Իրավապահներն այսօր մտել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի վարձակալած տուն, որտեղ նա ապրում է ծնողների, կնոջ ու երեք երեխաների հետ։ Շուրջ երկու ժամ խուզարկել են ու, ըստ ընտանիքի անդամների, հեռացել ձեռնունայն. - «Մեզ, մենակ մեզ, ուրիշ ոչ մի բան չգտան»: Քաղաքապետն ինքը տանը չէր։ Նրան ձերբակալելու որոշում արդեն կա։
«Քաղաքական հետապնդում է, ոնց որ բոլոր քաղաքապետները Արցախի, ոնց որ բոլոր պաշտոնյաները: Ու, կարծում եմ, կապված է հենց վաղվա կազմակերպվող համազգային շարժման հետ, այսինքն՝ փորձում են դեռ մեկուսացնել այն մարդկանց, ովքեր կարող են որոշակի... ում համար կամ հենց իր կողքը կարող են կանգնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանի կինը՝ Էռնա Ջավադյանը:
Արցախցի երրորդ քաղաքապետն է վերջին երկու օրում իրավապահների թիրախում հայտնվում։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը երեք այլ անձանց հետ խոշոր չափերով խարդախություն է արել, կեղծ փաստաթղթեր պատրաստել։ Ավելի պարզ՝ Ստեփանակերտ համայնքին պատկանող 4 ավտոմեքենաները՝ երկու «Վազ-21», մի «Տոյոտա» ու մի «ՈՒԱԶ», որ ավելի քան 19 միլիոն արժեն, բերել են Հայաստան և այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ արել։ Նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասաց՝ գործի մանրամասներին չի ծանոթացել, հակաիրավական ոչինչ իր պաշտպանյալը չի արել:
«Ինչ որ արվել է, արվել է Ստեփանակերտից Հայաստան գալուց հետո որոշակի գույքը փրկելու համար: Ստացվում է՝ իրենց մեղքը կայանում է նրանում, որ հաջողվել է ինչ-որ մի բան բերեն», - «Ազատությանն» ասաց Հարությունյանը:
Ասկերանի քաղաքապետը, ըստ Քննչականի, համայնքի «Նիվա»ն հափշտակելու համար է կալանավորվել, Մարտակերտի համայնքապետը ձերբակալված է «Շևրոլե»-ի գործով։ Փաստաբան Հարությունյանը չի կասկածում՝ իրավապահներն արցախցի պաշտոնյաներին հիշել են ընդդիմության հավաքներին նրանց մասնակցության համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բագրատ սրբազանը պնդում է՝ ռեպրեսիաներ են իրականացվումՁերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը, Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկել ենԴատարանը 2 ամսով տնային կալանքի ենթարկեց Ասկերանի քաղաքապետին, թեև ՔԿ-ն բանտային կալանքի միջնորդություն էր ներկայացրել«Ես այսօր արդեն երկրորդ խուզարկությանն եմ մասնակցում: Առավոտյան նաև այլ անձանց տուն են գնացել՝ սրբազանին մոտ կանգնած մարդկանց բնակարաններ էին գնացել, հերթով փորձում են բոլորին ազատազրկման, կալանքի տանել, բոլորին ազատությունից զրկել: Պարզ է, չէ՞, ինչումն է խնդիրը՝ խնդիրը նրանում է, որ էդ մարդկանց մեկուսացնեն, մյուս արցախցի բնակիչների մոտ վախի մթնոլորտ ձևավորեն», - ասաց Հարությունյանը:
Քննչական կոմիտեից ասում են՝ հրապարակել են քրեական վարույթով ձեռք բերված և մեղադրանքի հիմքում ընկած փաստական տվյալները, որոնք, ըստ կոմիտեի, փաստաբանների անհիմն պնդումների հետ կապ չունեն։ Արցախի մեծ տեղահանումից անցել է ութ ամիս, մեքենաների հետ այս գործարքները հունվար-փետրվարին արդեն ավարտված են եղել, ինչո՞ւ են իրավապահները արքեպիսկոպոսի վաղվա հանրահավաքից առաջ հիշել այդ մասին՝ կոմիտեից չեն մեկնաբանում:
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն է հարցեր շարել արցախցի պաշտոնյաների նկատմամբ սկսված քրեական այս շղթայի վերաբերյալ. - «Ինչո՞ւ են ոստիկանությունում համայնքների ղեկավարներին խորհուրդ տվել և ընդունել, որ այդ մեխանիզմը կիրառեն՝ համայնքապատկան մեքենաների հաշվառման խնդիրը լուծելու համար, իսկ հիմա դա մեկնաբանում են որպես հանցագործություն: Կարո՞ղ է հանկարծ Հայաստանի ոստիկանությունը պատրաստ էր մեքենաները հաշվառել արցախյան համայնքների անունով. արդյո՞ք իրենք չեն ստիպել, որ մասնավոր անձանց անունով գրանցվեն մեքենաները»:
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդել է. - «Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ Հայաստանի լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել»:
Արդյո՞ք Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում են հուշել համայնքապատկան մեքենաների օտարման այս սխեման՝ Քննչական կոմիտեից ասում են՝ բոլոր հանգամանքները պարզ կդառնան քրեական վարույթի շրջանակում։