Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է՝ պարտքի պատճառով. նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան, արխիվ

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է, ինչպես «Արմենպրես»-ին պարզաբանել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պարտքի պատճառով:

«Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը», - ասել է նախարարը:

Երկու ամիս առաջ էլ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը արգելափակեց հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում: Ըստ հաղորդագրության՝ նման որոշման հիմքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կողմից արձանագրված շարունակական խախտումներն էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նախարարը չի բացառում Հայաստանում ռուսական հեռուստաալիքները եթերազրկելու հնարավորությունըՀՀ-ն կարող է դիտարկել ՌԴ-ի հետ համաձայնագրի միակողմանի խզելու տարբերակը. Մխիթար Հայրապետյան Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ումՀայկական եթերն առանց Կրեմլի հայտնի խոսափողի. Սոլովյովի հաղորդումներն արգելափակվեցին