյումինը համարվում է նախագահի ամենամտերիմ և հավատարիմ թիմակիցներից մեկը։ Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի հերոսի և գեներալ-գնդապետ կոչում է ստացել։

Պետխորհուրդը, որն այսօրվանից ղեկավարում է Դյումինը, որոշում է ռուսական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Խորհրդի կազմում են կառավարության ղեկավարը, Պետդումայի և Դաշնության խորհրդի նախագահները, նախագահի աշխատակազմի ղեկավարը, մարզերի ու խորհրդարանական կուսակցությունների ղեկավարները:

Քաղաքական վերլուծաբան Աբաս Գալյամովի կարծիքով՝ Դյումինի կարիերան մեծ վերելք է ապրել արդեն այն ժամանակ, երբ նա նշանակվել էր Պուտինի օգնականի պաշտոնում։ Դժվար է թերագնահատել մի պաշտոնյայի, ով պատերազմի ժամանակ վերահսկում է ռազմարդյունաբերական համալիրը:

«Պուտինը հավանաբար հասկացել է, որ չափազանց ուժեղացրել է զենքի արտադրությունը ղեկավարող Չեմեզովի թիմը՝ Մանտուրովին նշանակելով առաջին փոխվարչապետի պաշտոնում: Պուտինը որոշել է, որ ինչ-որ մեկը պետք է վերահսկի Չեմեզովի կլանը», - ասում է Գալյամովը:

Քաղաքագետը կարծում է, որ իշխանական բուրգում կարևոր տեղ զբաղեցնող Դյումինին Պետական խորհուրդ տեղափոխելով՝ Պուտինը հավանաբար որոշել է թուլացնել այսպես կոչված «բազեներին»՝ իր այն թիմակիցներին, ովքեր չեն ուզում կանգ առնել պատերազմում։

Մայիսի 7-ին իր հինգերորդ երդմնակալությունից հետո Պուտինը նոր կառավարություն ձևավորեց, որի կազմում չէ հիմնական «բազե» համարվող Նիկոլայ Պատրուշևը։ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Պատրուշևն այսօր ընդամենը Պուտինի օգնականն է ՝ նավաշինության հարցերով։

«Պուտինը հասկացել է, որ ցանկացած առիթով Արևմուտքի հետ էսկալացիայի գնացող ճանապարհը, որն առաջարկում են բազեները, այնքան էլ ճիշտ ճանապարհ չէ: Հավանաբար Պուտինը հասկանում է, որ «ամեն ինչ ճակատի համար, մնացածը կարևոր չէ» կարգախոսը վերջի վերջո երկիրը տանելու է փակուղի», - նշում է քաղաքագետը:

Գալյամովի գնահատմամբ՝ սա իհարկե չի նշանակում, թե վաղը Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը, և երկու տարուց ավելի տևող պատերազմը կդադարի։ Բայց ռազմավարական որոշումների որոշակի մասը մի փոքր ավելի խոհեմ կլինեն։

Ռուսական իշխանամետ մամուլն, ի դեպ, այս օրերին գրում է, թե ռուսական քաղաքական էլիտայում ամրապնդվել է կարծիքը, որ նախկին թիկնապահ Ալեքսեյ Դյումինը Ռուսաստանի նախագահի ժառանգորդն է՝ մի մարդ, ում Պուտինը կուզենա տեսնել իր պաշտոնում՝ իրենից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը նախկին թիկնապահին պետական խորհրդի քարտուղար է նշանակել